Դու մենակ չես. Աննա Հովհաննիսյան

Untitled-1

Դու մենակ չես. Աննա ՀովհաննիսյանՓոքրիկ Անահիտը մանկատան ամենասիրված մանուկներից մեկն էր: Նա այնքան գեղեցիկ էր. նրա կապույտ աչուկները կարծես ծովի պարզ ջրեր լինեին, նրա թարթիչները երկար ու գեղեցիկ էին,  կարմրաթուշ այտերի վրա մի փոքրիկ փոսիկ էր միշտ հայտնվում, երբ ժպտում էր հրեշտակի նման, իսկ նրա գանգուր խոպոպները կարծես արևի շողեր լինեին՝ բոլորին ջերմություն պարգևող:

Անահիտը չնայած շատ փոքրիկ էր, բայց արդեն զգացել էր, թե ինչ է նշանակում կարոտել մեկին, կարոտել ուժգին, շատ, այնքան շատ, որ ամեն օր արտասվել ու աղոթել, որ նա վերադառնա: Ամեն առավոտ նա աչուկները բացում էր, վազում պատուհանի մոտ ու երկար նայում պատուհանից` ամեն օր մեծ հույս ունենալով, որ հենց այսօր կգա նա…

Նա, ով այս փոքրիկ հրեշտակին թողել էր միայնակ և հեռացել մի անասելի գեղեցիկ քաղաք, ոսկե քաղաք, ուր հավիտյան ուրախություն և երջանկություն էր… Անահիտը չգիտեր այդ մասին, նրան միայն ասել էին, որ մայրը գտնվում է շա՜տ հեռու մի վայրում, բայց շատ է սիրում իրեն և հեռվից հետևում է, թե ինչպես է նա մեծանում: Այդ պատճառով էլ նա ամեն օր երկա՜ր նայում էր պատուհանից` երազելով, թե ինչպես է մայրիկը վերադառնում այդ հեքիաթային քաղաքից իրեն էլ իր հետ տանելու համար:

Շուտով գարնանային տոներն էին, Անահիտը մյուս երեխաների նման ևս պատրաստվում էր… Նա շատ սիրով վերցրեց վրձինը և ջրաներկերը ու սկսեց նկարել… Անահիտը նկարում էր մայրիկին, իրեն, հայրիկին, իրենց տունը, նա մեծ ջանասիրությամբ նկարում էր իր պատկերացրած ընտանիքը…

Բայց հանկարծ նա մտածեց, որ դա քիչ է և պետք է անպայման նամակ էլ գրի մայրիկին: Նա կանչեց ուսուցչուհուն և խնդրեց օգնել նամակ գրել, քանի որ դեռ գրել չէր սովորել: Անահիտը մոտեցավ պատուհանին, փակեց աչքերը և սկսեց խոսել. «Սիրելի՛ մայրիկ, գիտես, ես քեզանից չեմ նեղանում, որ դու հեռացել ես ու հիմա այդ գեղեցիկ քաղաքում ես ապրում: Ես ուղղակի խնդրում եմ քեզ, որ եթե կարողանաս, ինձ էլ արի ու տար քեզ մոտ, ես խոստանում եմ, որ քեզ չեմ բարկացնի, կլսեմ, ես քեզ համար լավ աղջիկ կլինեմ: Մայրի՛կ, գիտե՞ս, ասում են, որ ես շատ գեղեցիկ եմ, նման եմ քեզ, ինձ այստեղ շատ են սիրում, բայց մեկ է, ես կարոտում եմ քեզ: Ես ամեն օր սպասում եմ քեզ և երազում` ինչպես ես գալու, ինձ գրկելու, համբուրելու…»:

Անահիտը շարունակում էր դեռ խոսել մայրիկի հետ, բայց դաստիարակն էլ չկարողացավ գրել ոչ մի բառ, նա միայն նայում էր այդ փոքրիկ հրեշտակին, թե ինչպես էր ոգևորված ու սիրով խոսում իր մայրիկի հետ, և լուռ արտասվում…

Երբ Անահիտը վերջացրեց, ուսուցչուհին ամուր գրկեց նրան, սեղմեց կրծքին և ասաց.

– Սիրելի՛ս, վստահ եմ, որ մայրիկդ լսեց քո բոլոր խոսքերը և շատ ուրախացավ, որ քեզ նման բարի ու գեղեցիկ աղջնակ ունի: Անահի՛տ, մայրիկդ հիմա չի կարող գալ և քեզ տանել, սակայն մեկ օր դու կարող ես գնալ նրա մոտ, նա ապրում է երկնքում Աստծո մոտ, նա շատ երջանիկ է և վստահ եմ, որ կարոտում է քեզ: Դու կարող ես ամեն օր խոսել Աստծո հետ, Նա միշտ կլսի քեզ ու կօգնի: Աստված մեր Երկնային Հայրն է, իսկ հայրերը միշտ լսում են իրենց զավակներին, այնպես որ դու կարող ես միշտ խոսել Նրա հետ ու կոչել Հայրիկ: Հայր Աստված միշտ քո կողքին կլինի ու կօգնի քեզ ամենադժվար պահերին, միայն պետք է դու հավատաս ու ամեն բանում վստահես:

Անահիտը, երբ լսեց, որ ունի Հայր, ով միշտ իր կողքին է, երջանկությունից թռչկոտում էր այս ու այն կողմ ու անդադար խոսում իր Երկնային Հոր հետ: Նա այդպես իմացավ, որ ունի Հայր, ով ամեն ժամանակ հոգ է տանում իր մասին ու լսում է: Այդ օրվանից Անահիտը զգում էր, որ Աստված իր հետ է, սիրում է իրեն և օգնում: Նա գիտեր, որ մայրն էլ երկնային Հոր մոտ է ու դա մխիթարում էր նրան:

Հ.Գ. Սիրելի՛ փոքրիկ, քաջալերում եմ քեզ, որ հենց հիմա գրկես քո մայրիկին ու հայրիկին և շնորհակալություն հայտնես Աստծուն, որ նրանք քո կողքին են: Իսկ եթե քո մայրիկը կամ հայրիկը քեզ հետ չի, նա էլ հեռացել է, ապա ուզում եմ ասել, որ դու մենակ չես, Երկային Հայրը քո ծնողն է, նա միշտ քո կողքին է, լսում է  քեզ ու կիսում ամեն ցավ ու տխրություն, որ զգում ես: Այնպես որ ամեն օր խոսիր Երկնային Հոր հետ և հիշիր` ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ…

96 դիտում