Կիրակնօրյա ծառայություն. Ինչո՞ւ. Արտավազդ Թադևոսյան

Arto

«Ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար է, բայց հայտնված բաները մեզ և մեր որդկանց համար հավիտյան, որ այս օրենքի ամեն խոսքերը կատարենք» (Բ Օրինաց 29.29):

«Մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՝ Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախութան փոխանակ խաչը հանձն առավ, և ամոթն արհամարհելով՝ Աստծո աթոռի աջ կողմը նստեց։» (Եբր. 12.2):

Վստահ եմ, ոչ իմ, ոչ քո բոլոր հարցերը չեն պատասխանվի: Մտորելով այս պատգամի շուրջ`ես հասկացա, որ մեր կյանքում շատ ինչու-ներ կան, որովհետև մենք չենք դիմում Աստծուն և Աստվածաշնչին:

Ինչո՞ւ մեր աղոթքները չեն պատասխանվում. Կան մեր կյանքում աղոթքներ, որ չեն պատասխանում ու հաճախ սկսում են տրտմել ու նեղվել: Սուրբ Գիրքը խոսում է պատճառների մասին, թե ինչու չեն լսվում մեր աղոթքները:

  • Որովհետև չենք խնդրում. (Հակոբոս 4.2, Եփ. 3.20): Սուրբ Գիրքը հստակ է ասում`չունեք, որովհետև չեք խնդրում: Երբ դիվահարին չկարողացան բժշկել աշակերտները, Հիսուսն ասաց`պետք էր ծոմով և աղոթքով: Արդյոք մենք ունե՞նք այդ շարունակական համառ աղոթքն ու ծոմապահությունը, թե՞ ուղղակի մեկ-երկու անգամ հիշում ես այդ խնդրանքդ ու վերջ:
  • Որովհետև չենք հավատում. (Մատթ. 17.19-20): Կասկածամտությունն ու անհավատությունը ևս խոչընդոտ են աղոթքի պատասխանի համար (Հակոբոս 1.6-7):
  • Անձնական շահն ենք հետապնդում (Հակոբոս 4.2-3 ): Աստված ուզում է հասկանալ՝ այն, ինչ դու խնդրում ես, քեզ պե՞տք է, ուզո՞ւմ ես Աստծո կամքով ու Նրա փառքի համար, թե՞ այլ դրդապատճառով: Արդյոք հաշվի նստե՞լ ես Նրա հետ՝ Տեր, սա քո կամքո՞վ է: Սուրբ Գիրքը հստակ է ասում՝ նախ փնտրել Երկնքի Արքայությունը:
  • Ընտանեկան խնդիրների պատճառով և կնոջը պատիվ չտալու պատճառով (Ա Պետրոս 3.7): Կանայք ավելի տկար են մեզնից, դրա համար տղամարդն է ընտանիքի գլուխը: Փորձիր ընտանիքումդ պահպանել ջերմություն և խաղաղություն: Կարող ենք ունենալ վեճեր ու թերություններ, բայց յուրաքանչյուր բան հնարավոր է շտկել, եթե կա կամք և աստվածային իմաստություն:
  • Որովհետև մեղք ենք գործում (Եսայա 59.1-2, Սաղմոս 66.18): Եթե անգամ իմ ու քո սրտում կա մեղքի նկատմամբ սեր, արդեն դա վտանգավոր է: Ինչո՞ւ մեր աղոթքները չեն լսվում, որովհետև մեր սրտում մեղք ունենք: Հորդորում եմ քեզ, որ չմնաս մեղքի մեջ: Աստված քեզ հնարավորություն է տալիս ոտքի կանգնես ու դուրս գաս յուրաքանչյուր մեղքից, որ գործում ես կամ կա քո սրտում: 
  • Որովհետև մերժում ենք ճշմարտությունը և անհնազանդ լինում (Առակաց 28.9): Գուցե դա մեղք չի, բայց ես լիարժեք չեմ հնազանդվում Աստծուն: Գիտեմ ճշմարտությունը, բայց մերժում եմ Աստծուն:
  • Որովհետև չենք սպասում Աստծո ժամանակին: Մեր շատ աղոթքներ անպատասխան են մնում, որովհետև չենք կարողանում համբերել ու փորձում ենք ինքնուրույն անել:

 

Ինչո՞ւ հիվանդություններ: Ինչո՞ւ ենք հիվանդանում…

Ինձ համար`հիվանդությունը մեղքի հետևանք է, որ գալիս է չարից: Ոչ թե մասնավորեցնում եմ, որ եթե մարդը հիվանդ է, ուրեմն նա մեղք է գործել, ոչ, պարզապես ամեն չար բան`հիվանդություն, մահ, ծերություն… այս ամենը մեղքի հետևանք է, ու մեր այս մարմինը հավիտենական չէ: Դրա համար էլ կլինի նոր երկինք ու նոր երկիր, նոր մարմին, որ պղծված չէ մեղքով:

