Կիրակնօրյա ծառայություն. Բացված աչքեր կամ հոգևոր կուրություն. Արմեն Նիազյան

Armen-av

Ղուկաս 11.35 – «Ուրեմն զգույշ եղիր, որ քո մեջ եղած լույսը խավար չլինի»:

Կույր մարդը զրկված է միջավայրը, բնությունը տեսնելու հաճույքից: Սարսափելի է այդ կերպ ապրելը: Բայց շատ ավելի ահավոր ու ողբերգական է, երբ մարդը հոգևորապես է կույր լինում, երբ նրան հասանելի չեն հոգու գույները, հոգևոր կյանքի երանգները, Աստծո գործերը…

Հայտնություն 317-18 – «Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ,  ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չերեւի. Եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես»։

Կուրացած մարդն ունակ չի նայելու իրեն, նա շարժվում է միայն զգացողություններով, նա փորձում է զգալ: Հոգևոր կույր մարդն էլ փորձում է զգալ՝ Աստծո կա՞մքն է, թե՞ ոչ, սա մե՞ղք է, թե՞ ոչ, նա լսում է ձայներ ու փորձում հասկանալ, Աստծո՞ւց էր, թե՞ ոչ…

Այսօր ցավալիորեն մեր շուրջը տեսնում ենք շատերին, ովքեր թեև ունեն 1700-ամյա քրիստոնյայի կնիքը, սակայն հոգևորապես կույր են: Քրիստոնյա Հայաստանում ավելի շատ աստղագուշակություն են ընթերցում, քան ԱստվածաշունչԱվելի շատ հավատ են ընծայում նալին ու փշին, քան Աստծո Խոսքին, իրենց երազանքներն ապավինում են ոչ թե կենդանի Աստծուն, ինչ-որ կարմիր թելերի… Բայց ուզում եմ այսօր խոսենք մեր մասին, մարդկանց, ովքեր եկեղեցում են գտնվում, ովքեր ճանաչում են Աստծուն: Ինչպիսի՞ն է քո հոգևոր տեսողությունը:

Լա՞վ է, որ մարդու աչքերը բաց են – Նայած՝ թե ո՞վ է բացում:

Սատանան մարդկանց աչքերը «բացելու» մեծ վարպետ է: Ծննդոց 3.5 – Այն օրը, երբ ուտեք, ձեր աչքերը պիտի բացվի: 7 – Ու երկուսի աչքերը բացվեցին ու իրենց մերկ լինելն իմացան: Քանի դեռ նրանց աչքերը փակ էր մեղքի ու սատանային լսելու տեսակետից, նրանք չէին էլ հասկանում, որ իրենք մերկ են:

Էնդրյու Մյուրի. «Մեղքի ամենամեծ զորությունն այն է, որ նա կուրացնում է մարդուն, որ չտեսնի դրա իրական էությունն ու հետևանքը»:

Ցավալի է տեսնել, թե ոնց են հայրերը իրենց փոքրիկ երեխաներին, ովքեր նոր են սովորում քայլել ու ասել «մամա-պապա»,  սովորեցնում են հայհոյել… ու հպարտանում են դրանով: Չեմ ուզում ուրիշ օրինակներ բերել, թե ոնց է սատանան «բացում» մարդկանց աչքերը, ուղղակի ուզում եմ հորդորել ինձ ու քեզ, երանի՜ թե ես ու դու անգրագետ, հետամնաց, անհասկացող մնանք մեղքի տեսանկյունից, որովհետև մեր կյանքում էլ գալիս են բաներ, որ աշխարհը, սատանան առաջարկում է փորձել: Քանի դեռ չես փորձել, պտղի համը չգիտես, գուցե այն ախորժելի է երևում, բայց լսիր, եթե քո Տեր Աստվածն ասել է՝ դրան ձեռք չտաս, ուրեմն հեռու մնա, թող դու երբեք էլ այդ պտղի համը չտեսնես, որովհետև մեղքի ու աշխարհի հետ փոխհարաբերությունը, այո, կբացի քո աչքերը՝ դրանով իսկ կուրացնելով քեզ: Ծնողներ, ուշադիր եղեք ձեր երեխաներին, հակառակորդը սպասում է նրանք մի քիչ մեծանան՝ 12, 13, 14… ու բացի նրանց աչքերը: Չարը բացեց Ադամի ու Եվայի աչքերը, ու արդյունքում նրանք կորցրին Աստծուն ու ժառանգեցին մահը:

