Օգտագործիր քո բոլոր հնարավորությունները. Ղուկաս Թովմասյան

Աստված բոլորիս սիրում է հավասարապես և տարբերություն չի դնում մեր միջև` անկախ բնավորությունից և սովորություններից: Եվ Նա մեզ հնարավորություն է տալիս ճիշտ գործելու  ու ապրելու: Աստված ճանաչում է մեզ ներսից, երբեմն հենց այդ ներսում մենք ունենում ենք արդեն կայացրած որոշումներ և բողոքներ: Մենք կարող ենք բերանով չբողոքել, բայց սրտով կռիվ տալ, բայց Աստված ամեն բան տեսնում է:

Մենք պետք է օգտագործենք Աստծո տված բոլոր հնարավորությունները: Ի՞նչ գիտենք, թե վաղը ինչ անակնկալ կմատուցի մեզ: Մենք երբեմն կասկածանքով ենք մոտենում, ասելով, թե եթե Աստված կամենա, սակայն Նա արդեն կամեցել է, որ դու քո ժամանակը ճիշտ օգտագործես:

Աստված ցանկանում է մեզ ամրացնել, որպեսզի չնայենք մեր ուժին, այլ Իր խոսքի զորութունը:

Դավիթը անգամ ամենածանր իրավիճակում կարողանում էր հիշել, որ ինչ էլ լինի Աստված իրեն չի թողնելու, մենք էլ կարող ենք այսպես և պետք է անենք այսպես: Երիտասարդությունը այնքան աննկատ կարող է անցնել և մի օր մենք կնկատենք, որ այն ուժը, որ ունեինք պակասել է: Աստված ուզում է, որ մեր ջիղն ու եռանդը ճիշտ կերպով օգտագործենք:

Կյանքը շատ արագ է անցնում, գրեթե աննկատ: Շատերը ասում են, չենք կարողանում, սակայն ես հավատում եմ, որ ով որ Աստծուն ունի, Նա կարող է անել ամեն բան: Երբ նայում ենք մեր դժվարություններին կամ խնդիրներին չենք կարողանում օգտագործել մեր բոլոր հնարավորությունները:

Երբ մենք Աստծո տունն ենք կառուցում, Աստված էլ մեր տունն է կառուցում: Զոհաբերությունը այն է, որ թողնես որևէ բան և գործես Աստծո համար: Եթե դու սիրտ ունես Աստծո համար, Աստված էլ մեծ սիրտ ունի քեզ համար:

Իմ այսօրվա կոչը սա է քեզ, որ կյանքը կարող է շատ արագ անցնել, բայց դու քեզ հետ հաշվի նստիր, քննիր քո կյանքը, մտածիր արդյո՞ք որևէ բան անում ես օրվա մեջ Աստծո համար:

«Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. Եվ այդ ամենքը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33):

Երբեք մի նայիր քո կարողությանը և ուժին, այլ նայիր Աստծուն և օգտագործիր քո բոլոր հնարավորությունները:

15 դիտում