Կիրակնօրյա ծառայություն. Էլ-Ռոյի Աստված. Արտավազդ Թադևոսյան

«Տերը մտիկ է անում երկնքից. տեսնում է մարդկանց ամեն որդիքը: Իր բնակության վայրից նայում է երկրի ամեն բնակիչների վրա: Նրանց ամենի սիրտը ստեղծողը, նրանց ամեն գործքերը տեսնողը» (Սաղմոս 33.13-15):

Աստված պատմության Աստվածն է՝ ոչ միայն ներկայի, այլ նաև անցյալի և գալիքի: Աստված Ինքն է պատմություն կերտում, և շատ իրավիճակներ ու հանգամանքներ Աստված անում է այնպես, ինչպես Իր կամքն է, ինչպես բարի է մեզ համար: Շատ ժամանակ չենք հասկանում, չենք իմանում ինու, ինչպես և ուր է տանում, բայց ինքը Աստվածն է, որ ամեն բանգիտի և ամեն բան տեսնում է: Երանելի մարդ ես, եթե թույլ ես տվել քո կյանքի ընթացքն ու պատմությունն Աստված կերտի: Երբեմն մտածում ենք, թե Նա չի տեսնում, չի լսում, տեղյակ չի, բայց Նա ամեն բան գիտի, Նա քո կողքին է, նա տեսնում և լսում է, և Նա Տերն է՝ ոչ թե անունով, այլ կյանքով և իրականությամբ:

Ղուկաս 24-ում ներկայացված է մի պատմություն`Հիսուսն ու Էմմավուս գնացող աշակերտները: Աշակերտները չճանաչեցին Հիսուսին, բայց Հիսուսը շատ մոտ էր, Նա էր այնտեղ: Երբեմն մեր կյանքում էլ լինում են նման պարագաներ… Մենք կարիք ունենք, որ մեր աչքերը բացվեն, ու տեսնենք Նրան, հասկանանք, որ Նա տեղյակ է ու գիտի, և Նա գիտի ավելին, Նա տեսնում է այսօրվանից ու այստեղից էլ այն կողմ և չկա մի բան, որ կարողանաս թաքցնել Նրանից: Հիսուսն անձամբ ներկա է այդ կյանքի մեջ:

«Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. Եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը։ Եւ Եհովայի հրեշտակը գտաւ նորան անապատումը ջրի աղբիւրի մօտ Սուրի ճանապարհի վերայ լինող աղբիւրի մօտ Եւ ասեց. Ով Սարայի աղախին Հագար, ո՞ր տեղից ես գալիս, եւ ո՞ւր ես գնում։ Եւ նա ասեց. Ես իմ տիկին Սարայի երեսիցը փախչում եմ։ Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր։ Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. * Քո սերունդը շատ շատացնելու եմ, եւ շատութիւնից չհամարուիլ։ Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ահա դու յղի ես. Եւ որդի կծնես, եւ նորա անունը Իսմայէլ կդնես, որովհետեւ Եհովան լսեց քո տառապանքը։ Եւ նա մի վայրագ մարդ կլինի. Նորա ձեռքը ամենի դէմ, եւ ամենի ձեռքը նորա դէմ կլինի, եւ նա իր բոլոր եղբայրների առաջին կբնակուի» (Ծննդոց 16.6-12):

Շարունակության մեջ Հագարը պատասխանում է  «Եւ նա իր հետ խօսող Եհովայի անունը կանչեց, թէ Դու իմ տեսիլքի Աստուածն ես որովհետեւ ասաց. Արդեօք էլ կտեսնե՞մ այստեղ իմ տեսիլքից յետոյ։ Վասն որոյ այն ջրհորի անունը Լահայրօյի ջրհոր դրաւ, ահա նա Կադէսի եւ Բարադի մէջտեղն է» (Ծննդոց 16.13-14): Հագարն աղաղակեց`Էլ-Ռոյի Աստված, Աստված, որ տեսնում է: Աստված հանդիպեց Հագարին ու դիմեց հենց այնպես, ինչին նա ընդդիմանում էր`«ով Սարայի ծառա»: Աստված տեղյակ էր պատմությանը: Աստված տեսնում է քեզ ու քո պատմությունը, քո վաղվա օրը, որովհետև Նա Էլ-Ռոյի Աստված է, չկա մի բան, որ կարողանանք թաքցնել Նրանից: Դու կարող ես որևէ մեկի առաջ կեղծավորություն անել և ցույց տալ քեզ այնպես, ինչպիսին իրականում չես, սակայն Նա տեսնում է քեզ հենց այնպես, ինչպես որ դու կաս, Նա տեսնում է քո աղոթքից ու խնդրվածքից այն կողմ էլ, որովհետև Նա ամենատես Աստված է:

Նա տեսնում է, և Նրա համար կարևոր է այն, ինչի միջով անցնում ես`քո դժվարությունը, քո տառապանքը, քո կորուստները, քո ֆինանսական ու ընտանեկան խնդիրները… Նա տեսնում է: Այդ տառապանքի մեջ ես ուզում եմ այսպիսին լինել և հորդորում եմ, որ դու էլ նույնն անես`աղաղակիր Նրան: Մի՛ հանձնվիր ու մի՛ համակերպվիր, աղաղակի՛ր Նրան: Սիրելի՛ս, եթե անգամ քեզ վտանգ է սպառնում, Աստված տեսնում է քեզ, Նա Ինքը ամեն բան կանի քո փոխարեն, կանչիր Նրան:

Աստված տեսնում է, և կարևոր է Նրա համար քո կարգավիճակը`ո՞վ ես, ինչպիսի՞ կարգավիճակում ես, ի՞նչ ես ուզում: Նա Հագարին հարցրեց, թե որտեղից ես գալիս և ուր ես գնում, այսինքն`ես գիտեմ քեզ, քո կարգավիճակը կարևոր է ինձ համար, ի՞նչն ես ուզում քո մտածածով անել. Ես գիտեմ ամեն բան, Ես տեսնում եմ քո կարգավիճակը, և այն Ինձ համար կարևոր է: Հնազանդվիր, խոնարհվիր Աստծո առաջ ու թույլ տուր, որ Նա գործի…

26 դիտում