Բ Կորնթացիս 4.4 – «Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց,  որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ.  որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է»։ 

Մեկն էլ կա, որ կարող է բացել աչքերը՝ Աստված: Բ Թագավորաց 6.17-ում Եղիսեն խնդրում է Աստծուն, որ բացի իր ծառայի աչքերն ու նա տեսնի Աստծո բանակը: «Եւ Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. Եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը»։

Եղիսեն տեսնում էր, թե թշնամին որ կողմից է ուզում հարձակվել։ Հոգևորապես բաց աչքերով մարդը տեսնում է թե՛ Աստծո գործերը, թե հակառակորդի։ Եղիսեի հակապատկերը կարծես Գեեզին էր, որ չուներ հոգևոր տեսողություն։ Նա ներկա էր եղել բոլոր հրաշքներին, գիտեր, որ Եղիսեն իր տանը նստած իմանում է, թե ինչ է խորհում թշնամին, ու իմանալով հանդերձ՝ մեղք գործեց, որովհետև հոգևորապես կույր էր:

Ինչ է լինում, երբ հոգևոր տեսողությունը խամրում է։ Երբ աչքերդ սկսում են նայել այլ կողմ, երբ դադարում է հաղորդակցությունը Նրա հետ, աչքերդ սկսում են խամրել, սկսում ես արդեն աղոտ տեսնել որոշ բաներ։ Նայում ես մեղքին ու ոչ թե մեղք ես տեսնում, այլ մշուշոտ ինչ-որ բան, կարդում ես Եբրայեցիս 10․25-ը, բայց կորցնում ես հստակությունը, որ ասում է՝ մեկտեղ հավաքվելը չթողնեք: Կարդում ես Աստծո ուղիղ Խոսքն ու սկսում ես մարդկային տրամաբանությամբ փիլիսոփայել ու հարմարեցնել քո մտածողությանը…

Ծննդոց  21.19 – «Եւ  Աստուած նորա աչքերը բացաւ, եւ նա մի ջրհոր տեսաւ. Եւ գնաց եւ տիկը ջրով լցրեց, եւ տղային խմեցրեց»։

Հագարն անապատի մեջ էր՝ բոլորի կողմից լքված, մենակ, հուսահատված… Բայց Աստված բացեց նրա աչքերն ու ցույց տվեց իր համար պահված ջրհորը: Քո անապատի մեջ էլ Աստված ջրհորներ ունի պատրաստած, թո՛ւյլ տուր, որ նա բացի աչքերդ:

Հովհ. 1.29 – «Ահա Աստծո գառը…»: Մարդիկ նայում էին Հիսուսին որպես Մարիամի ու Հովսեփի որդին, բայց Հովհաննես Մկրտիչը՝ տեսնում էր Աստծո Գառանը:

Մարկոս 10-րդ գլխում Բարտիմեոսի պատմությունն է, ով գիտեր որ ինքը կույր է, և գիտեր, որ կա մեկը, ով կարող է իրեն տեսողություն պարգևել: Ու նա չնայելով արգելքներին, մի կողմ դնելով ամոթը, աղաղակեց Հիսուսին ու ասաց՝ ուզում եմ տեսնել:

