Կիրակնօրյա ծառայություն. Ինչպես հավատաս, այդպես էլ Աստված կգործի. Կարեն Թադևոսյան

Karen

«Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը՝ և չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիս 11.1):

Աստված երբեմն մեզ տալիս է փոքրը՝ մնացածը թողնելով մեր հավատքին ու մեր պայքարին: Աստված ամենակարող Աստված է: Աստված հավատքի Աստված է: Ի՞նչ է հավատքը: Այն հուզական ինչ-որ բան չէ միայն, պարզապես ինչ-որ մի ցանկություն կամ փափագ, այլ ավելի խորն է: Հիսուսն ասաց՝ ամեն բան կարելի է հավատացողին: Աստված գործում է քո հավատքի հիմքի վրա: Մի՛ շփոթիր էմոցիոնալ վիճակդ հստակ արտահայտված հավատքի ու համոզմունքի հետ: Միայն երազող մի՛ եղիր, այլ եղիր հավատքով մեկը:

Եղիան ու Եղիսեն հավատքի մարդիկ էին, նրանք վստահորեն խոսում էին Աստծո անունից ամեն տեղ: Սա գալիս էր հավատքի խորը համոզմունքից:

Հռոմեացի հարյուրապետի հավատքը  (Ղուկաս 7.1-10) գովվեց Հիսուսի կողմից: Նա իրեն համարեց անարժան, որ Հիսուսը գնա իր տուն և հավատքով ասաց, որ միայն Հիսուսի խոսքն էլ բավարար կլինի: Հիսուսը զարմացավ նրա հավատքի վրա: Ինչպես հավատաց հարյուրապետը, այնպես էլ գործեց Հիսուսը:

Աստված մեզ հավատքի ձև չի տալիս, ինչ-որ մի ուղղություն չի տալիս. Նա ազատության Աստված է: Սուրբ Գրքի հերոսների կյանքում Աստված գործում էր տարբեր կերպերով: Հավատքը կապակցված է գործերի հետ: Հավատքը տեղում նստելով չի լինում, այլ գործողությամբ պիտի դրսևորվի:

Տեռատես կնի պարագայում այլ էր: Եթե հարյուրապետը վստահ էր, որ Հիսուսի խոսքն էլ բավարար է, ապա այս կնոջ վստահությունն այն էր, որ նա դիպչեր Հիսուսին: Նա համոզմունք և իրական հավատք ուներ՝ միայն դիպչեր Հիսուսի հանդերձին ու կբժշկվի: Ո՛չ հարյուրապետի պարագայում, ո՛չ այս կնոջ դեպքում նրանք նախադեպեր չունեին իրենց հավատքի գործածության. էական է ոչ թե ձևը, կերպը, այլ հիմքում եղած հավատքը:

Աստված ուզում է տեսնել քո հավատքը, Աստված ուզում է զարմանալ քո հավատքի վրա: Անհավատությամբ Նրան շատ ենք զարմացրել, եկեք հավատքով զարմացնենք: Սա է Աստված ուզում:

Մանանեխի հատի չափ փոքր հավատքն է, որ կարող է մեծ գործեր անել: Աստված կարո՛ղ է գործածել քո ունեցած քիչը և փոքրը: Հրաշք անելու համար նա մեծ ու շատ բաների կարիք չունի: Աստված ուզում է տեսնել քո անկեղծ հավատքը: Մեկը հպման վրա դրեց շեշտը, մյուսը՝ Խոսքի, հոգ չէ, Տերը կպատասխանի, միայն թե լինի անկեղծ հավատքը:

Հովհաննես 21-ում Հիսուսը մոտեցավ աշակերտներին ու ուտելու բան ուզեց, հետո էլ պատվիրեց, որ ուռկանը գցեն աջ կողմը: Հիսուսը ձկան կարիք ունե՞ր: Ո՛չ, երբ աշակերտները եկան ափ, Նա արդեն այնտեղ ձուկ էր խորովում: Բայց ուզեց նաև աշակերտների բռնած ձկները: Նա ունի ամեն բան, բայց ուզում է նաև մեր ունեցածը օրհնել:

«Բայց նրան՝ որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի քան որ խնդրում ենք և իմանում, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է.» (Եփեսացիս 3.20):

Զորությունը, հոգին, Աստծո ներկայությունը, Երրորդությունը… մեր մեջ է: Աստված ուզում է գործել ու քեզ գործածել: Տերը կարո՛ղ է բոլորին գործածել, հավատա, առանց որևէ հիմքի, որովհետև հավատքն ինքին արդեն հիմք է: Զորությունը մեզանում արդեն ներգործված է: Հնարավո՞ր է Հայաստանում օրհնություն, հնարավո՞ր է իմ ընտանիքում օրհնություն, այո՛ և ամե՛ն: Մի՛ ծրագրավորիր Աստծո գործելակերպը, ուղղակի հավատա: Հայրոսի ծրագիրը մինչ աղջկա մահանալն էր. քանի դեռ նա մահամերձ էր, Հիսուսը կարող էր բժշկել, բայց երբ մահացավ, Հայրոսի ծրագիրն ավարտվեց: Երբ ավարտվեց Հայրոսի ծրագիրը, այդ ժամանակ միայն սկսվեց Հիսուսինը: Մի՛ փորձիր տեսնել, նոր դավանել, վերցնել, նոր հռչակել, դա հավատք չէ:

Եղիան երբ պայքարում էր Բահաղի մարգարեների դեմ, նա հավատքի վստահության քայլ էր անում: Ջուր չկար, բայց նա պավիրեց 12 դույլ ջուր լցնել, սա համոզմունք էր, որ Աստված լսելու է և պատասխանելու: Նրա կարճ աղոթքին հաջորդեց երկնքից իջնող կրակը, որ այրեց ամեն բան: Բայց հետաքրքիր է, որ հաջորդ անգամ երբ նա աղոթում էր, վեց անգամ աղոթեց ու դեռ ոչինչ չկար և միայն յոթերորդ անգամ էր, որ Աստված լսեց ու պատասխանեց: Մի՛ հիմնվիր փորձառությունների վրա, պարզապես հավատա: Եկեղեցին փառավոր մի վայր է, որտեղ Տերը զորություններ պիտի գործի:

81 դիտում