Մի կյանքի պատմություն. Նոդար Թադևոսյան

IMG_2086

Մի կյանքի պատմություն. Նոդար ԹադևոսյանՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ…

«Ծնվել եմ 1954 թ. Սպիտակի շրջանի Հայփամբ գյուղում: Մեր գյուղը Հայաստանի ամենացուրտ վայրերից մեկն է. հոկտեմբերի կեսերից արդեն զգացվում էր ձմեռվա շունչը, որ տևում էր մինչև ապրիլ ամիսը:

Աշխույժ մանկություն եմ ունեցել, սիրում էի միշտ դրսում լինել, վազվզել, խաղալ: Այն ժամանակվա բնա­վորությունից մեջս երկու բան տպավորվել է. որ­քան էլ ցուրտ լիներ, չէի սիրում վերարկու հագ­նել ու գլխարկ դնել: Ու հետաքրքիրն այն է, որ չէի էլ հիվանդանում. երևի սովորել էինք արդեն այն­տե­ղից ցրտին, կոփվել:

Նաև՝ շատ հարգանքով էի վերաբերվում ինձնից մե­ծերին: Կարող էի նստել, զրուցել հորս հասա­կա­կից­ների հետ ու միշտ ձգտում էի որևէ ավելորդ բան թույլ չտալ: Բայց այդ հարգանքի հետ մեկտեղ, երբ զգում էի, որ սխալ բան են ասում, չէի ընդունում, ընդ­դիմանում էի: Մանկությունից ի վեր սկզբուն­քա­յին եմ եղել:

Դպրոցում շատ լավ էի սովորում, և ավարտելով մեր գյուղի դպրոցը՝ գնացի Սպիտակ քաղաք, սո­վո­րե­ցի և վերադարձա գյուղ արդեն որպես մեխանիկ ու սկսեցի աշխատել:

 Ընտանիքը բազմամարդ էր՝ հայրս, մայրս, և մենք՝ յոթ երեխա՝ երեք քույր և չորս եղբայր:

Մանկությունից տպավորվել է նաև հորս աշ­խա­­տասիրությունը. շատ էր սիրում աշխատել… Գյուղում անասնապահական ֆերմայում էր աշխատում, կովեր ունեինք, ձիեր:

Այն ժամանակ ձիերը որպես տաքսի էին ծա­ռայում: Ձիերի հետևից սայլակ էինք կապում ու ֆուր­գոն անվանում, ձմռանն էլ, քանի որ մեզ մոտ առատ ձյուն էր լինում, ձիու հետևից մեծ սահ­նակներ էինք կապում ու դարձյալ օգտա­գոր­ծում որպես փոխադրամիջոց:

Հայրս սիրում էր այդ կերպ համա­գյու­ղա­ցի­նե­րին ծառայություն մատուցել, մի տեղից մյուսը տանել կարիքի դեպքում, իհարկե, անվճար: Այն ժա­մանակ ամոթ կլիներ որևէ բանի դիմաց գումար վերցնել հարևանից կամ համագյուղացուց:

Հետո ընտանիքով որոշեցինք գալ Երևան: Հաս­տատ­վեցինք Նուբարաշեն ավանում ու սկսեցինք աշխատել տեղի թռչնաբուծական ֆերմայում:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ…

1972թ. մեկնեցի զին. ծառայության: 2 տարի ծա­ռա­յել եմ  Ղրղզստանի (Կիրգիզիայի) Հանրա­պե­տու­թ­յունում: Երկու տարին էլ եղել եմ շինա­րա­րա­կան բրիգադում: Այն ժամանակ հոգևոր չէի, բայց հի­շում եմ, թե ինչպես էր Աստված պահում տարբեր փոր­ձություններից ու խնդիրներից:

Նաև հետաքրքիր կերպով կարծես Աստված շնորհ էր անում և տարբեր իրավիճակներում բարձ­րաց­նում բոլորի մոտ: Բանակից վերադարձա ավագի կոչումով:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ…

Երիտասարդ տարիքում բավականին վատ շրջա­­պատ ունեի և հասկանում էի, որ սխալ է շա­րու­նակել ապրել այդ շրջապատում՝ նրանց պես ու նրանց կյանքով: Այդ պատճառով, երբ վերադարձա բա­­նակից, որոշեցի ամուսնանալ՝ մտածելով, որ այդ­պիսով կկարողանամ կապերս խզել շրջա­պա­տիս հետ և հրաժարվել այն ժամանակվա կյանքից:

Արդեն Նուբարաշենում էինք ապրում, բայց աղ­ջիկ ընտրելու համար որոշեցինք գնալ գյուղ:

Գյուղում այսպիսի սովորություն կար, որ սկզբից պար­­տադիր մերժում էին տղային և նրա ծնող­նե­րին, և միայն հաջորդ անգամ համաձայնվում: Հորս զգու­շաց­րի, որ եթե առաջին անգամ մերժեց այդ աղ­ջիկը, այլևս երկրորդ անգամ չեմ գնա նույն առաջարկով: Բայց Աստված այլ կերպ պետք է կառուցեր իմ կյանքը:

