Ռուբիկ Թումանյան

Rubik-Tumanyan


Ո՞րն է ձեր կյանքի նպատակը

Իմ մասին կարող եմ ասել այն, որ կյանքիս նպատակն է հավատարմորեն ծառայել Աստծուն և Նրա ժողովրդին: Եվ արդեն մի քանի տասնամյակ է՝ ուիժերիս ներածին չափով ձգտում եմ հավատարիմ մնալ նպատակիս:

Կարո՞ղ եք հիշել Ձեր ապաշխարությունը. Ե՞րբ և ինչպես եղավ այն:

Կարծում եմ քրիստոնյայի կյանքը պետք է հագեցած լինի լուրջ ապաշխարություններով: Իսկ Հիսուս Քրիստոսին Իմ կյանքի Տեր և Փրկիչ եմ ընդունել մանուկ հասակում:

Շատերն այսօր ասում են, որ եկեղեցիները բաժանված են, չեն համագործակցում…Ինչպես կգնահատեք Հայաստանի Ավետարանական եկեղեցիների ներկայիս իրավիճակը, և ի՞նչ գնահատական կտաք ընդհանրապես Հայաստանի կրոնական իրադրությանը:

maxresdefault

Աստված յուրաքանչյուր մշակից պահանջում է լինել հավատարիմ իր ծառայության մեջ: Իսկ ծառայության արդյունքը չափվում է դրա բերած պտուղներով: Ես անձամբ ջանք եմ անում և սովորեցնում եմ նրանց, ում ծառայում եմ, որ մեր ծառայությունը Աստծուն որպես անհատներ և որպես եկեղեցի՝ լինի սիրո և միաբանության վրա խարսխված: Համագործակցությունը ինքնանպատակ չէ: Նպատակը միաբանությունն է: Մենք աղոթում ենք մեր երկրում բոլոր եկեղեցիների իրական միաբանության համար: Կարծում եմ այժմ մեր հայրենիքում, անկախ քաղաքական և սոցիալական իրավիճակից, ստեղծվում է բավական բարենպաստ միջավայր՝  քրիստոնեկանան, այդ թվում նաև Ավետարանական ընտանիքի եկեղեցիների միջև միաբանության և Աստծո գործի մեջ արդյունավետ ու պտղաբեր ծառայություն իրականացնելու համար:

Այսօր Դուք հանդիսանում եք Ավետարանական Եկեղեցիների միություններից մեկի նախագահը: Ներկայացրեք Ձեր միությունը , ի՞նչ եկեղեցիներ կան այդ կազմի մեջ, ի՞նչ գործունեություն եք իրականացնում:

Մեր Միաբանության մեջ են բազմաթիվ եկեղեցիներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից և Արցախից: Մենք մեկ գործունեություն ունենք. Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնի մի մասնիկ՝ շարունակել այն գործը, որ սկսեց մեր Տերը: Մենք փորձում ենք և՛ հոգևոր, և՛ ուղղակի իմաստով օգնել տկարներին, այցելել հիվանդներին, կերակրել սովածներին, ջուր տալ ծարավներին, բանտարկվածներին Տեր Հիսուսի բերած ազատությունը քարոզել և հասցնել Ավետարանի Բարի Լուրը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և ամեն հայի՝ լինի դա մեր հայրենիքում, թե արտերկրում:

Ի՞նչն է պակասում 21-րդ դարի քրիստոնյային:

Կարծում եմ՝ քսանմեկերորդ դարի քրիստոնյան շատ չի տարբերվում անցած դարի քրիստոնյաներից: Մարդկային բնույթը շատ չի փոխվել դարերի ընթացքում: Փոխվել է մեզ շրջապատող իրականությունը և փոխվել է արմատապես: Ահա այս նոր իրողությունների և անհատի հավատքին ուղղված մարտահրավերների պարագայում յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հստակ գիտակցի հոգևոր պատերազմի ողջ լրջությունն ու անողոքությունը: Մենք աղոթում ենք, որ քրիստոնյաները ունենան հստակ և Աստծուց տրված կոչում ու նպատակ և լինեն այդ նպատակին և կոչմանն ընծայված հավատացյալներ: Աղոթում ենք նաև, որ բոլոր քրիստոնյաները գիտակցեն, որ մեծ նպատակներին անհնար է միայնակ հասնել: Մարդիկ պետք է բավականաչափ խոնարհ լինեն նույն նպատակի նարդկանց հետ միաբանվելու համար: Եվ որ պակաս կարևոր չէ մեր օրերում, մերօրյա քրիստոնյան պետք է կարողանա հասկանալ ժամանակը: Հարմարավետության և զվարճանքների «պաշտամունքի»  մեր օրերում, ցավոք, շատ քրիստոնյաներ են ընկնում ժամանակի հանդեպ սխալ վերաբերմունքի թակարդը: Տեսիլք կամ նպատակ, միաբանվելու համար անհրաժեշտ որակներ և ժամանակի հանդեպ ճիշտ վերաբերմունք՝ ահա թե ինչ է պակասում մերօրյա քրիստոնյային:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ մարտահրավերներ կան այսօր Եկեղեցու առջև:

