Կիրակնօրյա ծառայություն: Հոգու ծարավ. Մովսես Առաքելյան

Mos

Մենք գալիս ենք եկեղեցի, ծառայում ենք, ապրում ենք, սակայն մոռանում ենք ամենակարևոր բաներից մեկը. Աստված ուզում է տեսնել Իրեն ծարավով փնտրողներին:

«Եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ և խմի» (Հովհ. 7.37):

Դու ծարա՞վ ես: Շատերը կային, որ գնում էին Հիսուսի հետևից,  սակայն նա կանչում էր ծարավածներին: Եթե քո մեջ կա ծարավ, կյանքը բխում է վերևից: Անհնարին է առանց ծարավի Աստծուց որևէ բան ակնկալել:

«Եվ նա, ով որ ծարավ է, թող գա» (Հայտն. 22.17):

Մեր մարմնին Աստված օժտել է այնպիսի հատկությամբ, որ այն ամեն օր զգում է սով և ծարավ: Այդ հատկությունն ԱՍտված դրել է նաև մեր հոգու մեջ, և ծարավից է, որ առաջանում է ցանկություն: Եթե դու ծարավ չես զգում, քո մեջ ցանկություն չի առաջանա ջուր խմելու: Որքան էլ համեղ կերակուրներ լինեն քո դիմաց դրված, դու չես ցանկանա դրանք ուտել, եթե քաղց չես զգում: Եթե մեր ներսում չկա ծարավ, մենք ցենք ցանկանա ու չենք փափագի մոտենալ Աստծուն:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ երբեմն մենք ծարավ չենք զգում: Հակառակորդի նպատակն է գողանալ մեր ծարավը, հագեցնել մեզ ուրիշ բաներով… Եվ արդյունքում ստացվում է, որ դու եկեղեցում ես, դու գիտես Աստծո մասին, սակայն ներքուստ զգում ես անբավարարվածություն, անցնում է ժամանակը, և դու մնում ես հոգևոր նույն մակարդակի վրա: Գուցե դրանք բացասական բաներ չլինեն, սակայն կան բաներ, որ զբաղեցնում են մեզ, հագեցնում են ու ծարավ սկսում ենք այլևս չզգալ:

Աստված ուզում է արթնացնել մեր մեջ ծարավ, որովհետև նա կանչում է ծարավածներին:

Ջուրն է կյանք տալիս մարդուն ու եթե երկար ժամանակ ջուր չես խմում, սկսում են շուրթերդ ճաքել, ու վերջնական արդյունքում դու կմեռնես: Սիրելիներ, հոգևոր կյանքում մենք ևս կարիք ունենք ջրի, կարիք ունենք Սուրբ Հոգու, կարիք ունենք անձրևների, առանց որի չենք կարող հոգևորապես ապրել: Հոգևոր կյանքի ուրախությունն ու զորությունն այն ժամանակ է, երբ մեր հոգին կերակրվում է: Ու ինչպես ֆիզիկական մարմինն է սկսում կորցնել իր գիտակցությունն ու բանականությունը սնունդի ու ջրի պակասի դեպքում, նույնն էլ մեր հոգին է. ինչպե՞ս պիտի ապրենք, ինչպե՞ս պիտի մեր հոգին զորանա… Ջրի բացակայությունը կբերի անապատ:

Վերստին ծնվելով ամեն բան չի ավարտվում: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել մեր հոգու ծարավին: Ինչո՞ւ պիտի հավատացյալը տխրի, նեղվի, հուսահատվի… որովհետև բացակայում է ծարավը, ու այդպես էլ չենք կարողացնում հասկանալ պատճառն ու շարունակում ենք ապրել անբավարարվածությամբ:

Մենք շատ վկայություններ ենք լսում և ուրախանում, սակայն Աստված ուզում է, դու ինքդ էլ փորձառես այդ ամենը, ոչ թե լսես, թե ինչպես է ԱՍտված գրկում, այլ ինքդ զգաս, թե ինչպես նա քեզ կգրկի: Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք ուրիշ ոչ մի բանի կարիք չունենք. ամեն բան սկսվում է ծարավից դեպի Աստված:

«Ինչպես եղջերուն փափագում է ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված, իմ անձը ծարավ է Աստծուն՝  կենդանի Աստծուն» (Սաղմոս 42.1-2):

Ես ուզում եմ, որ այս տարին եկեղեցու համար լինի ծարավի տարի: Ծարավը բժշկում է, բարձրացնում է, զորացնում է, ծարավն է հիմքը հոգևոր արթնության, այն բերում է նշաններ, հրաշքներ ու զորություններ, ծարավն է առաջացնում բազմության ապաշխարություն: Ծարավ լինելը օրհնություն է ոչ միայն քեզ համար, այլ քո շրջապատի, քո եկեղեցու, քո ժողովրդի, որովհետև «Նրան հավատացողներից կենդանի կյանքի գետեր կբխեն»:

«Ջուր պիտի թափեմ ծարավի վրա, հեղեղներ՝ չորության վրա, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վրա և իմ օրհնությունը՝ քո զավակների վրա…» (Եսայի 44.3):

«Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես. Եվ համրի լեզուն օրհներգելու է. որովհետև  անապատումը ջուրեր են բղխելու և ամայի տեղումը՝ առուներ։ Եվ խորշակահար երկիրը լճի պիտի փոխվի, և ծարավուտը՝ ջրերի աղբյուրների.  չագալի բնակված բնակարանումը խոտ է բուսնում՝ եղեք և կնյուն» (Եսայի 35.6-7):

132 դիտում