Իհարկե, այն աղջիկը, ում պետք է առաջար­կութ­յուն անե­ինք, չէի էլ ճանաչում. դե գյուղերում հատ­կա­պես այն ժամանակ այդպես էր, ամուսնանում էին առանց ճանաչելու, առանց սիրելու:

Այդ երե­կոյան, երբ գյուղում էինք, իմացա, որ բարե­կամներիցս մեկի տուն մի աղջիկ է հյուր եկել այլ գյու­ղից. որոշեցի գնալ ու տեսնել նրան, ու հենց այդ հանդիպումն էլ վճռեց իմ հետագա կյանքը: Տե­սա նրան ու անմիջապես սիրահար­վե­ցի. այլևս փնտրե­լու, ուրիշին առաջարկություն անելու կարիք չկար:

Գնացել էինք ուրիշ աղջիկ «ուզելու», սակայն Աստված հետաքրքիր կերպով հենց այդ օրը մեկ այլ գյուղից Մարգարիտային բերեց ու մեր ճանապարհները հատվեցին:

Ամուսնացանք մեր հանդիպումից ընդամենը երկու շաբաթ անց՝ 1976 թ-ին:

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ…

Ապաշխարությունս եղել է մի ծեր տատիկի միջոցով:

Ամուսնության տարին էր՝ աշնանը, գնացել էինք կնոջս գյուղ: Հենց այնտեղ 76 տարեկան մի տատիկ վկայեց ինձ Հիսուսի մասին: Հիշում եմ, խոսում էր Հիսուս Քրիստոսի, հավիտենական կյանքի ու մեղքի մասին: Հենց այդ հանդիպումն էլ լիո­վին փոխեց իմ կյանքը՝ սկիզբ դնելով նոր կյանքի:

Երբ վերադարձանք Նուբարաշեն, խնդրեցի Երևա­­­նից որևէ մեկը գա և ավելի շատ առիթ ունե­նանք զրուցելու Աստծո Խոսքից:

Երկու եղբայրներ սկսեցին հաճախակի այցելել մեր տուն, և մեկ տարի անց արդեն սկսեցի կանո­նա­վոր մասնակցել հավաքույթներին:

Տեսնո՞ւմ եք՝ Աստված ինչե՜ր կարող է անել մի ծեր տատիկի միջոցով. նա փոխեց իմ կյանքը:

ԱՌԱՋԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ…

1978 թ. մկրտվեցի ջրով, և հենց նույն օրն էլ երի­տա­սարդների մեջ պատգամ ունեցա: Դա իմ առա­ջին ծառայությունն էր, առաջին պատգամը՝ հենց մկրտության օրը:

Անփորձ էի, վախեցած, բայց այդ պատգամով կարծես սկսվեցին ծառայություններս: Որոշ ժամանակ անց ինձ տասնյակ վստահեցին և սկսեցի ծառայել որպես տասնյակի պատաս­խա­նատու, իսկ 1978 թ-ի վերջում առաջարկեցին ծառայել նաև մանկապատանեկան ծառա­յութ­յու­նում:

Սիրում էի մանկական ծառայությունը… Այն ժամանակ մի փոքր այլ էր, երեխաների համար չկային հավաքատեղիներ: Գնում էի տնետուն, հավաքում մի խումբ մանուկների ու որևէ մեկի տանը հավաքույթ անում, հետո գնում մեկ ուրիշ թաղամաս, հավաքում այնտեղի երեխաներին՝ տներից, փողոցից ու դարձյալ ժողով անում: Երբեմն ստիպված էինք լինում միջոցներ գտնել ու լո­ղաց­նել կամ կերակրել որևէ երեխայի… Հետաքրքիր ու անմոռանալի տարիներ էին:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ…

1979 թ. ծառայություն սկսեցինք Վրաստանում. սկսեցի այցելել Ջավախք՝ Բագդանովկա: Ծառա­յութ­յունը սկսեցի Սաթխա գյուղում:

Երևանի եղբայրներն անհանգիստ էին, քանի որ ամեն անգամ պետք է սահմանն անցնեի, ինչի հա­մար հատուկ անցաթուղթ էր պետք. չէ՞ որ այն ժա­մա­նակ Խորհրդային կարգերն էին և արգելված էր հավատքի ցանկացած գործունեություն: Սակայն, չնայելով խնդիրներին ու դժվարութ­յուն­ներին՝ շարունակում էինք ծառայել:

Դժվար ծառայություն էր, երբեմն հոգնեցնող, բայց չէի հանձնվում: Երբ այցելում էի՝ հավաքվում էին մինչև քսան հոգի, ծառայություններ էինք անում, հետ վերադառնում, հաջորդ այցելության ժամանակ գալիս էին մեկ-երկու հոգի, և դարձյալ կարիք էր լինում այցելել, զրուցել, խոսել:

