Ամանորյա խառնաշփոթ կամ պատրաստվիր ամենակարևորին

o-CHRISTMAS-DINNER-TABLE-facebook

Ամանորյա խառնաշփոթ կամ պատրաստվիր ամենակարևորին– Արագացրե՜ք, չենք հասցնելու, շո՜ւտ, Արմինե, այն մյուս ափսեները բեր, Քնարի՛կ, ի՞նչ ես կանգնել, օգնի՜ր քույրիկիդ, տեսնում ես՝ չենք հասցնում:

– Մա՜մ, մա՜մ, ո՞ւր է իմ կապույտ վերնաշապիկը, որ նոր էի գնել, շուտով  տասներկուսն է, իսկ ես դեռ պատ­­րաստ չեմ..

– Տղա՜ս, այս խառնաշփոթի մեջ միայն վերնա­շա­պիկն էր պակաս, սենյակում նայի՜ր,  կգտնես: Աստ­վա՜ծ իմ, աղցաններն ենք մոռացել, մի՜ կողմ գնա:

– Հայրիկ, կօգնե՞ս հյութերը բերել:

– Հիմա կգամ աղջիկս, սպասիր աթոռները դասա­վո­րեմ:

Ու այսպես ամեն տարի… Ամանորյա խառ­նա­շփոթ, ու այն էլ՝ ինչ խառնաշփոթ: Բոլորը շտա­պում են, դեռ մեկ ամիս առաջ արդեն իսկ պատ­րաստ­վում ենք այդ ժամը 00:00-ին, բայց միև­նույն է մինչև վերջին վայրկյանը դեռ պատ­րաստ­վում ենք: Ամանորի գիշերը, իհարկե, յուրահատուկ է, այն սկիզբ է դնում մի նոր տարվա, բայց երա­նի այնպես, ինչպես պատրաստում ենք մեր սեղան­ները, պատրաստեինք մեր սրտերը Նրա հա­մար, Ում ծննունդն ենք տոնում այդ ժա­մա­նակ, ով տալիս է մեզ հնարավորություն տես­նե­լու այդ նոր տարին, ապրելու և վայելելու այն:

Ի՞նչ է զգում քո սիրտը, երբ անհամբեր սպա­սում ես, որ հնչի ժամացույցի ձայնը և ազդարարի նոր տարվա մուտքը… Մի պահ ետ նայիր. ի՞նչ արեցիր այս տարվա ընթացքում, արդյոք քո ժամանակը օգտագործեցիր կարևո՞ր բաների համար, թե այն անցավ, գլորվեց, ինչպես մյուս տարի­նե­րը: Մեկ տարի ևս անցավ քո կյանքից, ու նոր տա­րին առջևում է: Այն շատ արագ կանցնի, չես էլ հասցնի աչքդ թարթել, ու կրկին կկանգնես Ամանորի շեմին: Ինչպե՞ս ես պատրաստվում անցկացնել այն.. Ինչ էլ որ անես, չմոռանաս այդ տարվա ամեն օրվա մեջ ժամանակ հատկացնել Ամենակարևորին՝ Աստծուն: Չէ՞ որ նա է, որ պարգևում է քեզ այդ տարին, Նա է, ով պահում է քեզ, քո կյանքը, Նա է, որ ամեն վայրկյանդ հսկում է, պարուրոմ է քեզ իր սիրով:

Ամեն բան քո կյանքում կանցնի, կանհետանա ակն­թար­­թի պես և հանկարծ կնկատես, որ ժամանակին փոք­րիկ երեխա էիր, երբ Ամանոր էր ու սրտի թրթիռով սպա­սում էիր Ձմեռ պապին, իսկ հիմա ծերության շե­մին ես, ու մտածում ես՝ գուցե սա քո վերջին Ամա­նո՞րն է…

Ուրեմն՝ լցրո՜ւ կյանքդ կարևոր բաներով, որ երբ գա հաջորդ տարին, երբ ետ նայես, տեսնես, որ այն նախորդը իզուր չի անցել: Անցկացրու այս Նոր Տա­րին Տիրոջ հետ, ամեն օր փնտրիր Նրա ներ­կա­յութ­յու­նը, ունեցիր աղոթք և Սուրբ Գրքի  ընթեր­ցա­նութ­յուն: Այն ջերմեռան­դութ­յամբ և ուրախությամբ, որով պատ­րաստվում ես Նոր տա­րին դիմավորելու, այդ նույն կերպով էլ պատրաստիր քո սիրտը Տիրոջը դիմավորելու, պատրաստիր այն հավիտենականի համար. չէ՞ որ սա շատ ավելի կարևոր է…

 Քրիստինե Աթոյան

Սերմնացան ամսագիր, 2014, N7

196 դիտում