Կիրակնօրյա ծառայություն. Լեզու. Հայկ Գրիգորյան

Հայկ

«Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում  նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։ Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նորանք հնազանդեն մեզ, եւ նորանց բոլոր մարմինը կառավարում ենք։ Ահա նաւերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ։ Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։ Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։ Որովհետեւ գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնութիւնը նուաճուած է եւ նուաճվում է մարդկային բնութիւնից։ Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ նուաճել, մի անզուսպ չար է՝ լցուած մահաբեր թոյնով։ Նորանով օրհնում ենք Աստուած եւ Հայրը, եւ նորանով անիծում ենք մարդկանց, որ Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են։ Միեւնոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւն եւ անէծք. Պէտք չէ, եղբարքս, որ սա այսպէս լինի։ Մի՞թէ մի աղբիւր նոյն ակնից քաղցր եւ դառն ջուր կ’բղխէ։ Մի՞թէ կարելի է, եղբարքս, որ թզենին ձիթապտուղ բերէ, կամ որթը թուզ. Այնպէս էլ աղի աղբիւրը չէ կարող քաղցր ջուր հանել» (Հակոբոս 3.2-13):

Ձին մեծ կենդանի է, բայց կառավարվում է սանձով, նավը, մեքենան կարող է կշռել մի քանի տոննա, բայց ղեկով կարող ես կառավարել այն: Բժշկությունն ասում է, որ լեզուն մարդու ամենաամուր մկանն է, սակայն լեզվի ուժը ոչ թե իր մկանի ֆիզիկական զորությունն է, այլ էությունը, որ արտահայտում է շատ ժամանակ մտքի մտածածը: Սուրբ Գիրքն ասում է՝ լեզուն կրակի բոց է: Պատկերացրեք, շատախոսին ասեք՝ լուռ մնա…

Սուրբ Գիրքն ասում է՝ չես կարող նվաճել լեզուն, բայց բավական է, որ ղեկավարը բանիմաց լինի, հմուտ լինի, ու կկարողանա կառավարել այն: Աստված է տալիս մեզ շնորհ և իմաստություն՝ կառավարելու լեզուն:

Առակաց գիրքն ասում է՝ լեզվից կբխի մահ կամ կյանք: Քո լեզվի վրա մեծ պատասխանատվություն է դրված: Լեզուն ենթարկվում է քեզ, իսկ դու ո՞ւմ ես ենթարկվում, քեզ ո՞վ է կառավարում:

«Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կպահէ» (Առակաց 21.23):

Ով որ կարողանա զսպել իր լեզուն… Դժվար է զսպել լեզուն, սակայն ամեն բան գալիս է սրտից: Ինչպիսի՞ սեր ես արտահայտում դիմացինի նկատմամբ: Հաճախ կարող ես բռնացնել քեզ՝ ասելով, արդյոք իմ ասածը Տիրոջի՞ց էր, արդյոք այն փառավորե՞ց Աստծուն:

«Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. Բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12.18):

Որքան է եղել, երբ մեր շուրջը գտնվող մարդիկ խոցոտել են մեզ լեզվով: Ուզո՞ւմ ես կառավարես լեզուդ, գնա և ներողություն խնդրիր: Երբեմն մեր մարդկային իմաստությունը սկսում է դրդել մեզ՝ խոսելու, ասելու ավելորդ բառեր, բայց կարևոր է ամեն ժամանակ լսել Սուրբ Հոգու ձայնը: Մի՛ լռեցրեք Սուրբ Հոգու ձայնը: Աստված տվել է քեզ իշխանություն և իմաստություն: Աստված քեզ այնպիսի իշխանություն է տվել, որ քո լեզուն կարող է բժշկություն գործել:

Ասե՞լ ես բաներ, որ Աստծուն հաճելի չեն եղել, ուղղիր սխալդ: Լեզուն կարող է կրակ լինել, բայց կարող է նաև օրհնության յուղ լինել:

«Եւ իմ լեզուն թող պատմէ քո արդարութիւնը, եւ ամեն օր քո գովասանքը» (Սաղմոս 35.28):

Թող քո լեզուն մշտապես օրհնի ու գովաբանի Աստծուն, պատմի Նրա գործերը, մեծարի Նրան: Հոգ տար սրտիդ համար, որովհետև երբ սիրտդ մաքուր է, լեզուդ էլ սկսում է մաքրվել:

Մարդուն մի քանի խոսքով կարող ես օրհնել, կարող ես նաև ինքնասպանության հասցնել: Որքան է լինում, երբ խոսքերով վիրավորում ես քրոջդ կամ եղբորդ: Խոսքն այն մասին չի, թե չպետքա հանդիմանենք, բայց ամեն բան պետք է սիրով համեմված լինի: Դարձիր խաղաղության աղավնի, ոչ թե կրակ, որ ավելի բոցավառվի:

40 դիտում