Ջասմին Գիբբ


jasmin3

Փոքրիկ Հասմիկն իր կյանքը սկսեց պայքարով: Արդեն հիվանդանոցում բժիշներն ասում էին, որ նա չի ապրի, քանի որ 2 ամիս սահմանված ժամանակից շուտ է ծնվել: Հասմիկի մայրը նայում էր նրա քնքուշ, բայց թույլ ձեռքերին ու ասում, որ այդ ձեռքերը մեկ օր դաշնամուր կնվագեն: Հավատքի ու սիրո այդ խոսքերն իրականություն դարձան Հասմիկի կյանքում: Դեռ 3 տարեկանից Հասմիկը սկսում է իր երաժշտական ուղին: Թեև նախադասություններն անգամ հստակ չէր արտաբերում, բայց երգում և նվագում էր ընտանիքի անդամների համար: Շատ շուտով պարզ է դառնում, որ փոքրիկն օժտված է երաժշտական բացառիկ ունակություններով: Երևանում ավարտելով Կոնսերվատորիան՝ Հասմիկը տեղափոխվում է Դուբայ՝ նվագելու աշխարհի միակ յոթ աստղանի հյուրանոցում՝ Բուրջ ալ Արաբում, որտեղ տարիներ շարունակ հանդես է գալիս որպես մենակատար դաշնակահարուհի՝ իր արվեստով զարմացնելով աշխարհահռչակ շատ այցելուների: 2006թ.-ին Հասմիկն ամուսնու հետ տեղափոխվում է Կանադա, որտեղ էլ 2008.-ին լույս է տեսնում իր առաջին գործիքային ալբոմը՝ Սիրո Կաթիլ անվանումով, որն անմիջապես շահում է 2 GMA (Ավետարանի երաժշտական ասոցիացիա)՝ արժանանալով տարվա լավագույն գործիքային ալբոմ և տարվա լավագույն գործիքային երգ կոչումներին: Շարունակելով իր ստեղծագործական գործունեությունը՝ Հասմիկն իր ձայնը սկսում է մշակել հայտնի Սպենսեր Ուելչի մոտ: 2009թ.-ին թողարկվում է նրա վոկալային ալբոմը՝ <<Իմ սիրտն ուրախ է>> երգի համար: Կենդանի կատարումներով հանդես գալով ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Միջին Արևելքում, ինչպես նաև Հայաստանում, ելույթ ունենալով բազմաթիվ հեռուստատեսություններում և ռադիոկայաններում, Հասմիկն ուրախությամբ բարձրաձայնում է, որ ծառայում է սիրով, և ծառայում է ՄԻԱԿ ԹԱԳԱՎՈՐԻՆ:

jasmin2

Ներկայացեք, պատմեք մի փոքր Ձեր, Ձեր ընտանիքի մասին

Ծնվել եմ Երևանում, ավարտել Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, այնուհետև տեղափոխվել Դուբայ: Այնտեղ հանդես էի գալիս ելույթներով, նաև մեկնում էի տարբեր երկրներ՝ նվագելու և երգելու: Այդպիսի այցելություններից մեկի ժամանակ էլ, երբ գտնվում էի Կանադայում, ծանոթացա ամուսնուս՝ Ջեյսոն Գիբբի հետ: Այժմ ունենք 2 զավակ՝ Հովհաննես և Դավիթ: Ունեցել եմ շատ ծառայություններ, որոնք միշտ էլ սիրով եմ արել, այժմ ծառայում եմ ընտանիքիս և փոքրիկիս, ով դեռ չի բոլորել իր մեկ տարին: Ծառայել եմ եկեղեցու փառաբանության խմբում, ամուսնուս հետ մեր տանն անցկացրել ենք տնային խմբակներ, թեև իմ ամենասիրելի ծառայությունը Փողոցի ծառայությունն էր, երբ շրջում էին փողոցում և Ավետարանի  Բարի Լուրը վկայում ալկոհոլիկներին, թմրամոլներին և անտուն մարդկանց: Նրանք գալիս էին ծառայության հիմնականում կերակուր ստանալու համար: Այդ մարդկանց հետ շփումը, նրանց հանդեպ առաջացած սերը շատ բան փոխեց իմ կյանքում: Ես հաճույքով էի երգում նման մարդկանց համար՝ փորձելով երգի միջոցով նրանց փոխանցել Աստծո սերը: Այժմ թեև լիարժեք չեմ կարողանում ծառայել, սակայն շարունակում եմ տարբեր հրավերներով այցելել այլ երկրներ, այլ եկեղեցիներ և ծառայել երգի և փառաբանության մեջ:

Պատմեք մի փոքր Ձեր ապաշխարության մասին

Ապաշխարել եմ 1998թ.-ին՝ ուսուցչուհուս միջոցով: Ես նրա աչքերի մեջ տեսնում էի ուրախություն և փայլ, և մի օր, երբ նա ինձ պատմեց Հիսուսի մասին, ես ևս ցանկացա ունենալ այն, ինչ նա ուներ: Մինչ այդ կյանքս լի էր անորոշությունով, հիասթափություններով և վախերով, սակայն Հիսուսի հետ հանդիպումը լիովին փոխեց կյանքս: Աստված լցրեց կյանքս սիրով և ուրախությունով, և տվեց կյանքիս իրական նպատակ:

Ավարտել եք Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, 5 տարի շարունակ Ձեր 

