100 տարի անց. Արմեն Նիազյան

2

100 տարի անց. Արմեն ՆիազյանԱնցել է ուղիղ հարյուր տարի…  հարյուր տարի շարունակ պայքարեցինք, պահանջեցինք, լացեցինք ու կռիվ արեցինք, որ աշխարհը ընդունի, դատապարտի, ներողություն խնդրի, վերադարձնի… ու դեռ շարունակում ենք… Չգիտեմ` երբ և ովքեր կշարունակեն արձագանքել հայի կանչին, բայց շարունակում ենք հիշել ու պահանջել… Թեև շա՜տ եմ ուզում, որ գա այն օրը, երբ այլևս որևէ պահանջ չունենանք…

Հայոց պատմության մեջ կան էջեր, որոնք բեկումնային են եղել հայոց ժողովրդի, հայոց պատմության հետագա ընթացքի համար:

Այդ բեկումնային էջերից մեկը եղել է հենց 20-րդ դարի սկիզբը, երբ օգտագործելով առաջին Աշխարհամարտը և մեծ տերությունների՝ զբաղված ու «խառը» լինելը՝ Օսմանյան Թուրքիան իրագործեց իր վաղեմի ծրագիրը՝ որոշեց ոչնչացնել հայի տեսակին:

Հայը որպես տեսակ, որպես ազգություն չվերացվեց (ու չէր էլ կարող վերանալ), բայց արդյունքում սփռվեց ամբողջ աշխարհով մեկ, արդյունքում դարձավ գաղթական, դարձավ զոհ…

Ցավոք, անցյալը փոխել այլևս չենք կարող, ի զորու չենք այլևս կենդանություն հաղորդել 1.5 միլիոն հայի, ի զորու չենք դարձյալ կյանք պարգևել սպանված երեխային ու նրա բռնաբարված մորը, ի զորու չենք անգամ մոռանալ այդ ամենը, բայց սխալ է նաև նստել ու շարունակ արտասվել, շարունակ բողոքել, շարունակ տրտնջալ:

Այո՛, ցավն անտանելի է, կորուստը՝ անասելի մեծ ու անվերադարձ… սակայն բավական է ապրել ատելությամբ ողողված, բավական է ապրել՝ դաստիարակելով թուրքատյաց սերունդ, բավական է ցավը սրսկել մեր մատաղ սերնդի մեջ, բավական է նրանց հաղորդել զոհի հոգեբանությունը և շարունակել ապրել այդ իսկ հոգեբանությամբ:

Թող մեր զավակները պահանջատեր լինեն, թող պայքարեն արդարության համար, իրենց պապերի հողերի համար, բայց թող երբեք այդ պահանջատիրությունը չսնվի ատելությամբ ու թշնամությամբ, որովհետև սարսափելի է ծնվել, ապրել ու մեռնել՝ սրտում բույն դրած ատելությունով:

Երազանքս է՝ տեսնել Արարատը հայրենիքիս կազմում, երազանքս է՝ մեր կողքին գտնվող Վան ու Անի այցելելու համար ստիպված չլինել գնալ Վրաստան, երազանքս է՝ տեսնել արդարություն, ներողություն և հատուցում:

Բայց մինչ այդ ամենին հասնելը, եկեք դադարենք արտասվել, դադարենք տրտնջալ ու բողոքել….

Ցավ ենք ապրում, որ Թուրքիան յուրացրել է հայկական հողերը, բայց ինքներս էլ թողնում ենք մեր հայրենիքն ու գնում օտար երկիր, ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք իսլամացած հայերի, բայց ինքներս էլ շա՜տ հեռու ենք քրիստոնեական սկզբունքներից, ցավ ենք ապրում, երբ կարդում ենք, թե ինչ դաժանությամբ են թուրքերը կոտորել հայերին, մինչդեռ շարունակում ենք այսօր էլ մեր պետության մեջ իրար սպանել, ծեծել, ահաբեկել…

Եկեք խոնարհվենք Աստծո առաջ, նախ և առաջ մաքրենք մեր սիրտն ու ազգովին դառնանք Աստծուն, քրիստոնյա անունը կյանքի ու գործի վերածենք, որ մեր երկիր այցելած զբոսաշրջիկը հավատք տեսնի, Աստվածպաշտություն, քրիստոնյա վերաբերմունք ու մոտեցում ամեն հարցում:

Ու աղոթենք Աստծուն… Աղոթենք մեր ազգի, մեր ժողովրդի համար, աղոթենք, որ Հայաստանը ոչ միայն քրիստոնյա երկիր կոչվի, այլև լինի Քրիստոսինը: Աղոթենք, որ մեր երկիրն այլևս արյուն չտեսնի… Տե՜ր, բուժի՜ր երկրիս վերքերը…

68 դիտում