Հետո բավականին մեծ արթնություն եղավ ու արդեն 1980-ականների վերջում ավելի քան տասը գյուղերում հաստատված եկեղեցիներ կային, բայց ծառայություններ, ավետարանչություններ անում էինք շուրջ վաթսուն գյուղերում:

Փառք Աստծուն, որ այսօր Վերնատուն եկեղեցին սկսել է վերականգնել այդ ծառայությունները և այսօր շատերը, որ մի քանի տասնամյակ առաջ լսել են Աստծո խոսքը, ընդունել Հիսուսին, Ջավախքում՝ իրենց բնակավայրերում, դարձյալ առիթ են ունենում հավաքվելու միաբան և պաշտելու Աստծուն:

 1980-ԱԿԱՆՆԵՐ…

1980-ական թվականներին որպես պատաս­խա­նա­տու ծառայում էի Շենգավիթի, Նորագավիթի և Երրորդ Մասի տարածքային խմբերում, և մինչ 1984 թ. այդ խմբերի քանակը հասավ վեցի:

1982 թ. ձեռնադրվեցի որպես սարկավագ: Այդ նույն տարում ծառայություն սկսեցի նաև Թբիլիսի­ում՝ հիմնականում հայերի ու եզդիների մեջ: Քսան հոգանոց եկեղեցին չորս տարվա ըն­թաց­քում ան­ցավ հարյուրի սահմանը:

Հետո հանձնեցի այն տեղի մի եղբոր, ով հրա­շա­լի կերպով շարունակեց ծառայությունը:

1984 թ-ին ծառայություն սկսեցի Էրեբունիում: Այն ժամանակ այստեղի եկեղեցին ուներ շուրջ 30 անդամ, բայց հենց այդտեղ էր, որ Աստված նախատեսել էր գործել ու բարձրացնել այսօրվա Վերնատուն եկեղեցին:

1990-ԱԿԱՆՆԵՐ…

Երկրաշարժից հետո Հայաստանն արթնություն ապրեց, սկսվեցին «փարոսային» հավաքույթները, գրեթե ամեն շաբաթ Էրեբունում մեծ ավետարան­չութ­յուններ էինք ունենում, համերգային ծրագրեր, կինո­դիտումներ:

Այդ տարիներին եղել եմ «Սեր-Հայաստան» բարե­­գործական կազմակերպության նախագահը Երևան­ում: Երկրաշարժից հետո նորանկախ պետու­թյուն, պատերազմ, շրջափակում…  կազմա­կեր­պության ներդրումը բավականին մեծ էր՝ օգնելու և աջակցելու ժողովրդին հիմնականում ամե­նօրյա սնունդով:

1993-1996 թթ. ծառայել եմ նաև Արթիկի շրջանում որպես հովիվ:

Էրեբունում մինչև 1990-ականների վերջը եկեղե­ցու անդամների թիվը անցավ 1200-ը:

Հետո սկսվեցին բաժանումները… Չեմ ցանկանա խոսել դրա պատճառների մասին, սակայն դրանց արդյունքում եկեղեցու շուրջ 40%-ը գնացին այլ վայրեր, այլ եկեղեցիներ…

Միաբանությունը ես մի փոքր այլ կերպ եմ հասկանում: Հիմա կա միաբանություն, այո՛, սա­կայն ես ավելի ձգտում եմ սրտի միաբանության, այնպիսին, ինչպիսին առաջին դարում էր: Ուզում եմ, որ միաբանությունը միայն արտաքինը չլինի, այլ այն լինի սրտի ու հոգու, նպատակների ու գոր­ծերի միաբանություն: Եկեղեցիների մեջ այսօր ուզում եմ մեկ սիրտ տեսնել, սիրտ, որ բաբախում է Քրիստոսի համար»:

Մեր օրերի մասին հովվի հետ էլ չխոսեցինք. պար­զապես ցանկացանք անցած տասնամ­յակ­ներին նայել հովվի աչքերով, տեսնել ու ծանո­թա­նալ այն մեծ ավանդին ու ներդրումին, որ հովիվն ունեցել է Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Այսօր Վերնատուն եկեղեցին իր ավագ հովվի՝՝ Նոդար Թադևոսյանի և մյուս հովիվների ու ծառայողների հետ կանգնած է Քրիստոսի մեջ՝ որպես Տիեզերական եկեղեցու մի մասնիկ: Եկեղեցու ծառայությունները բազմաթիվ են ու ընդգրկուն՝ թե՛ աշխարհագրության առումով, թե՛ ծառա­յության ոլորտների:

Շնորհակալ ենք, սիրելի՛ հովիվ, քո նվիրումի և այն ջանքի համար, որ ծառայել ես, ծառայում ես և վստա­հաբար՝ կշարունակես ծառայել Քրիստոսի ժողովրդին ու Քրիստոսի եկեղեցուն:

Զրուցեց Արմեն Նիազյանը

350 դիտում