Թաքնված վտանգ՝ նախանձ

Մարդու նախանձությունն արտաքինից չի երևում, սակայն այն կա և թաքնված է շատերի սրտում:

Ծննդոց 4:4-8. Աբելն ու Կայենը զոհ են բերում Աստծուն, և Աստվածաշունչն ասում է, որ Աստված չընդունեց Կայենի զոհը, և Կայենը բարկացավ… Շարունակության մեջ կարդում ենք, որ Կայենը սպանեց Աբելին:

Պատճառը թաքնված մի բան է, որ անգամ գրված էլ չի, սակայն պարզ է. պատճառը նախանձն էր, որ ծնվել էր Կայենի սրտում:

«Բարկությունն անգութ է և ցասումը հեղեղասաստ. Բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին» (Առակաց 27.4): Կայենը չկարողացավ դեմ կանգնել նախանձին:

Նախանձի արդյունքն էր, որ եղբայրները վաճառեցին Հովսեփին (Ծննդոց 37): Աստված փրկեց Իսրայելացիներին Գողիաթից ու փղշտացիներից Դավիթի միջոցով, բոլորն ուրախ էին, բոլորը ցնծում էին, որովհետև նրանք փրկվել էին մեծ կործանումից, բոլորն ուրախ էին, բացի մեկից՝ Սավուղից (Ա Թագ. 18), մինչդեռ նա պիտի լիներ ամենաուրախը: Նրա սրտում ևս ծնվեց նախանձ, և նա որոշեց սպանել Դավիթին:

«Մարմնին կյանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտություն ոսկորներին» (Առակաց 14.30):

Անառակ որդու ավագ եղբայրը չկարողացավ ուրախանալ իր եղբոր գալուստով, պատճառը, դարձյալ, նախանձն էր:

Պատմությունները շատ են… Նախանձող մարդը վնասում է նախ և առաջ իրեն:

Մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում, երբ մեր մեջ նախանձ ենք զգում, սակայն այն շատ վտանգավոր է: Քայլում ես հողի կողքով ու տեսնում ես, որ ոչինչ չկա, քիչ անց հանկարծ տեսնում ես այնտեղ լցված է մոլախոտերով: Ինչո՞ւ, որովհետև սերմերը ցանված էին, բայց դրանք չէին երևում: Նախանձն է, որ կարող է հեռացնել երկու մտերիմ մարդկանց, խոչընդոտել մարդկանց հաղորդակցությանն ու շփմանը:

Չպետք է շփոթել նախանձն ու նախանձավորությունը: Վերջինը քաջալերում է նաև Աստված, որ նախանձավոր լինենք լավ բաների, լավ օրինակների (Ա Կորնթ. 14:12, Գաղ. 4:18): Դրա հիմքում չկա չարություն, այլ ձգտում՝ դեպի լավն ու օրինակելին:

 Մենք հաճախ ամաչում ենք խոստովանել ինքներս մեր առաջ, անգամ Աստծո առաջ, որ մեր մեր նախանձ ունենք:

«Որովհետև տակավին մարմնավոր եք. վասնզի տակավին նախանձ և կռիվ և բաժանումներ կան ձեզանում. Չէ՞ որ մարմնավոր եք և մարդկորէն եք վարվում» (Ա Կորնթացիս 3.3):

Նախանձը կարող է թունավորել քո միտքը, քո սիրտը, այն ինքն իրեն չի անցնի, մենք պետք է դեմ կանգնենք նախանձին: Ինչպե՞ս դեմ կանգնենք նախանձին՝ լցվելով Աստծո Խոսքով: Լցվիր Աստծո Խոսքով և բավարարվիր քո ունեցածով: Միայն գոհացող սիրտը կարող է դեմ կանգնել նախանձին: Եղիր մեկը, ով կուրախանա դիմացինի ուրախությամբ:

Կա ևս մեկ բան, որ լավագույն միջոցն է նախանձի դեմ, այն տալիս է վերջնական լուծումն այդ խնդրին. դա սերն է: Սերը չի նախանձում (Ա Կորնթացիս 13.4): Սիրող մարդը չի կարող նախանձել, ուստի հարցրու ինքդ քեզ՝ սիրո՞ւմ ես, թե՞ նախանձում:

Քաջալերում եմ, սիրելի քույրեր ու եղբայրներ, որ ուշադիր լինենք սատանայի այս թաքնված վտանգի նկատմամբ, և թույլ չտանք, որ այն ավերածություններ, կռիվներ ու խնդիրներ բերի մեր կյանքի մեջ:

Արթուր Աղեկյան