Կիրակնօրյա ծառայություն. Մեր ուխտը Աստծո հետ. Դավիթ Պարոնյան

David

Արյան ուխտը եբրայերեն բերիթ բառն է, որ նշանակում է կտրված: Ուխտը պիտի կապվի և կատարվի. սա է ուխտի իմաստը: Ուխտի պայմաններից է թշնամիներից պաշտպանելը: Աստված Ինքը նման ուխտ էր կապում իր ժողովրդի հետ: Հաջորդը պայմանը օգնելն է, սատարելը, և երրորդը՝ խորը մտերմությունն է, ինչպես Հիսուսն ասաց՝ «այլևս իմ ծառաները չեք, այլ իմ բարեկամները»:

«Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (Մատթևոս 28.18-19):

Հիսուսն իշխանություն տվեց իր աշակերտներին՝ ուղարկելով նրանց որպես գառներ գայլերի մեջ:

«Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. Ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը» (Եսայա 61.10):

Մենք բոլորս ճանաչում ենք Աստծուն, բայց միշտ չէ, որ կարողանում ենք վստահել Նրան: Աստված չի ուզում մենք ասենք Իրեն անգիր արված խոսքեր, Նա չի ուզում մենք Աստվածաշունչը կարդանք որպես զուտ պարտականություն: Նա ուզում է ամեն բան լինի սիրով: Ուխտը պայմանագիր է, որ ստորագրելուց առաջ նախ կարդում են: Աստված չի ուզում Իր հետ կապված որևէ բան մենք անենք բնազդաբար կամ որ մյուսներն էլ անում են:

Սատանան վախենում է ուխտավոր մարդկանցից, որովհետև նրանց վրա արյան հետք կա. դա Ամենակարողի արյունն է: Շատ ժամանակ մենք լացում ենք, բողոքում, մինչդեռ պիտի օգտագործեինք Աստծո իշխանությունը: Հրեշտակները սպասում են քո հրամաններին:

«Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն» (Եբրայեցիս 1.14):

Դավիթն ու Հովնաթանը միմյանց հետ ուխտ են կապում: Հովնաթանն ասում է Դավթին`իմ մեռնելուց հետո էլ կհիշես մեր ուխտը:

«Եւ ոչ միայն դեռ իմ կենդանութեան ժամանակին դու ինձ Տիրոջ ողորմութիւնը անես, դեռ ես չմեռած» (Ա Թագավորաց 20.14):

Դավիթն այդ ժամանակ հովիվ էր, Հովնաթանը`թագավորի որդի: Դավիթը կարիք ուներ օգնության, և նրանք միասին ուխտ արեցին, ու Հովնաթանը տվեց իր գոտին ու զենքերը: Նույն ուխտը Աստված ուզում է Իր հետ անենք՝ Եփեսացիս 6-րդ գլխում խոսելով սպառազինության մասին:

Երկնքի ու երկրի Տիրակալը քեզ խոստումներ ունի, և դուք ուխտ ունեք միմյանց հետ: Եթե այսօր խնդիրներ ու դժվարություններ ունես, հետ նայիր, գուցե քո ուխտից ինչ-որ բաներ չես կատարում: Աստված հագցնում է մեզ իր սրբության հանդերձները և դրանով տալիս է իշխանություն՝ որդի լինելու: Այդ իշխանությունը մենք կարող ենք օգտագործել, կարող ենք ոչինչ էլ չանել: Շատ հաճախ մենք հռչակում ենք, ասում ենք, բայց երբեք չենք օգտագործում այդ իշխանությունը: Աստված չի տա մեզ մի բան, որ Իր կամքով չի, և չի անի մի բան, որ մենք պիտի անեինք: Նա մեր ուխտի պարտականությունները չի կատարելու:

«Եւ ես կ’տամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը» (Մատթևոս 16.19):

 

77 դիտում