Կիրակնօրյա ծառայություն. Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար. Նոդար Թադևոսյան

Ապրիլի 3-ին կիրակնօրյա ծառայության ընթացքը մի փոքր այլ էր: Ավելի շատ ժամանակ հատկացվեց աղոթքին՝ մեր երկրի համար, սահմանների, խաղաղության, ղեկավարության, հայոց բանակի, սպաների, զինվորների ու նրանց ընտանիքների համար:

Այնուհետև եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանը կարճ խոսքից հետո կոչ արեց դարձյալ աղոթել ու չնահանջել:

«Մենք չգիտենք այսօր քաղաքական ծրագրերը, նպատակները, մեծ պետությունների գործելաոճը, բայց ուզում եմ, որ մենք լինենք մարդիկ, ովքեր հույսը և ապավինությունը դրել են Տիրոջ վրա: Այսօր մեր երկրին պատերազմ պետք չի:

Վստահ եմ, որ մեր երկրի ղեկավարությունն անհանգստացած է. ուզում եմ քաջալերել յուրաքանչյուրիս, որ միանանք մեր հայրենակիցներին մեր աղոթքներով, աղոթենք, որ Աստված քանդի հակառակորդի ամեն ծրագիր:

Հավատքն է լուծման ճանապարհը, հավատքն է, որ տալիս է զորություն և ուժ:

«Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը՝ և չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիս 11.1):

Աղոթենք, որ արյունահեղությունը դադարի, պատերազմական իրավիճակները հանդարտվեն և Աստված պահի մեր զինվորներին:  Պատերազմը միշտ էլ իր հետևանքը և վնասը բերում է՝ թե՛ մարդկային զոհերի առումով, թե՛ տնտեսության: Մենք անցել ենք այդ ճանապարհով, գիտենք դա ինչ է նշանակում, բայց Աստված կարող է հարթել ամեն իրավիճակ, ուստի՝ ապրենք Աստծո Խոսքով, աղոթենք, որ Տերը պահի մեր երկիրը, ու որ մեր երկրի ժողովուրդն էլ, իշխանություններն էլ դառնան Աստծուն:

Երբ որ Նեեմիան լսեց, որ իր հայրենքի քաղաքի պարիսպները քանդված են ու լքված, նա սկսեց արտասվել: Նա չէր քննադատում ոչ մեկին, այլ աղոթում էր և խնդրում Տիրոջ օրհնությունը:

«Եվ նրանք ինձ ասացին. Այն մնացորդները, որ մնացին գերութիւնից, այնտեղ գավառում մեծ նեղության և անարգության մեջ են, և Երուսաղեմի պարիսպները քանդված և նրա դռները կրակով այրված են։ Եվ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. Եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծոյ առաջին. Եւ ասում էի. Ով Տէր՝ երկնքի Աստուած, մեծ եւ ահեղ Աստուած, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատուիրանքները պահողներին. Աղաչում եմ՝ ականջ դիր եւ աչքերդ բաց լինին քո ծառայի աղօթքը լսելու, որ ես հիմա աղօթում եմ քո առաջին ցերեկ եւ գիշեր քո Իսրայէլի որդի՝ ծառաներիդ համար, եւ խոստովանում եմ Իսրայէլի որդկանց մեղքերը որ քեզ դէմ մեղանչեցինք. Ես էլ եւ իմ հօր տունն էլ մեղանչել ենք։ Իրաւ յանցաւոր ենք քեզ դէմ, եւ չենք պահել այն պատուիրանքները եւ կանոններն ու իրաւունքները, որ դու պատուիրեցիր քո Մովսէս ծառային» (Նեեմիա 1.3-7):

Այսօր մեր սահմաններում խնդիրներ կան, կան խնդիրներ մեր երկրում, մենք պետք է այս ամենը հաղթահարենք մեր աղոթքներով ու մեր ծոմով :Պատերազմենք մեր պատերազմը Աստծո Հոգով»:

Հ.Գ. Երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, Երևանի «Վերնատուն» եկեղեցում հայտարարվեց աղոթքի և ծոմապահության օր: Եկեղեցում ընդհանուր աղոթքներ կլինեն առավոտյան 08:00, 11:00 և 19:00:

72 դիտում