Կիրակնօրյա ծառայություն. Հիշիր՝ որտե՞ղ ես հիմա. Նոդար Թադևոսյան

Նոդար

Քրիստոսի մարմնից դուրս օրհնություն չկա, դրա համար ամենքս պիտի ձգտենք լինել ոչ թե մենակության մեջ, այլ Հիսուս Քրիստոսի մարմնի մեջ: Ես գնահատում եմ այս մեծ հնարավորությունը, որ առիթ ունենք լինելու Նրա մարմնի մի մասնիկը:

«Բայց հոգու պտուղն է՝ սէր…» (Գաղատացիս 5.22), իսկ Հռոմեացիս թուղթը հիշեցնում է, որ սերը առանց կեղծավորության լինի: Մենք կարիք ունենք ընկալելու սիրո ամբողջականությունը: Հռոմեացիս 13.10-ն էլ խոսում է այն մասին, որ «Օրենքի լրումը սերն է» (Հռ. 13.10):

Աշխարհում տիրում է չարությունն ու կեղծավորությունը, ուզում եմ հարցնել, մա՛րդ Աստծո, դու որտե՞ղ ես, ինչպիսի՞ն է քո դիրքը Աստծո և մարդկանց առջև: Ինչո՞ւ է այս օրերին սերը գնալով պակասում: Երբ որ մարդը լրիվությամբ լինում է Քրիստոսի մեջ, նա ամեն ինչով սկսում է նմանվել Քրիստոսին:

«Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն. Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք. Եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը, որի մէջ էլ կանչուեցաք մէկ մարմնով, եւ գոհացող եղէք։ » (Կողոսացիս 3.12-15):

Երբ կարդում ես այս համարները, ինքդ քեզ հարց տուր՝ որտե՞ղ ես դու կանգնած: Ամուր կանգնա՞ծ ես քո ոտքերի վրա, թե՞ հենված ես ուրիշների վրա, կանգնած ես մե՞կ ոտքի վրա, թե՞ հաստատուն ես՝ երկու ոտքերիդ վրա: Այսօր Երկիր մոլորակը սիրո կարիք ունի շատ: Եթե քո կյանքը պատկանում է Աստծուն, ուղիղ ապրիր այդ կյանքդ:

«Իսկ պատուիրանքի գլուխը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից.» (Ա Տիմ. 1.5):

«Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։ » (Ա Պետ. 4.8):

Մեզ պետք է ունենալ Քրիստոսի պատկերն ու էությունը, որը սերն է: Այդ սերը, այո,, ծածկում է նաև մեղքերի բազմությունը: Պատրա՞ստ ես արդյոք սիրով դու էլ ծածկել քո քրոջ, եղբոր մեղքերը… Հայտնության մեջ Եփեսոսի եկեղեցուն ասվում է`«Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։ Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը եթէ չ’ապաշխարես» (Հայտ. 2.4-5):

Առաջին բանը, որ ուզում է ուշադրություն դարձնենք, սա է՝ քո առաջին սերը թողել ես, ուստի հիշիր, թե որտեղից ես վայր ընկել ու ապաշխարիր: Սերը չպետք է թուլանա, կորչի, մենք պիտի միշտ լինենք այդ առաջին սիրո մեջ: Ընտանիքում սերը սկսում է սառչել, երբ որևէ մեկը ունենում է կապվածություններ՝ ծխախոտ, խմիչք, ալկոհոլ, թմրանյութ… Նրանք անգամ իրենց տան ունեցվածքը կվաճառեն, միայն թե ձեռք բերեն իրենց անհրաժեշտը: Մեղքն ու կախվածությունը կարողանում է գողանալ ու թալանել մարդուն: Աստված ուզում է մեր կյանքում ստեղծել այնպիսի պայմաններ, որ մենք արժևորենք ու գնահատենք մեր հոգևոր ապրած կյանքն ու ուրիշներին: Մենք կարիք ունենք լցվելու Աստվածային սիրով մեկս մյուսի նկատմամբ, ոչ թե թույլ տանք կախվածություններ չարախոսությունից, բամբասանքից ու նման խառնակություններից;

Մարկոս 12.30-ն ասում է՝ «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, անձով, մտքով և զորությունով»: Եթե կարողանանք նման սեր ունենալ առ Աստված, մեզ այլևս ոչինչ չի պակասի: Ու եթե Տերը սիրում է ամենքին, նշանակում է՝ մենք, լինելով Աստծո մեջ, չենք կարող անտարբեր լինել մարդկանց նկատմամբ կամ չսիրել որևէ մեկին: Աստծո մեջ լինող մարդը միշտ պայծառ է իր սիրով ու ապրած կյանքով: Շարունակության մեջ Աստված խոսում է մարդկանց սիրելու մասին «Քո ընկերոջը սիրես քո անձի պես…»: Եվ ամբողջ օրենքն ու մարգարեությունները կախված են այս երկու պատվիրանքներից: Աստված ուզում է, որ մենք հասկանանք ու ընկալենք Իր սերն ու ապրենք դրա մեջ:

 

25 դիտում