Կիրակնօրյա ծառայություն. Հավատք, սեր և հույս. Հայկ Գրիգորյան

Հայկ

«Եվ անդադար հիշում ենք ձեր հավատքի գործը և սիրո աշխատանքը, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հույսի համբերությունը Աստծո և մեր Հոր առաջին… Որովհետև հենց իրանք պատմում են մեր մասին թե ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մոտ և ինչպես դուք դարձաք կուռքերից դեպի Աստված, որ ծառայեք կենդանի և ճշմարիտ Աստծուն» (Ա Թես. 1.3, 9):

Որո՞նք են մեր հավատքի գործերը: Բաներ, որոնցից հրաժարվում ենք, երբ ապաշխարում ենք, որովհետև իմ Տերը չի ուզում որ դա անեմ: Պողոս առաքյալը գոհություն է բարձրացնում Թեսաղոնիկեի եկեղեցու համար և ուրախանում նրանց հավատքի գործերով: Հավատքի գործը միայն ասելը չի, թե հավատում ենք Նրա անվանը, այլ  ամբողջությամբ վստահելն է Նրան ու դրանով առաջնորդվելը:

Պողոս առաքյալը շատ տեղերում է դավանում՝ ասելով՝ «Հավատքս պահեցի»: Արդյոք մենք հնարավորություն ունե՞նք մեր հավատքը պահելու: Այո՛, մենք կարող ենք պահել կամ չպահել մեր հավատքը: Եվ դժվարությունների մեջ էլ հենց այդ հավատքն է, որ պահելու է մեզ:

«Պարտք ենք ամեն ատեն Աստուծմե գոհանալ ձեզ համար, եղբայրներ, ինչպես արժան է, որ ձեր հավատքը խիստ մեծանում է, և ձեր ամեն մեկի սերն ավելանում է իրար վրա» (Բ Թես. 1.3):

Երբ որ մարդու հավատքը սկսում է պակասել, մարդուն թվում է, թե Աստված թողել է իրեն: Մի բարի լուր կա քեզ համար. Աստված քեզ հետ է, սիրելի քույր ու եղբայր: Նա գիտի քո խնդիրը: Քեզ պետք է հավատալ Նրա Խոսքին:

Աստծո Խոսքը Ա Կորնթացիս 13-րդ գլխում խոսվում է հավատքի, հույսի և սիրո մասին՝ ասելով, որ դրանցից մեծագույնը սերն է, որովհետև դա է մնալու:

Ի՞նչ է սիրո աշխատությունը: Որքան էլ խոսենք սիրո մասին, ժամանակն ու մեր ամբողջ կյանքը չի բավականացնի: Հովհաննու թուղթն ասում է Աստված սեր է: Մենք էլ հետևում ենք այդ Սիրուն: Սուրբ Գիրքը հիշեցնում է առաջվա սիրո մասին: Ինչպես հավատքը, այնպես էլ սերը միշտ աճելու տեղ ունի: Ես խոսում եմ ագապե-աստվածային սիրո մասին:

«Սրանով կիմանան, որ իմ աշակերտներն եք, ասում է Աստվածաշունչը: Նոր պատվիրան եմ տալիս…»: Շրջապատը տեսնում է, որ մենք Նրա աշակերտն ենք, երբ տեսնում է մեր սերը միմյանց նկատմամբ: Տերը տվել է մեզ իր սերը, որ դրանով ապրենք: Ու այդ սերը պիտի երևա մեր գործերում: Սիրո աշխատանք մենք ցույց ենք տալիս, որովհետև հավատում ենք Նրան, որովհետև մեր հույսը Նա է, որովհետև Նա խոստացել է, որ չի մոռանալու մեր սիրո աշխատանքը:

Մենք հույս ունենք? Հույս՝ որ տեսնելու ենք Նրան:

«… Բայց գիտենք, որ երբ որ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան ինչպես որ է: Եվ ամեն ով որ այս հույսն ունի իրենում, սրբում է իր անձը, ինչպես որ Նա սուրբ է» (Ա Հովհ. 3.2-3):

Մենք չենք կարող առանձնացնել իրարից հավատքը, հույսն ու սերը, նրանք գործում են միասին:

«Բայց Քրիստոսն ինչպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք, եթե հույսի համարձակությունը և պարծանքը մինչև վերջը հաստատ բռնենք» (Եբր. 3.6):

Հաստատիր հավատքդ, հույսդ, սիրո աշխատությունդ:

«Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի: Որովհետև համբերություն է պետք  ձեզ, որ Աստծո կամքն անելով՝ Խոստմունքը վայելենք» (Եբր. 10.35-36):

20 դիտում