Կիրակնօրյա ծառայություն. Քո ելքը ճիշտ քայլիդ մեջ է. Արթուր Աղեկյան

Ղուկաս 15-րդ գլխում երեք պատմություն կա, և երեք պատմությունն էլ պատմում է Հիսուսը`նշելով երեք մարդկանց, ովքեր ինչ-որ բան էին կորցրել: Եվ երեքն էլ, երբ գտան այն, ինչ կամ ում կորցրել էին, նրանք շատ ուրախացան: Մենք այս պատմություններից պիտի հասկանանք Աստծո սիրտը: Նա ամեն անգամ ուրախանում է, երբ մեզ գտնում է: Այն, ինչ մեզնից ուզում է Աստված, ամբողջությամբ իրեն հանձնվելն է:

Աֆրիկայում, որտեղ ջրի խնդիր կա, մարդիկ փորձում են օգնել բնիկներին: Նրանք ոչ թե շշերով ու տարաներով ջուր են տանում, այլ հենց այնտեղ՝ Աֆրիկայում, օգնում են բնակիչներին գտնել ջրհորներ, որից էլ կկարողանան հետագայում օգտվել:

Սրտիդ մեջ ի՞նչ կդնես, ի՞նչ կխոսես ու ի՞նչ կանես. այս երեք հարցերը շատ կարևոր են յուրաքանյչուր քրիստոնյայի համար: Մեր կյանքում փորձությունները միշտ կան, որոնք գալիս են ծովի ալիքների պես: Դրանք միշտ գալիս են մեր կյանքի մեջ ու շարունակվելու են մինչ մեր կյանքի ավարտը: Որքան վտանգավոր են փորձությունները մեզ համար, նույնքան վտանգավոր էլ կարող են լինել մեր հաջողություններն ու օրհնությունները:

Նաբուգոդոնոսոր արքան որոշեց իր գերիներից ընտրել գեղեցկադեմ ու ուժեղ երիտասարդների, նրանց կրթել, սնել ու գումար տալ: Սա մեծ արտոնություն էր գերիներին, որոնց մեջ էին նաև Դանիելն ու իր ընկերները:

«Եւ Դանիէլը որոշեց իր սրտումը, որ իրան չպղծէ  թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չպղծէ» (Դանիել 1.8):

Դանիելն իր սրտում որոշում կայացրեց: Տասը օր հետո նրանց տեսքը շատ ավելի լավն էր, քան մյուսները, որ կերակրվում էին թագավորի սեղանից: Այս պատմության մեջ ուզում եմ ուշադրություն դարձնենք Դանիելի որոշմանը. նա պատրաստ էր հրաժարվել իրեն ընձեռված հնարավորություններից, միայն թե իր անձը չպղծեր: Նրան չէր հետաքրքրում, թե ինչ հնարավորությունների տեր կարող էր դառնալ, նրան հետաքրքրում էր իր անձը մաքուր պահել: Երբ որ մեր կյանքում գալիս են իրավիճակներ ու առաջարկներ, ի՞նչ ենք մենք արձագանքում: Երբ քո սրտի մեջ ճիշտ որոշում ես կայացնում, Աստված սկսում է միջոցներ ու հնարավորություններ ստեղծել, որ դու իրագործես որոշումդ:

Գործք Առաքելոց գրքում հիշատակվում է Անանիան, ով իր ձեռքին մի մեծ գումար գնաց եկեղեցի՝ աշակերտների մոտ: Նրա ակնկալիքն էր, որ մարդիկ իրեն գովեն, սակայն Պետրոսը ելավ ու հանդիմանեց նրան՝ ասելով՝ «Ինչո՞ւ չար բան թույլ տվիր քո սրտի մեջ: Ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, այլ Աստծուն»: Այս պատմոթյունը շատ տխուր ու վախեցնող պատմություն է, ինչպիսին էլ չենք հանդիպում Նոր Կտակարանում: Նա արեց այն, ինչ ընդունված էր, սակայն սրտում այլ շարժառիթներ կային: Եկեղեցում մենք մեզ պահում ենք այնպես, ինչես ընդունված է, այդպես ենք անում, որ ընդունելություն գտնենք: Բայց Աստծո կարծիքն ու մարդկանց կարծիքը կարող են տարբեր լինել, ու մենք նախ պիտի ձգտենք հաճեցնել Աստծուն, ոչ թե մարդկանց:

Նույն կերպ պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ ենք խոսում: Առակաց գիրքն ասում է՝ մահն ու կյանքը լեզվի ձեռքին են:

Երբ Իսրայելի ժողովուրդը եկավ ու խմեց Մերիպայի դառնահամ ջրերը, Աստված հրաշք արեց ու բժշկեց ջուրը: Քիչ անց տեսնում ենք, որ Աստված նրանց համար պատրաստել էր 12 ջրհոր, պարզապես նրանք չհամբերեցին ու տրտնջացին: Ընդամենը հաջորդ գլխում նրանք սով զգացին ու ասացին՝ Երանի թե մեռնեինք: Մի՞թե նրանց վիճակն իրոք այդքան անհույս էր: Ուշադիր լինենք, թե ինչ է դուրս գալիս մեր շուրթերից:

«Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել։» (Ա Կորնթացիս 10.13):

Փորձության ժամանակ Աստված ելքն էլ է պատրաստում: Աբրահամի համար անհույս վիճակ էր. մոտենում էին այնտեղ, ուր նա պիտի զոհեր որդուն: Ու Աբրահամն այդ անելանելի վիճակում ասում է՝ Որդիս, զոհի համար Աստված հոգ կտանի: Որտեղի՞ց Աբրահամին այս գերբնական հույսն ու հավատքը: Ոչ մի բան չկար, որ հույս առաջացներ, նա ծրագրեր չուներ մտածած, բայց նրա ապավինությունը Աստծո վրա էր:

Երբ Դանիելին արգելեցին աղոթել, նա շարունակեց անել այն, ինչ անում էր նախկինում: Նա գոհանուր էր Աստծուց ու շարունակում աղոթել՝ շատ լավ իմանալով դրա վտանգը: Իմանալով, որ իր կյանքը վտանգի մեջ է, նա շարունակեց անել այն, ինչ անու էր, ու թեև հայտնվեց առյուծների գուբում, Աստված պահեց նրան: Դանիելը լսեց լուրերը, բայց արեց ճիշտ քայլեր: Ինչ էլ լսես, ինչ էլ հասնի քեզ, մնա քո տեղում, մի մոռացիր ինչ էիր անում, շարունակիր ունենալ ճիշտ վարմունք, որովհետև խնդիրների ժամանակ կորցնելով մեզ՝ մենք կկորցնենք նաև լուծումը:

Վստահ եղիր՝ ամեն իրավիճակում Աստված պարաստած ելք ունի քեզ համար:

54 դիտում