Կիրակնօրյա ծառայություն. Երկրպագություն. Կարեն Թադևոսյան

Karen

Աստված մեզ ստեղծել է որպես երկրպագուներ: Նա չի ստեղծել մեզ քարոզիչներ, հող մշակողներ, երկինքն ու տիեզերքը քննողներ, Նա ստեղծել է մեզ որպես երկրպագող էակներ: Մարդը բոլոր դարերի մեջ պահանջ է զգացել`ինչ-որ մեկի առաջ ծունկ ծռի, երկրպագի: Եկավ մի պահ, երբ Ադամը չերկրպագեց Աստծուն ու Աստված սկսեց փնտրել Նրան: Նա ոչ թե չգիտեր Ադամի տեղը, այլ հարցնում էր`Ո՞ւր ես, այսինքն`ինչո՞ւ հեռացար այն վայրից, որտեղ պիտի դու լիներ, Աստծուն երկրպագելու վայրից:

«Իմ Աստուած, իմ Աստուած, ինչի՞ համար ես թողել ինձ. Հեռու ես իմ փրկութիւնիցը և իմ հառաչանքի խօսքերիցը։ Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. Գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չկայ ինձ համար։ Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ» (Սաղմոս 22.1-3):

Աստված չի բնակվում միայն աղոթքների մեջ, չի բնակվում քարոզների մեջ, Նա բնակվում է գովաբանության մեջ: Սկսիր երկրպագել Աստծուն, սկսիր երկրպագության մեջ փնտրել Նրան: Եթե մեր կյանքում բացակայում է երկրպագության կյանքը, ինչ էլ անենք, Աստծո հետ հանդիպում չենք ունենա: Երկրպագությունը մի հրաշալի սենյակ է, որտեղ Աստված վաղուց մեզ սպասում է:

Երկրավոր կյանքի միակ դուռը երկրպագությունն է, որով մտնում ենք հավիտենության մեջ: Քարոզը պետք է մեզ ուղղելու համար, բայց երկնքում քարոզի կարիք այլևս չի լինի, այլ կլինի միայն երկրպագություն ու փառաբանություն:

Աստված ամենուրեք է, բայց երկրպագուներն են, որ վայելում են Նրա ներկայությունը:

«… Եւ էր ինչպէս մէկ՝ փող հնչեցնողները եւ երգողները՝ մէկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ գովելիս. Եւ հէնց, որ փողերի եւ ծնծղաների եւ նուագարանների ձայնը բարձրացրին Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է. Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը.Եւ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառովը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Աստուծոյ տունը։» (Բ Մնացորդաց 5.12-14):

Մենք Աստծո տաճարն ենք, ու երբ մեր սրտում լսվում է փառաբանության ու երկրպագության ձայնը, մեր տաճարը լցվում է Աստծո ներկայությամբ: Իմ ու քո կյանք Աստծո ներկայությունը չի գա, քանի դեռ չենք տվել այն երկրպագությունը, որ Նա է ցանկանում: Երկրպագուները եկեղեցում երգողները չեն, քարոզողները չեն, երկրպագությունը սրտի ու հոգու վիճակ է:

Աբրահամը Իսահակին զոհաբերելու տանելիս ասաց ծառաներին՝ Սպասեք այստեղ, մենք գնանք Եհովային երկրպագություն անենք ու վերադառնանք: Սա մարգարեական խոսք էր. նա գնում էր երկրպագելու Աստծուն: Քո ցավի մեջ մի՛ մոռացիր երկրպագել Նրան, դա կլինի քո օրհնության ու հոգևոր լեցունության գաղտնիքը:

Հիսուսն ուզում է տեսնել իմ ու քո երկրպագությունը: Մենք ստեղծված ենք Նրան երկրպագելու: Աշխարհի մեծամասնությունն այսօր պաշտում է ամենատարօրինակ բաներին, մարդկանց, երեխաներին, դերասաններին, ֆուտբոլային թիմերին… Աստված նախանձոտ Աստված է: Նա ուզում է՝ երկրպագությունն ուղղված լինի Իրեն:

Հակառակորդը ջանք է անում, որ շեղի մեր երկրպագության ուղղությունը: Նա նույն ձգտումով մոտեցավ անգամ Հիսուսին՝ Ամեն բան քեզ կտամ, եթե ինձ երկրպագես: Ցավոք, այս առաջարկը շատերն են ստացել ու այսօր եկեղեցում չեն: Քո վճռականությունը պիտի վռնդի հակառակորդին: Մեր Աստված հզոր Աստված է և սովորեցնում է հենց Հիսուսի օրինակով: Ամեն երկրպագություն ունի հետևանք:

«Որոնք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. Որ օրհնեալ է ի յաւիտեանս. Ամէն: Նորա համար Աստուած մատնեց նորանց անարգ կիրքերի. Եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։ Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. Արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին» (Հռոմեացիս 1.25-27):

Երբ ծռվում է երկրպագությունը, այն այսպիսի հետևանք է ունենում: Հայտնության մեջ ասվում է՝ տանջանքի ծուխը բարձրանում էր հավիտյանս, և նրանք հանգիստ չունեն, քանի որ նրանք երկրպագեցին գազանին (Հայտնություն 14.12):

«Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։ Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն» (Հովհաննես 4.23-24):

 

43 դիտում