Եթե դու դեռևս չես ճանաչում Աստծուն, չես ընդունել Նրան որպես Տեր ու Փրկիչ, ճիշտ ժամանակն է, որ աղաղակես Քրիստոսին ու ասես՝ ուզում եմ տեսնել: Բարտիմեոսը չգիտեր Հիսուսն ինչ է անելու, ոնց պիտի լիներ, նա բան չէր հասկանում, լավ չէր էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում տեսնելը, բայց նա ուզում էր: Մի՞թե կույրին բավարար է, որ մարդիկ պատմեն իրեն արևի գեղեցկության մասին, ծառերի, բնության մասին, մի՞թե բավարար է, որ պատմեն դիմացինի դիմագծերի մասին… Ո՛չ, կույր մարդն ամենից շատ ուզում է տեսնել: Եթե դու եկեղեցում ես, մի՛ բավարարվիր Աստծո մասին իմ պատմածով, նրա հրաշքների, բժշկությունների, գործերի մասին ուրիշներից լսելով: Ինքդ, ինքդ աղաղակիր Աստծուն, ասա ուզում եմ տեսնեմ:

Հիսուսը հենց դրա համար էլ եկավ երկիր, որպեսզի ես ու դու կյանք ունենանք:

 Ղուկաս 4.18-19 – «Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է (հոգով) աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու, Գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն. Խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու»։ 

Մարմնավոր մարդիկ տեսնում ու արձագանքում են մարմնավոր բաներին, հոգևոր մարդիկ տեսնում ու արձագանքում են հոգևոր բաներին:

 Կուրության վտանգները՝

  1. Սկսում ես բողոքել ամեն ինչից:
  2. Սկսում ես դատել: – Քո աչքի գերանը անտեսելով, բացահայտում ես ուրիշների աչքի շյուղերը:
  3. Սկսում ես ձևացնել: – Ներգրավված լինելը, Աստծո մասին տեղյակ լինելը դեռ ոչինչ չի նշանակում:
  4. Կորցնում ես աստվածավախությունը:
  5. Մեղքի համար դառնում ես բաց ու հասանելի:
  6. Արդյունքում կկորցնես փրկությունդ:

Ինչպե՞ս կարգավորել տեսողությունը։

  1. Անկեղծ լինել Աստծո առաջ և քո առաջ: Եթե տեսնում ես որևէ բնագավառում ունես խնդիր ու տկարություն, անկեղծորեն արի Աստծո առաջ:
  2. Խնդրել Քրիստոսին բացել մեր աչքերը: Ինչպես Բարտիմեոսին հարցրեց, թե ինչ է ուզում, այդպես էլ Աստված ուզում է լսել ինձնից ու քեզնից, ուզում է լսել մեր սրտի աղաղակն ու աղոթքը:
  3. Հետևել Աստծո Խոսքին – Հովհաննես 9. 6-7 Հիսուսը կավ շինեց, դրեց կույրի աչքերին ու ասաց՝ գնա, լվացվիր Սելովամի ավազանում: Երբ արեց, սկսեց տեսնել:
  4. Չհանձնվել – Մեր կյանքում կարող են լինել բնագավառներ, որտեղ դեռ պայքարներ ունենք: Շարունակի՛ր պայքարել:

Մոտեցիր Աստծուն, թող նա հպվի քեզ, ու շարունակիր լվացվել Աստծո Խոսքի ջրերում, ու կտեսնես, թե ինչպես կվերականգնվի տեսողությունդ: Հայտնության մեջ հիշատակվող դեղը Աստծո Խոսքն է, Սելովամի ավազանի ջրերը Աստծո Խոսքի խորհրդապատկերն են

Հովհաննես 9.5 – Հիսուսն ասաց՝ Ես եմ աշխարհի լույսը: Մնա՛ այդ լույսի մեջ և լուսավորիր նաև քո շրջապատը, որովհետև դու ևս կանչված ես լինելու լույս, աշխարհի լույսը:

46 դիտում