Կիրակնօրյա ծառայություն. Փրկությունը բոլորի համար է. Մարկուս Արդենֆորս

Ո՞վ կարող է երկինք մտնել: Արդյոք այն բոլորի՞ համար է, թե՞ հատուկ մարդկանց: Գործք 10.1-8-հատվածում խոսվում է Կոռնելիոս անունով  հռոմեացի հարյուրապետի մասին: Նա բարեպաշտ, ողորմած մարդ էր, աղոթում էր Աստծուն, ու հանկարծ հայտնվում է հրեշտան ու ասում՝ քո աղոթքներն ու ողորմությունները երկինք հասան: Հետո հրեշտակը պատվիրում է մարդ ուղարկել Պետրոսի հետևից, ով պիտի նրան ասեր իր անելիքը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ հրեշտակն ինքը ամբողջը չպատմեց Կոռնելիոսին, ինչո՞ւ պատվիրեց մարդ ուղարկել ինչ-որ մեկի հետևից: Եվ Կոռնելոիսն ուղարկում է իր մարդկանց: Նույն ժամանակ Պետրոսը բարձրացել էր իր տանիքն ու աղոթում էր, ու նա մի տեսիլք տեսավ. երկնքից ծածկոց էր իջնում ամենատարբեր կերակուրներով: Որպես հրեա՝ նա չէր կարող ուտել այդ բոլոր ուտելիքները, սակայն լսվում է մի ձայն, որ պատվիրում էր ուտել… Նա չէր հասկանում իր տեսիլքի իմաստը, մտածում էր դրա մասին, երբ Կոռնելիոսի մարդիկ եկան նրա մոտ: Սուրբ Հոգին պատվիրեց նրան հետևել այդ մարդկանց:

Հավատքի քայլ արա, երբ լսում ես սուրբ Հոգու ձայնը,  հնազանդվիր նրան: Պետրոսը պետք է հավատքի քայլ աներ ու գնար Կոռնելիոսի տուն, ու նա դա արեց:

«Պետրոսը իր բերանը բանալով ասաց. Ճշմարտությամբ հասկանում եմ, որ Աստված աչառ չէ. Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10.34-35)

Պետրոսը քայլել էր Հիսուսի հետ, տեսել էր հրաշքներ ու նշաններ, բայց նա մտածում էր, որ Ավետարանը միայն հրեաների մասին է: Աշակերտները չէին պատկերացնում որ ոչ հրեաները կարող են ներգրավված լինել փրկության ծրագրի մեջ: Այդ տեսիլքի ու Կոռնելիոսի միջոցով Պետրոսը հասկացավ, որ փրկությունը բոլորի համար է: Պետրոսի պատգամից հետո Կոռնելիոսն ու ներկաները մկրտվեցին Սուրբ Հոգով: Սա հրաշալի է: Երբ Պետրոսը տեսավ սա, ասաց՝ չենք կարող արգելել այս մարդկանց մկրտվել…

Պետրոսը վերադարձավ Երուսաղեմ մեծ ուրախությամբ, սակայն Երուսաղեմում այլ իրավիճակի հանդիպեց: Նրան մեղադրեցին հեթանոսների հետ հաղորդակցվելու համար: Երբեմն մենք կարիք ունենք նայելու ինքներս մեր սրտերին, որ մենք միշտ քայլենք Սուրբ Հոգու ճանապարհով: Շատ հեշտ է լինել կրոնավոր ու մեղադրել բոլոր նրանց, ովքեր մեզ պես չեն մտածում: Հիսուսի պատվերը հստակ էր՝ գնալ Երուսաղեմ ու մինչ աշխարհի ծայրերը, սակայն դա անհասկանալի էր դեռևս աշակերտների համար:

«Եվ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. Հովհաննէսը ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվիք։ Ուրեմն՝ եթե Աստված միևնույն պարգևը տվավ նրանց, ինչպես և մեզ, որ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ապա ես ո՞վ էի որ կարողանայի Աստծուն արգելել։ Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին և փառավորում էին Աստծուն՝ և ասում էին. Ուրեմն հեթանոսներին էլ Աստված կյանքի համար ապաշխարություն տվավ» (Գործք 11.16-18):

Գործք Առաքելով 15-րդ գլխում ևս աշակերտները տարակարծիք էին այս ամենի նկատմամբ, սակայն Պետրոսը դարձյալ խոսում է այն մասին, որ բոլորն են կանչված փրկության և պարտադիր չէ, որ ուրիշները ունենան նույն սովորությունները, ինչ հրեաները:

Մի՛ բարդացրեք մարդկանց՝ Հիսուսին դառնալը: Առաջին օրը Երևանում ես այցելեցի ձեր մատենադարանն ու հիացա ձեր ձեռագրերով, ձեր Աստվածաշնչերով, բայց ես ուրախ եմ, որ այսօր դուք կարդում եք Աստվածաշունչը ձեզ հասկանալի լեզվով: Կան Աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք անփոփոխ են՝ անկախ մարդկանցից ու ժամանակներից, սակայն կան բաներ, որ պիտի բաց լինենք՝ ընդունելու Տիրոջից: Այժմ Եվրոպան լցված է փախստականներով, ու սա մեզ համար նոր մարտահրավեր է՝ բաց լինել նրանց համար, փորձել ինչ-որ կերպ շահել նրանց, ցույց տալ Քրիստոսին: Մեր սովորությունների հետ միասին մենք կարիք ունենք Հոգու հայտնության, որովհետև Աստված ուզում է հասանելի լինել բոլորին: Սա չի նշանակում հաստատուն չկանգնել Աստծո Խոսքի վրա: Երբ առաջին դարի եկեղեցին հասկացավ, որ Ավետարանը բոլորի համար է, միայն այդ ժամանակ նրանք կարողացան փոխել աշխարհը:

Եթե դու հովիվ ես, միսիոներ կամ տաքսու վարորդ, ով էլ լինես, մենք այստեղ ենք՝ Ավետարանը մարդկանց փոխանցելու և ճանապարհը ցույց տալու համար: Թող Աստված օրհնի ձեզ:

Ինչո՞ւ հրեշտակը ինքը չխոսեց Կոռնելիոսի հետ, որովհետև այդ հայտնությունը պետք էր Պետրոսին, աշակերտներին, առաջին դարի եկեղեցուն ու մեզ, որպեսզի հասկանանք՝ փրկությունը բոլորի համար է:

94 դիտում