Կիրակնօրյա ծառայություն. Ողորմություն եմ կամենում, և ոչ թե զոհ. Արտավազդ Թադևոսյան

Arto

«Բայց երբ որ Հիսուսը լսեց, նրանց ասաց. Առողջները բժշկի կարոտ չեն, այլ հիվանդները։ Գնացեք սովորեցեք՝ թե ի՞նչ է. Ողորմություն եմ կամենում՝ և ոչ զոհ. Որովհետև ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Մատթևոս 9.12-13):

Արդյոք Աստված զոհ չի՞ ուզում… Զոհ մատուցվում էր հիմնականում մեղքերի թողության համար, և եթե նայենք այս տեսանկյունից, կարող ենք ասել՝ Հիսուսը չի ուզում, որ մենք մեղքեր ունենանք, և հետևաբար չէր ուզենա նաև զոհ: Բայց իրավիճակն այնպիսին էր, որ Աստված զոհ ուզեց և Իր Որդուն էլ ուղարկեց՝ զոհ լինելու: Նա զոհ արեց, որպեսզի ողորմություն լիներ: Զոհը օրենքի արդարացի պահանջն է, իսկ ողորմությունը ներկայացնում է Աստծո շնորհը, որ ներում է անարժանին:

«Որովհետև ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ, և Աստծո գիտություն՝ քան թե ողջակեզներ» (Ովսե 6.6): Տերը նախապատվոթյունը տալիս է ոչ թե զոհին, այլ ողորմությանը:

Ո՞վ էր Ովսե մարգարեն: Աստված խոսեց նրա հետ և ասաց՝ գնա և ամուսնացիր անառակ կնոջ հետ: Այս քայլը հեշտ չէր, բայց Ովսեն հնազանդվեց Նրան և ամուսնացավ նրա հետ: Բայց այս կինը ժամանակներ անց թողեց ու հեռացավ՝ վերադառնալով իր անառակությանը: Աստված թույլ տվեց, որ իր ծառան զգա այն, ինչ Ինքն է զգում, որ Իր ժողովուրդը հասկանա Իրեն ու Իր սիրտը:

«Որովհետեւ նորանց մայրը անառակացաւ. Խայտառակուեցաւ նորանց ծնողը որ ասեց. Գնամ իմ հոմանիների ետեւից, որոնք որ տալիս են իմ հացը եւ ջուրը, բուրդն ու քթանը. Իւղս եւ խմելիքներս։ Դորա համար ահա ես փուշերով ցանգ պիտի քաշեմ նրա ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չգտնէ։ Եւ նա կգնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կորոնէ, բայց չի գտնիլ. Այն ժամանակ կասէ. Ետ դառնամ գնամ իմ առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։ Եւ նա չգիտէր, որ ես էի տալիս իրան ցորենը, գինին եւ իւղը. Եւ ես նորա արծաթը շատացրի եւ ոսկին. Որոնցով նորանք Բահաղներ շինեցին…

Սրա համար ահա ես նորան կհամոզեմ, եւ նորան կտանեմ անապատը, եւ կխօսեմ նորա սրտի հետ։

Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. Եւ քեզ պիտինշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։ Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կճանաչես Տիրոջը:

Եւ նորան պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ պիտի ողորմեմ չողորմեալին, եւ կասեմ նորան որ իմ ժողովուրդը չէ. Դու իմ ժողովուրդն ես, եւ նա կասէ. Ով իմ Աստուած։» (Ովսե 2.5-8, 14, 19-20, 23):

Աստված խոսում է անառակ կնոջ մասին, և հետո հիշատակում իր ժողովրդին, ովքեր իրեն ճանաչելով թողեցին և գնացին չաստվածների մոտ: Աստված ցավ ու տառապանք ունի կորսված մարդկանց համար: Աստված թույլ տվեց, որ Ովսեն մի փոքր զգա այդ տառապանքը: Յուրաքանչյուր անգամ, երբ մենք այսպես ենք վարվում, ցավ ենք պատճառում Նրան: Նա տվեց մեզ անգամ Իր միածին որդուն, բայց մենք հետ ենք գնում աշխարհ և անարգում ենք Նրա անունը:

Այսօր ուզում եմ տեսնենք այն Աստծուն, ով չի ուզում թողնել Իր ժողովրդին, ով սիրում ու ցավում է նրանց համար:

Աստված խոսեց Աբրահամի հետ`ասելով, որ զոհի իր զավակին: Աբրահամը կարող էր մտածել, որ այս ձայնը Աստծուց չի, Աստված երբեք չէր խոսել զավակ զոհելու մասին, և այսպես մտածելը կլիներ արդարացված:

Հովսեփ, եթե մերժեր ու արհամարհեր եղբայրներին, դա ևս գուցե արդարացված լիներ, սակայն նա ներեց, որովհետև ողորմություն և շնորհ ուզեց:

Սավուղը փնտրում էր Դավիթին սպանելու համար, և գոնե երկու անգամ Դավիթը հանդիպեց նրան ու կարող էր վերջ տալ Սավուղի հետապնդումներին`վերցնելով նրա կյանքը: Արդարացված կլինե՞ր, եթե վերցներ Սավուղի կյանքը: Այո՛, բայց նա գործեց ողորմությոնով ու շնորհով:

Ամեն արդարացված իրավիճակ չէ, որ ճշմարիտ է: Ամեն ճշմարտություն չէ, որ առաջնային է:

«Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։ Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ» (Հովհաննես 1.14, 17):

Շնորհն ու ճշմարտությոնը միասին են, սակայն՝ նախ շնորհը: Մենք մեղավոր ենք ու ճշմարտությունը սա է՝ մենք դատապարտված ենք մահվան: Բայց Աստված ասում է՝ շնորհքը, հետո միայն ճշմարտությունը: Անառակ որդին վատնեց իր ունեցածը՝ անարգելով իր հորն ու եղբորը, ու վերադարձավ: Ճշմարտությունը սա էր՝ «Դու անարժան ես, դու չունես մի բան, որի համար ես քեզ ներեմ»: Իսկ շնորհն այն էր, որ հայրը գրկեց որդուն, մատանին դրեց մատին ու պատմուճան հագցրեց, հետո էլ դուրս եկավ մյուս որդու մոտ ու պաշտպանեց նրան:

Ուզում եմ կոչ անել՝ նմանվենք Հիսուսին: Ճշմարտությունը շատ կարևոր է, բայց գործենք նախ շնորհով: Շնորհն այն էր, որ Հիսուսը չդատապարտեց կնոջը, իսկ ճշմարտությունը սա էր՝ «Գնա, և այլևս մեղք մի՛ գործիր»: Նմանվենք Հիսուսին ու միմյանց հետ փոխհարաբերություն կառուցենք շնորհքով, շնորհքով սիրենք միմյանց ու բարձրացնենք, շնորհքով ծառայենք մեկս մյուսին: Մեր ծառայություններն էլ այսօր զոհեր են, բայց Աստված չի ուզում զոհ՝ առանց ողորմության…

32 դիտում