Եղիր այն փայլող աստղը

10888972_1577413012470210_4024459318714551445_n

Եղիր այն փայլող աստղը«Եվ ահա այն աստղը, որ տեսան արևեկքում, նրանց առջևից գնում էր, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր: Եվ երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով ուրզխությունով ուրախացան շատ»: Մատթ. 2:9-10

Մոգերը շատ իմաստուն մարդիկ էին, նրանք փորձառություն և շատ գիտություն ունեին, սակայն դա նրանց չէր կարող օգնել Մեսիային` Փրկչին գտնելու հարցում: Գիտությունը տարավ նրանց սխալ ճանապարհով` ուղղորդելով գնալ դեպի Հերովդեսը, դեպի այն մարդը, ով փափագում էր սպանել նորածին Փրկչին:

Փաստորեն, մեր մարդկորեն գիտությունը և փորձառությունը նման հարցերում կարող է սխալվել:

Եվ երբ դուրս եկան թագավորի մոտից, մեկ այլ ուշադրությամբ սկսեցին հետևել աստղին, որն էլ նրանց առաջնորդեց դեպի ճիշտ վայրը` Փրկչի մոտ: Աստղը նպաստեց, որ նրանք գտնեն մանուկ Հիսուսին:

Սիրելի’ բարեկամ, ուզում եմ քեզ քաջալերել և հիշեցնել, որ դու այսօր ունես այդ լույսը քո մեջ. Շատերն այսօր այդ աստղի ուղեկցության կարիքն ունեն, շատերն են փնտրում Փրկչին, սակայն հաճախ գնում են սխալ ճանապարհներով, շատերն են ուզում, բայց չգիտեն ինչպես և որտեղ փնտրեն: Եղի’ր նրանց համար այն փայլող աստղը և, իմանալով Փրկիչ Հիսուսի տեղը, ուղեկցիր մարդկանց Նրա մոտ:

Շատերն այսօր ծանր բեռներ ունեն, և այդ բեռները հաճախ թույլ չեն տալիս տեսնել այդ լույսը: Նրանք կարիք ունեն ազատվելու այդ բեռներից, որպեսզի կարողանան ուղիղ կանգնել ու հայացքը Նրան հառել: տերն արդեն իսկ կանչել է այդ բեռնավորված մարդկանց դեպի Իրեն: «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» Մատթ5:8:

Շատ շատերն ունեն հիվանդության , մեղքերի, անհաշտության, չարության, նախանձի ու անխաղաղության բեռներ. Ես և դու պետք է լինենք այն փայլող աստղը, որ մարդկանց կուղեկցի դեպի Քրիստոս:

«Կույրերը տեսնում են և կաղերը գնում են, բորոտները սրբվում են և խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, աղքատներին ավետարան է քարոզվում» Մատթ. 11:5:

Ինչու՞ էր այդ աստղը մյուսներից ավելի շատ փայլում: Մենք բոլորս էլ գիտենք, որ տիեզերքը ստեղծել է Աստված, իսկ աստղերը շատ մեծ լուսատուներ են, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ հզոր էներգիա և լույս է պարունակում իր մեջ: Անգամ աստղեր կան, արևից ավելի հզոր լուսատուներ են: Բայց այդ պահին հենց այն փայլող աստղն էր ավելի մոտ գտնվում երկրին, այդ իսկ պատճառով էլ մարդիկ, մոգերը նկատեցին այդ արտասովոր երևույթը: Մենք ամենքս էլ մեր մեջ ունենք այն լույսը, որ ինքը` Հիսուս Քրիստոսն է:

«Արդ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ և ասաց. Ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ ետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի» Հովհ. 8:12:

Մենք պետք է մոտենանք մարդկանց, որպեսզի տեսնեն այն լույսը, որ մեր մեջ է , որպեսզի այդ ճշմարտության լույսով ի վերջո նրանք գտնեն Քրիստոսին:

Գործք Առաքելոց գրքում հանդիպում ենք մի մարդու, ում անունը Սողոս էր: Նա մեծ չարությամբ էր լցված Աստծո զավակաների` քրիստոնյաների նկատմամբ: Եվ մեկ օր ճանապարհորդության ընթացքում տեսիլքի միջոցով նա հանդիպես Քրիստոսին: Նրա տեսած մեծ լույսն այնքան ուժեղ էր, որ կուրացրեց նրա աչքերը. Տեսիլքից հետո նա այլևս ոչինչ չէր տեսնում: Նա ընտրվել էր Աստծո կողմից , որպեսզի հանդիպեր Փրկչին լույսի մեջ և հետո ինքը լիներ այդ լույսի կրողը և ինքը դառնար փայլող աստղ մարդկանց համար: Նա մուտք գործեց քաղաք ամբողջությամբ կուրացած , և միայն երեք օր անց Հիսուսի աշակերտներից Անանիան, Աստծուց պատվեր ստանալով, գնաց և աղոթեց Սողոսի համար: Նրա աչքերն անմիջապես բացվեցին, և նա կրկին սկսեց տեսնել: Ինչու՞ Անանիան, մի՞թե նա մյուսներից ավելի սուրբ և արդար էր, իհարկե` ո’չ, պարզապես նա գտնվում էր ճիշտ ժամանակին ճիշտ վայրում և Աստված նրան գործածեց ապագա Պողոս առաքյալի աչքերը բացելու համար:

Այսպիսով, երբ մարդն ունի այդ լույսը, Աստված նրան կգործածի, որպեսզի բացի ուրիշի աչքերը, որ տեսնեն Փրկչին ու գործեն Նրա համար:

«Դուք աշխարհի լույսն եք: Մի քաղաք, որ կենում է սարի վրա, չի կարող թագնվել: Եվ ճրագը չեն վառի ու չեն դնի գրվանի տակ, այլ ճրագակալի վրա, և նա լույս կտա ամենին, որ տան մեջ են: Այսպես թող լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն Հորը, որ երկնքում է» Մատթ. 5:14-16:

Եթե մարդկանց չենք լուսավորում և չենք մոտեցնում նրանց Փրկչին, ուրեմն անհանգստացնող մի բան ունենք մեր կյանքում. Գուցե մեր լույսը խավար է դարձել:

«Ուրեմն` զգույշ կաց, մի գուցե այն լույսը, որ քեզանում է, խավար լինի» Ղուկ. 11:35:

Որպես փայլող աստղ` պետք է միշտ փայլես և մարդկանց լուսավորես, որպեսզի նրանք կարողանան գտնել Փրկչին և իրենք փրկվեն ու լուսավորվեն Քրիստոսով:

Օրհնյալ և ուրախ տոնական օրեր եմ մաղթում Քրիստոսով:

Արտավազդ Թադևոսյան

Սերմնացան ամսագիր, 2014, N7

192 դիտում