Խաղաղություն. այն, ինչի կարիքն ունենք բոլորս. Արմեն Նիազյան

Խաղաղություն. այն, ինչի կարիքն ունենք բոլորս. Արմեն ՆիազյանԱյսօր աշխարհը գտնվում է տագնապի մեջ. յուրաքանչյուր ակնթարթ կարելի է լսել, իմանալ, ականատես լինել որևէ վեճի, անհաշտ իրավիճակի… Միգուցե դա գալիս է առօրյա հոգսերի շատությունից,  լարվածությունից, ֆինանսական և այլ տարաբնույթ խնդիրներից, բայց կարծում եմ կհամաձայնես ինձ հետ, որ այսօր մեր շրջապատում շատ հաճախ հանդիպում ենք մարդկանց, ովքեր կորցրել են իրենց խաղաղությունը, ովքեր անհանգստացած են, ովքեր ծանրաբեռնված են… Սիրելի քրիստոնյա, ուզում եմ երկու հորդոր ուղղել ինձ և քեզ.

1. Ցանկացած իրավիճակում պահիր խաղաղությունդ: Կունենաս շատ խնդիրներ և հոգսեր, միգուցե ստիպված լինես կանգնել անլուծելի թվացող խնդիրների առջև, գուցե բոլոր դռները թվան, թե փակվել են, և մարել է օգնության հույսի ամեն մի նշույլ, միշտ հիշիր, որ Հիսուս Քրիստոսը քո կողքին է: «Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին» (Հովհ. 16:33):

Ինչ էլ լինի, թույլ մի տուր, որ առօրյա հոգսերն ու խնդիրները խլեն քեզանից քո խաղաղությունը: Հարատևիր Քրիստոսի ներկայության մեջ և թող Նրա խաղաղությունը միշտ քեզ հետ լինի:

2. Փորձիր լինել խաղաղարար: Փորձիր այն խաղաղությունը, որ գտել ես Քրիստոսի մեջ, բաժնեկցել ուրիշների հետ: Ստանձնիր խաղաղության դեսպանի դերը և փորձիր քո ներկայությամբ, քո քաջալերական խոսքերով, քո մխիթարությամբ առաջնորդել ճշմարիտ խաղաղության նրան, ով դրա կարիքն ունի, մի մոռացիր, որ դու ունես Քրիստոսի պատկերը քեզ վրա և Նրա գործի շարունակողն ես… «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն» (Մատթ. 5:9):

 

140 դիտում