Ավարտվեց «Երկնային օրեր» 2017 ճամբարը

cover

Ահա և ավարտվեց, կարող ենք ասել, տարվա ամենահիշարժան օրերը: Բոլորս, կարծես կտրվելով աշխարհից, «լիցքավորվեցինք» Աստծո նեկայությամբ, վերցրինք բազում օրհնություններ, ձեռք բերեցինք նոր ընկերներ, վայելեցինք գեղեցիկ բնությունը և մեր հիշողության մեջ մի լուսավոր ու գունավոր էջ էլ ավելացրինք:

Հունիսի 27-ից հուլիսի 15-ը երեք հերթափոխերով Բուժականում ընթանում էր «Վերնատուն» եկեղեցու ամառային ճամբարը՝ «Երկնային օրեր»-ը: Ընտանեկան, մանկապատանեկան և երիտասարդական հերթափոխերը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս անասելի օրհնության պատճառ հանդիսացան հարյուրավոր ճամբարականների համար:

Առավոտյան «Վերկաց»-ից մինչ «Բարի գիշեր» ճամբարականների օրն անցնում էր հագեցած և բազմաբնույթ, և յուրաքանչյուր ճամբարական, անկախ տարիքից, իսկապես վայելում էր երկնային օրեր:

Ընտանեկան հերթափոխը անցավ բավականին հագեցած և օրհնյալ պայմաններում, գլխավոր թեման ընտրված էր «Աստծո սպառազինությունը և Երկնքի Արքայությունը», մասնակիցները օրըստօրե զինվում էին ճշմարտության գոտիով, արդարության զրահով, խաղաղության կոշիկներով, հավատքի վահանով, փրկության սաղավարտով , հոգու սրով և օրն էլ ամփոփվում էր զորավոր աղոթքով ու փառաբանությամբ:

Մանկապատանեկան հերթափոխը նույնպես օրհնյալ ու լուսավոր էր՝ մանուկների ու պատանիների ժպիտներով ու անկեղծ ներկայությամբ լցված: Այս հերթափոխին ճամբարականներին արթնացնելու համար «ճամբար էին ժամանել» մի քանի ծաղրածու, ովքեր ամեն առավոտ ուրախացնում էին երեխաներին իրենց ներկայությամբ և հումորային համարներով: Երեխաների օրը անցնում էր հագեցած, ակտիվ և օրհնյալ: Հերթափոխի հիմնական թեման էր՝ «Ո՞վ եմ ես», և ուսուցումներն ընդգրկում էին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք էին՝ «Ես և իմ ծնողները», «Ես և իմ դպրոցը», «Ես և իմ ընկերները» և այլն:

Ծառայող ուսուցիչները ջանք ու եռանդ չխնայեցին՝ ամբողջությամբ տրվելով մանուկներին ու պատանիներին ծառայելուն, նրանց օրը հետաքրքիր և յուրահատուկ դարձնելուն, նրանց փոխանցելուն աստվածային կարևոր արժեքներ ու կյանքի դասեր:

Երիտասարդական հերթափոխը նույնպես օրհնյալ ու հաջողված էր, ինչպես փաստում էին ճամբարականները: Երիտասարդներից կազմված հինգ ջոկատները ունեին հետաքրքիր անվանումներ՝ «Ուրախներ», «Յուրահատուկներ», «Խաղաղարարներ», «Զորավորներ» և «Քաջալերողներ», յուրաքանչյուր ջոկատ իր անվան համապատասխան ճամբարի մի օր կազմակերպում էր մասնակիցների «վեր կացը», պատրաստում էր Սուրբ Գրային խոսքերից կազմված համար և ջանք չէր խնայում ուրախացնելու մասնակիցներին ողջ օրվա ընթացքում:

Երիտասրդական հերթափոխի գլխավոր թեման «Սուրբ Հոգին» էր՝ ընդգրկելով թեմաներ մարդ-Աստված և մարդ-մարդ փոխհարաբերությունները:

Երեկոյան զորավոր աղոթքն ու փառաբանությունն օրը դարձնում էին անթերի:

Ճամբարականները, անկախ հերթափոխից, ականատես եղան շատ օրհնությունների, զորությունների, լսեցին բազում վկայություններ, տեսան կյանքի փոփոխություններ, ուխտի նորոգումներ և, վստահ ենք, որ այս օրերը դեռ երկար կպահպանվեն նրանց հիշողությունների մեջ:

Շնորհակալ ենք Աստծուն և բոլոր այն ծառայողներին, ովքեր իրենց ժամանակն ու ուժը ներդրեցին ծառայության մեջ՝ սկսած խոհանոցի ծառայողներից ու ճամբարի անձնակազմից, քարոզիչներից, ջոկատավարներից, ուսուցիչներից ու եկեղեցու հովիվներից՝ ի դեմս ավագ հովիվ Նոդար Թադևոսյանի:

DSCF7046 IMG_0014 (2) IMG_0044 IMG_0174 IMG_0222 IMG_0264 IMG_0298 IMG_0355 IMG_0375 IMG_0377 IMG_0381 IMG_0385 IMG_0391 IMG_2100 IMG_5054 IMG_5088 IMG_5248 IMG_5539 IMG_5826 IMG_5878 IMG_6042 IMG_6306 IMG_6314 IMG_6375 IMG_6625 IMG_6956 IMG_7021 IMG_7310 IMG_7334 IMG_7406 IMG_7632 IMG_7693 IMG_7877 IMG_8481 IMG_8629 IMG_8634 IMG_8666 IMG_8707 IMG_8736 IMG_8771 IMG_8776 IMG_8804 IMG_8857 IMG_8898 IMG_9035 IMG_9085 IMG_9158 IMG_9203 IMG_9245 IMG_9322 IMG_9394 IMG_9440 IMG_9451 IMG_9492 IMG_9505 IMG_9509 IMG_9771 IMG_9844

138 դիտում