Աշխարհն այսօր անթաքույց կերպով իր պղծության քարոզչությամբ մուտք է գործում այնպիսի երկրներ, որտեղ դարեր շարունակ այդպիսի ազատ ելումուտ չի ունեցել: Եկեղեցին պետք է գիտակցի հոգևոր պատերազմի ողջ լրջությունը: Հարվածի տակ է ընտանիքի ինստիտուտը: Ազատականության անվան տակ պղծության մշակույթ է քարոզվում: Եկեղեցին պարզապես պետք է նոր եռանդով քարոզի սրբության մշակույթը: Իսկ քարոզելուց առաջ՝ նախ պետք է ապրի այդ մշակույթին համապատասխան: Աստված մեզ ողորմություն անի, որ այս դժվար, սակայն հնարավորությունների աննախադեպ առատությամբ լի մեր ժամանակներում արդյունավետ կերպով իրականացնենք  այն պատասխանատու և պատվավոր առաքելությունը, որ Աստված է տվել յուրաքանչյուրիս:

90-ական թթ. Հայաստանում արթնություն էր: Կա՞ արդյոք այսօր այդ հոգևոր արթնությունը:

Մենք սպասում ենք արթնության և աղոթում Հոգու նոր ու աննախադեպ ալիքի համար, որ գա ու ծածկի մեր երկիրը: Ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնել այդ հզոր ալիքի ճանապարհին: Մեր գործը դրան պատրաստվելն է: Պատրաստվել՝ հեզությամբ և խոնարհությամբ նմանվելով մեր  Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա նվիրումն ու ծառայության որակները զարգացնելով մեր մեջ: Մեր գործը քչի մեջ հավատարիմ լինելն է, իսկ թե ե՞րբ կգա արթնությունը՝ Աստծո ինքնիշխան կամքի դրսևորումն է որոշելու:

Ի՞նչ է աղանդը, և ովքե՞ր են աղանդավորները:

Այսօր մոդայիկ է դարձել աղանդների և աղանդավորների մասին խոսելը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է բավականաչափ տեղեկացված լինի այս հարցի շուրջ, որպեսզի թույլ չտա ոչ մի աշխարհիկ կամ հոգևոր անձնավորության մոլորեցնել իրենց թյուր ու անձնական կամ եկեղեցական շահերին հարմարեցված սահմանումներով: Աղանդը ճշմարիտ քրիստոնյայի համար այն կրոնական ուղղությունն է, որը կամ չի ընդունում աստվածաշնչյան ճշմարտություններն ու Աստվածաշնչի բացարձակ հոգևոր հեղինակույունը, և կա՛մ էլ ընդունում է, սակայն բավարար չհամարելով դրանք՝ այլ աղբյուրներից ավելացումներ կատարում, որոնք հակասում են Աստվածաշնչին: Ավելի պարզ ասած՝ Աստվածաշնչի վարդապետությունից շեղված կամ այն մերժող ցանկացած ուղղություն աղանդ է, իսկ այնտեղ հայտնված մարդիկ՝ աղանդավորներ: Ցավոք, այսօր շատերը ընդունում են այս սահմանումը՝ պարզապես <<Աստվածաշունչ>> կամ «աստվածաշնչյան վարդապետություն»  արտահայտությունների փոխարեն օգտագործում «մեր եկեղեցին» կամ «մեր կրոնական ուղղությունը» բառերը:

Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:

Հավատում եմ, որ «Սերմնացան» ամսագիրը ընթերցում են տարբեր հոգևոր հասակ ունեցող մարդիկ, ինչպես նաև նրանք, որոնք դեռ չեն ընդունել Տեր Հիսուսին որպես իրենց կյանքի Տեր և Փրկիչ: Վերջիններիս միայն մեկ մաղթանք և հորդոր ունեմ՝ մի՛ նայեք ոչ մեկին ու ոչ մի խանգարող հանգամանքների, այլ որքան հնարավոր է ամուր բռնեք հավատքի կյանքը: Իսկ բոլոր այն ընթերցողներին, ովքեր արդեն իսկ հավատքի կյանք են ապրում, մաղթում եմ, որ գտնեն Տիրոջ ուրախությամբ ու արդյունավետ ծառայելու ուղին և մինչև վերջ հավատարիմ մնան իրենց կոչումին:

Հարցազրույցը վարեց Արմեն Նիազյանը

 

243 դիտում