Երբ Աստված «անակնկալներ» է թույլ տալիս. Կարեն Թադևոսյան

«Ո՜վ Աստծո մեծության և իմաստության և գիտության խորությունը. ինչպե՜ս անքննելի են նրա դատաստանները, և անհասկանալի են նրա ճանապարհները։ Որովհետեև ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղավ նրա խորհրդակից։ Կամ ո՞վ նրան առաջուց մի բան տվավ, որ նրա հատուցումն առնե նրանից։ Որովհետև նրանից և նրանով և դեպի նա է ամեն բան. նրան փառք հավիտյան. Ամեն» (Հռ. 11.33-36):

Երբեմն մենք Աստծո կամքը չենք հասկանում, չենք հասկանում Աստծո գործելակերպը… Աստված խոսեց Աբրահամի հետ յոթանասունհինգ տարեկանում և ասաց նրան, որ դուրս գա իր բնակավայրից, և խոստացավ, որ պտուղ է տալու:

Երբ Աստված մեզ ինչ-որ բան է խոստանում, մենք երբեմն շատ ենք շտապում… Աստված Աբրահամի համար անակնկալ էր պատրաստել, սակայն դա պետք է իրագործվեր միայն քսանհինգ տարի հետո:

Հարյուր տարեկանում, երբ այլևս հույս ու հնարավորություններ կարծես թե չկային, երբ ամեն բան արդեն անցել էր մարդկային տրամաբանության բոլոր սահմանները, Աստված ցույց է տալիս իր անակնկալը:

Երեխան մեծացավ, սակայն Աստված ևս մեկ «անակնկալ» ուներ Աբրահամի համար. Աստված հայտնվեց Աբրահամին և ասաց՝ դու պետք է զոհաբերես Իսահակին:

Սա արդեն չսպասված «անակնկալ» էր… Իսմայելին հեռացրել էր Աբրահամը, մնացել էր միայն Իսահակը, սակայն Աստված կարծես թե այլ ծրագրեր ուներ… Աստված երբեմն մեզ համար պատրաստում է «անակնկալներ», որոնք առաջին հայացքից մեզ համար տհաճ են ու ոչ ցանկալի, սակայն Աստված այդ անակնկալների միջոցով բարձրացնում է մեզ, ցույց է տալիս իր կամքը:

Եթե այսօր քո կյանքում կան նման «անակնկալներ», ապա ուզում եմ քեզ քաջալերել՝ վստահիր Աստծուն և մի՛ վախեցիր. նայիր երկինք ու դավանիր, որ քո արդարությունը, քո հույսը, քո փրկությունը Տիրոջ մեջ է: Աստված արդար է այսօր և հավիտյան…

37 դիտում