Կիրակնօրյա ծառայություն. Աստծո սիրտը. Արտավազդ Թադևոսյան

Arto

Արդյո՞ք մեր սիրտը համապատասխանում է Աստծո սրտին: Մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ Աստված սիրում է բոլորին, նաև նրանց՝ ովքեր հայտնվել են կորստյան եզրին, ովքեր հայտնվել են անդունդի մեջ: Մեր կյանքը մենք տվել ենք Նրան և ձգտում ենք ապրել Նրա խոսքի համեմատ, բայց ուզում եմ հիշեցնել Հիսուս Քրիստոսի վերջին խոսքերը՝ «Գնացեք և ամբողջ աշխարհը Ավետարանը քարոզեք»:

Հիսուս Քրիստոսի վերջին պատվերը պիտի լինի իմ առաջնային մտահոգությունը: Արդյո՞ք քեզ համար այդպես է: Եվ հաջորդ հարցը՝ արդյո՞ք քեզ համարում ես Հիսուս Քրիստոսի աշակերտը, ոչ թե փրկված հետևորդ, այլ աշակերտ, որ հետևում է Նրան և Նրա ասածներին: Երբևիցե եղած ամենամեծ պատգամը սա է: Եկեղեցում քանի՞ հոգի կան, որոնց փրկության պատճառը դու ես դարձել…

«Եվ Աստված ասաց. Երկիրը կանաչ խոտ բուսցնի՝ սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իրանում լինի՝ երկրի վրա։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը, և բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը եռացին նրանցով նրանց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչուններն իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասաց. Երկիրը շնչավոր կենդանի հանի իր տեսակի պես, անասուններ և սողուններ և երկրի գազաններ իրենց տեսակի պես։ Եվ այնպես եղավ» (Ծննդոց 1.11, 20, 24): 

Աստված է պատվեր տվողը, Նա պատվեր տվեց հողին, ջրին, երկրին, ու եթե այսօր խոտը պոկենք հողից, կչորանա, ձուկը հանենք ջրից, կսատկի, կենդանական աշխարհը հեռացնենք երկրից, կոչնչանան: Մարդուն ստեղծելիս պատվերը վերաբերում էր Իրեն:

«Եվ Աստված ասաց. Մեր պատկերովը և մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների, և անասունների և բոլոր երկրի վրա, և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդոց 1.26):  Պատվեր տվողն Աստված է, և Նա պատվեր է տալիս Իրեն: Ու ինչպես եթե բուսականությունը, կենդանական աշխարհը հեռացնենք իրենց տեղից, նրանք կոչնչանան: Նույն կերպ, երբ մարդը հեռացած է իր տեղից, նա կմահանա: Սա է ավետարանչությունը՝ մարդկանց վերադարձնել այնտեղ, որտեղ իրենք պիտի լինեն՝ Աստծո ներկայության մեջ:

Ղուկաս Ավետարանի մեջ (15-րդ գլուխ) խոսում է 99 և 1 ոչխարի մասին: Նա կթողնի 99 փրկվածին ու կգնա մեկի հետևից՝ փրկելու նրան: Ո՞վ է այն մեկը, նա, ով հեռացել է Աստծո ներկայությունից: Եթե դու դեռևս քո կյանքը չես հանձնել Քրիստոսին, իմացիր, երկնքի ամբողջ ուշադրությունը քեզ վրա է, և քո փրկությունը երկնքում ցնծություն է բերելու: Նմա՞ն է արդյոք քո սիրտը Աստծո սրտին: Ցավոք, երբեմն մեր սիրտը նմանվում է անառակ որդու մեծ եղբոր սրտին…

Մինչդեռ մենք ուզում ենք տարբեր բաներ Աստծուն, խնդրում օրհնություն, կենցաղային ինչ-որ հարցեր, Աստված ամեն բան հոգում է, օրհնում է, բայց ասում է՝ «Լսի՜ր, մի պահ կանգ առ ու լսիր իմ սրտի զարկը, տես, թե ինչպես եմ ես ցավում կորսվողների համար: Ոչ միայն նրանց կորուստն է ինձ ցավ պատճառում, այլ նաև քո անտարբերությունը՝ նրանց նկատմամբ»:

Ամբողջ պատմության ընթացքում Աստծո մտահոգությունը եղել է մարդկանց փրկությունը՝ թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում: Հիսուս Քրիստոսն էլ եկավ երկիր հենց դրա համար՝ ցույց տալու Աստծո սիրտը կորսվող մարդու համար: Նրանից հետո էլ եկեղեցին շարունակեց աշխարհը տակնուվրա անել՝ տարաժելով Աստծո Խոսքը: Ի՞նչ ենք անում մենք այսօր, ի՞նչ կասես քո մասին:

«Ես ունեմ մոմի նման մի կյանք, և ես կամենում եմ վառել այն այնտեղ, որտեղ խավար է, ոչ թե այնտեղ, ուր լույսի հեղեղներ են»,- ասել է ճանաչված միսիոներներից մեկը: Ինչպիսի՞ն է քո սիրտն ու քո մոտեցումը:

Ինչպե՞ս կարող ենք վկայել Քրիստոսի մասին:

  1. Սիրելու միջոցով. Հովհաննես 15.46
  2. Բարի գործերի միջոցով. Մատթևոս 5.16
  3. Մեր միասնության միջոցով. Հովհաննես 17.21
  4. Մեր խոսքի միջոցով. Ա Կորնթացիս 15.1-2
  5. Օգտագործիր ամեն հնարավորություն`Ավետարանը քարոզելու համար: Ա Կորնթացիս 1.1

«Խոսքը քարոզիր. Վրա հասիր թե ժամանակին լինի թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնմտությունով և վարդապետությունով» (Բ Տիմոթեոս 4.2): Երբեք մի՛ ասա, թե ժամանակը չի, որովհետև Աստծո Խոսքը պատվիրում է խոսել անգամ ժամանակից դուրս:

59 դիտում