երաժշտությունով հիացել են շատ աշխարհահռչակ մարդիկ, իսկ ինչպես որոշեցիք երգել:

Երգել միշտ եմ սիրել, անգամ մանկապարտեզում: Սակայն երբ սկսեցի նվագել, ուսուցիչներս ինձ թույլ էին տալիս երգել միայն դասական երգեր և հորդորում էին ավելի կենտրոնանալ նվագելու վրա: Սակայն երբ հանդիպեցի ամուսնուս, հենց նա էլ դարձավ այն մղիչ ուժը, ով ինձ ստիպեց երգել: Ամուսինս ասաց, որ ես Աստծուն կարող եմ փառաբանել ոչ միայն իմ գրած երգերով ու երաժշտությամբ, այլև սեփական ձայնով: Կանադայում մի քանի տարի պարապեցի պրոֆեսիոնալ ուսուցիչների մոտ և արդյունքում ներկայացա նաև իմ իսկ կատարումներով: Ջերմ ընդունելություններն ու հաջողություններն էլ ցույց տվեցին, որ ես, իրոք, կարող եմ փառաբանել Աստծուն նաև իմ ձայնով:

Հայ քրիստոնեական իրականության մեջ զգացվում է հոգևոր տեսահոլովակների պակաս: Ըստ Ձեզ՝ ինչի հետ է դա կապված:

jasmin4

Մեզ մոտ ոչ միայն հոգևոր տեսահոլովակի պակաս է զգացվում, այլև այն երգերի, որոնց հիման վրա կարելի է տեսահոլովակ նկարել: Բացի դա, ինձ համար շատ զարմանալի էր նաև այն, որ միայն Հայաստանում ՛՛Ալելույա՛՛ երգելով դու կհամարվես աղանդավոր: Կարծում եմ այդ մթնոլորտը ևս ունի  իր բացասական ազդեցությունը: Թեև հետաքրքիրն այն է, որ Կանադայում ինձ անգամ հրավիրել են Հայ Առաքելական Եկեղեցի՝ այնտեղ փառաբանելու և երգելու, իսկ այստեղ, չգիտես ինչու դա <<չի կարելի>>: Շատ կուզենայի Հայաստանում տեսնել ոչ միայն քրիստոնեական տեսահոլովակներ, այլև քրիստոնեական հեռուստակայաններ, ռադիոներ, երաժշտական մրցույթներ և այլն:

Ինչպիսի հատկանիշների կարիք ունի 21-րդ դարի քրիստոնյան:

Իմ կարծիքով, այսօրվա քրիստոնյան ավելի քիչ կարիք ունի խոսելու և քարոզելու, քան ավելի շատ ապրելու և լույս լինելու: Ոչ միայն խոսել սիրելու մասին, այլև անկեղծ սիրել: Այսօր աշխարհի մարդիկ ավելի շատ կարիք ունեն սիրվելու, քան լսելու քարոզներ սիրո մասին: Նաև կուզենայի տեսնել կրակոտ քրիստոնյաների, ովքեր կլինեն միաբան, չեն տարանջատի իրենց՝ կոչելով այս կամ այն եկեղեցի, այլ դրա փոխարեն ձեռք-ձեռքի տված կծառայեն Աստծուն:

Կարող եք հիշել որևէ հետաքրքիր դեպք:

Երբ նվագում էի Դուբայում, մարդիկ չգիտեին, որ ես հոգևոր եմ, սակայն վերջում մոտենում էին և շնորհակալություն հայտնում: Միշտ աղոթում էի, որ Աստված օծի ձեռքերս, որպեսզի թեկուզև առանց ձայնի, բայց երաժշտությունն էլ պատմի Աստծո փառքի մասին: Մի մեծահարուստ շեյխ կար Սաուդյան Արաբիայից, ով միշտ գալիս և ժամերով լսում էր երաժշտությունս և նկատել էի, որ շատ անգամներ ուղղակի արտասվում էր: Մի անգամ

Jasmin1

մոտեցավ ինձ և ասաց. <<Չգիտեմ ինչ է ինձ հետ կատարվում, բայց Երբ դուք նվագում եք, ես ուզում եմ Աստծուց ներողություն խնդրել մեղքերիս համար, և զգում եմ, որ սիրտս լցվում է սիրով ու մաքրությամբ>>: Ես ուրախ էի, որ Աստված իսկապես օգտագործում էր

երաժշտությունս՝ դիպչելու մարդկանց սրտերին:

Ինչ կմաղթեք մեր ընթերցողին:

Ընթերցողին կմաղթեմ, որ հավատան՝ ամեն բան կարող են Քրիստոսով: Այսօրվա կյանքը լի

է հոգսերով, դժվարություններով ու դառնություններով, բայց ինչպես Աստծո խոսքն է ասում, թող սուրբն ավելի սրբանա և ամուր բռնի իր հույսի դավանությունը: Ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր ամեն օրն ապրի Հիսուսի հետ և սովորի ավելի շատ սիրել դիմացինին: Ուզում եմ, որպեսզի մենք իսկապես լինենք աղ այս աշխարհի համար, և այդ աղը ծարավ առաջացնի մարդկանց մոտ դեպի Քրիստոսը: Թող Աստված առատապես օրհնի բոլորիդ:

Զրուցեց Արմեն Նիազյանը

191 դիտում