Այսօր Աստված բժշկում է, հիվանդությունները կորչում են, բայց փաստն այն է, որ ամենքն էլ մահանում են: Աստված հիվանդություն չի ստեղծել, բայց այն կարող է գործածել Իր նպատակի համար: Արդյոք հոգևորները հիվանդանում են, այո՛:

«Եւ գիտէք որ մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ առաջի անգամը. Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չ’անարգեցիք եւ չ’արհամարհեցիք, այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ ինչպէս Քրիստոս Յիսուսին։ Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. Որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կ’հանէիք եւ ինձ կ’տայիք» (Գաղատացիս 4.13-15)

Պողոս առաքյալը խոսում է իր տկարության մասին, մեկ ուրիշ տեղ՝ խայթոցի մասին ու շարունակում՝ անգամ աղաղակեցի Աստծուն և Նա ասաց՝ Իմ շնորհը բավական է քեզ: Սուրբ Գրքում շատ են դեպքերը, երբ սուրբ մարդիկ հիվանդացել են. Փիլ. 2.25-28 – Եպափրոդիտոսը հիվանդացավ մերձիմահ, Տիմոթեոս – շուտ-շուտ տկարանում էր, Բ Տիմ. 4.20 – Տրոմիփոսին թողեց մենակ, Դանիել 8.27 – Դանիելը տկարացավ ու հիվանդացավ մի քանի օր, Հովհ. 11.3-5 – այս հիվանդությունը մեռնելու համար չէ, այլ Աստծո փառքի համար (Այսինքն`կան հիվանդություններ, որ մահվան համար են): Այս բոլոր հատվածները խոսում են այն մասին, որ Աստծո զորավոր մարդիկ էլ կարող են հիվանդանալ, կարող են և չբժշկվել անգամ Պողոսի ընկերակցությամբ:

Մարդիկ հիվանդանում են`որպես մեղքի հետևանք, Աստծո փառքը երևալու համար, ապաշխարելու համար, նաև`հիվանդանում են մահանալու համար: Որքան էլ մեզ համար ցանկալի չլինի, սա Աստծո կամքն է մեզ համար: Աստծո տեսակետից մահը սկիզբն է Երկնային կյանքի:

Շատերն են ապաշխարել, որովհետև ինչ-որ մի օր հիվանդացել են իրենք կամ իրենց ազգականը և առիթ է եղել գալու եկեղեցի և խնդրելու աղոթել: Աստված կարող է ամեն բան բարիին գործակից դարձնել:

Հիվանդությունը հոգևորի համար կարող է լինել փրկությունը պահելու պատճառ, խոնարհվելու, Աստծուն հնազադնվելու համար:

«Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով» (Ա Պետրոս 4.19):

«Եւ որ յայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ, մարմնիս համար խայթ տրուեցաւ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծէ, որ չ’գոռոզանամ» (Բ Կորնթ. 12.7)

Եթե այսօր անցնում ես նման իրավիճակներով, հորդորս է`խոնարհվիր Աստծո առաջ: Գուցե այն Աստծո կամքն է, գուցե քո անհավատության ցուցաբերում, բայց ամեն իրավիճակում կարիք ունենք խոնարհվելու և Աստծուց խոսք և պատասխան ստանալու:

Աստված ինքնիշխան Աստված է:

Քո բոլոր իրավիճակների մեջ Աստծուն պաշտիր, փառք տուր Նրան համապատասխան կերպով, սթափվիր և հասկացիր, որ Նա Աստված է:

«Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է» (Սաղմ. 115.3):

Նա ինքնիշխան Աստված է, նա կարիք չունի մեզ բացատրություն տալու`ինչու և ինչի համար:

Նա կարիք չունի թույլտվություն հարցնի մեզնից:

Նա կարիք չունի ապացուցելու, որ ինքը բարի է, սեր է, արդար է, հոգատար է, ճիշտ է: Նա այդ ամենն արդեն արել է: Եթե մենք ուզում ենք, որ նա լինի մեր Աստվածը, պետք է պարզապես ընդունենք Նրան: Մեր փայլը ավելի է շողում խավարի մեջ, դրա համար երբեմն Աստված թույլ է տալիս, որ մեր շուրջը խավար լինի, որպեսզի այն ավելի լավ երևա, մեր ջերմությունը երևա սառնության մեջ, մեր անուշ բույրը երևա այն ժամանակ, երբ մենք ճզմվում ու տագնապում ենք… Թույլ տուր քո փայլը, քո անուշահոտությունն ու քո ջերմությունը երևա:

55 դիտում