Պատվի՞, թե՞ անարգանքի անոթ. Արմեն Նիազյան

Roman_pottery_from_Britain

Սուրբ Գիրքը, խոսելով Աստծո տան անոթների մասին, ասում է՝ «… Կան, որ պատվի համար են, և կան, որ անարգության համար են» (Բ Տիմոթեոս 2.20)։

Յուրաքանչյուրս, ընդունելով Հիսուս Քրիստոսին, դառնում ենք Նրա Մարմնի, Նրա Եկեղեցու մի մասնիկը, կրում ենք մեզ վրա քրիստոնյա անվանումը և դառնում ենք Նրա «ներկայացուցիչը» երկրի վրա:

Սակայն Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է և զգուշացնում, որ Աստծո տան մեջ կարող են լինել ինչպես պատվի անոթներ, այնպես էլ՝ անարգության: Ցանկացած անոթ ծառայում է միջոց՝ ինչ-որ բան տեղափոխելու, լցնելու, փոխանցելու… Կարող ենք ասել, որ յուրաքանչյուր քրիստոնյա, այսպիսով, մի յուրատեսակ անոթ է Նրա տան մեջ:

Ուզում եմ հարց տալ, սիրելի՛ ընթերցող, երբևէ մտածե՞լ ես՝ պատվի՞ անոթ ես դու, թե՞….  Այն, որ Սուրբ Գիրքը խոսում է երկու տեսակի մասին էլ, նշանակում է, որ նրանք կան: Քրիստոնեական կյանքի ուղիղ ընթացքի ամենակարևոր հատկանիշներից են Աստծո հետ ժամանակ անցկացնելն ու անձնաքննությունը: Թերևս այս երկուսի մեջ (իհարկե ոչ միայն սրանց) մենք պետք է շարունակաբար հարատևենք, որ չստացվի թե հանկարծ մի օր խոտորվենք ճշմարիտ ճանապարհից:

Շարունակության մեջ Պողոս առաքյալը բացահայտում է, թե ինչպես կարող ենք ԼԻՆԵԼ պատվի անոթ Նրա համար. «Եթե մեկը իր անձը մաքրի այդպիսիներից (անարգություններից), նա պատվական անոթ կլինի՝ սրբված և իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստված (Բ Տիմոթեոս 2.21):

Որքան որ երանելի մի վիճակ է՝ Աստծո համար պատվի անոթ լինելը, այնքան էլ ցավալի կլինի բացահայտելը, որ դու եղել ես անարգության անոթ… Ուստի ուզում եմ հորդորել ինձ ու քեզ, որ նայենք մենք հոգևոր կյանքին ու ընթացքին, նայենք շա՜տ ավելի խորը ու ծածուկ տեղերը, որ չլինի թե ինչ-որ մի տեղ Աստծուն որևէ անհաճելի բան թաքցրած լինենք և դա մի օր պատճառ հանդիսանա, որ մենք դառնանք անարգության անոթ:

Իմ ու քո կյանքը պետք է պատմի Քրիստոսի կյանքի մասին, իմ ու քո շուրթերից ելած ամեն մի խոսք պիտի կյանք պարգևող լինի, իմ ու քո արարքները պիտի փառավորեն Աստծուն, ուստի ուշադիր եղիր և քննիր քո անձը: Դու կանչված ես պատվական անոթ լինելու՝ սրբված և իր Տիրոջն օգտակար:

Գիտեմ, որ հեշտությամբ տեսնում ու բացահայտում ենք դիմացինի թերությունները, սխալներն ու մեղքերը, սակայն կարիք ունենք առանձնանալու Աստծո ներկայության մեջ ու քննելու մե՛ր անձերը, մե՛ր թերությունները, մե՛ր մեղքերը… ու եթե կբացահայտես, որ ունես բաներ, որոնք անհաճելի են Աստծուն, հրաժարվի՛ր, աղոթի՛ր ու ծո՛մ պահիր, խնդրի՛ր, որ Աստված ազատագրի, խոսի՛ր որևէ առաջնորդի հետ, հովվի հետ, ամեն բան արա, որ ազատագրվես ու դեմ կանգնես, որովհետև գուցե հենց այդ «փոքր» մեղքից է կախված՝ կլինե՞ս դու պատվի անոթ, թե՞ ոչ…

«Այսպես թող լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է» (Մատթևոս 5.16):

Այս օրդ փորձիր այնպես ապրել, որ քո խոսքի, վարքի ու պահվածքի արդյունքում փառավորվի Հայրդ: Դու կանչված ես՝ լինելու պատվի անոթ: Եղի՛ր այդպիսին:

30 դիտում