Կիրակնօրյա ծառայություն. Բացված և փակված պատուհան. Կարեն Թադևոսյան

Karen

Յուրաքանչյուր տուն կարիք ունի պատուհանի: Ամեն մեկս էլ սիրում ենք լուսավորություն, ու երբ պատուհանները փոքր են լինում ու լավ չի լուսավորվում սենյակը, նեղսրտում ենք: Տխուր ժամանակ, երբ ցանկանում ենք առանձնանալ, վարագույրներով ծածկում ենք պատուհանները, որ ոչ ոք չանհանգստացնի մեզ:

Աստվածաշունչը բազմիցս խոսում է այն մասին, որ մենք Սուրբ Հոգու տաճարն ենք: Հայտնության մեջ Հիսուսը խոսում է այն մասին, որ կանգնած է մեր դռան մոտ և թակում է: Այսօր խոսելու ենք մեր պատուհանների մասին, որ արտաքին աշխարհի հետ մեր շփումն է: Առանց պատուհանի մեր տները ավելի շատ կնմանվեն նկուղային թաքստոցի: Մենք կարիք ունենք պատուհանների:

«Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ։ Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. Բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ։ Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը» (Եսայի 60.1-3):

Եթե մեր սրտերը լուսավորված են, մեր դեմքին միշտ ժպիտ կլինի: Մատթևոս 5.8-ն ասում է՝ Սրտով մաքուրները կտեսնես Աստծուն: Սիրտ մաքրողն Աստված է, լույսը, որ ծագում է մեր սրտերի մեջ: Թող քո սրտի պատուհանները միշտ բաց լինեն Աստծո և Նրա լույսի առաջ և միշտ փակ՝ հակառակորդի համար:

Ապակին նախատեսված է, որ չթողնի աղմուկ և օդ գա դրսից, սակայն այն պետք է մեզ պարզորոշ ցույց տա ինչ է կատարվում դրսում: Պատուհանները բռնակ ունենում են սովորաբա միայն ներսից, որովհետև իշխանությունը քեզ է տրված`բացելու և փակելու:

«Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է» (Բ Կորնթացիս 4.4):

Հակառակորդի խաբելու միջոցները բազմազան են. նա ամեն ջանք դնում է, որ Ավետարանի ու Աստծո փառավոր լույսը չծագի մեր սրտերում: Նա փորձում է ամեն ինչ անել, որ քո երեխան, քո կողակիցը չապաշխարի, նա ամեն ինչ արեց, որ Քրիստոսի ավետարանի լուսավորությունը չծագի… Եթե մեկն ուզում է Աստծուն տեսնել, թող Սուրբ Գիրք կարդա: Թող Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը միշտ ծագի մեր սրտերում, ու այնտեղ երբեք խավար ու մառախուղ չլինի:

«Մեր Աստուծոյ գթած ողորմութեան համար, որով ծագող արեգակը վերեւիցը այցելեց մեզ. Որ լոյս տայ խաւարումն եւ մահի ստուերումը նստողներին. Որ մեր ոտները դէպի խաղաղութեան ճանապարհն ուղղէ» (Ղուկաս  1.78-79):

Գրեթե մեկ տարվա համր լինելուց հետո Զաքարիան խոսեց Սուրբ Հոգով լցված՝ ասելով՝ ծագող արեգակը վերևից ծագեց մեզ համար, որ լույս տա խավարում և մահվան ստվերում նստողներին:

Ինչպես մարդկությունը լույսի կարիք ունի, որովհետև առանց լույսի մենք չենք կարող գոյատևել, կենդանական ու բուսական աշխարհը չի կարող գոյություն ունենալ. նույն կերպ մեր հոգին լույսի կարիք ունի: Պատուհանից կարելի է նայել ու չարախոսել, բամբասել, կամ հակառակը՝ օրհնել ու բարձրացնել: Ի՞նչ է դուրս գալիս քո սրտի պատուհանից:

Գողը փորձում է մտնել պատուհանից, այնտեղից, որտեղից ոչ տանտերը կմտնի, ոչ էլ հյուրը: Պատուհանից մտնողը բերում է իր հետ խնդիրներ ու դժվարություններ:

«Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վերայ պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները պատուհաններովը ներս պիտի մտնեն գողի նման» (Հովել 2.9):

Երբեք ներսից դուրս լույս չի գնում: Միշտ կարիք կա դրսից լուսավորվի ներսը, սակայն մմեր պարագայում այլ է: Մենք կարող ենք և պետք է լուսավորենք դուրսը, քանի որ մեր մեջ ծագել է լուսավորող արեգակը: Ես ու դու արդեն լույս ունենք եւ պետք է վեր կենալ ու լուսավորել շուրջդ: Եթե քո սրտում կա չներում ու ուրիշ հարցեր, դրանք խեղդում են լույսը, դրանք անհամատեղելի են լույսի հետ:

Դանիելն իր լուսամուտները բացում էր դեպի Երուսաղեմ, նրա հայացքը կարծես ուղղված էր դեպի Սուրբ քաղաքը՝ խորհրդապատկերելով Երկնային Արքայությունը: Եվ հակառակորդը փորձում էր ամեն բան անել, որ այդ պատուհանները փակվեն՝ թեկուզ ժամանակավոր, թեկուզ մի քանի օրով: Դանիելին նախանձողները հորդորեցին թագավորին 30 օրով արգելել որևէ մեկից ինչ-որ բան խնդրելը: Հակառակորդն ուզում էր վախի մթնոլորտ ստեղծել և ստիպել Դանիելին փակել պատուհանները:

«Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում» (Դանիել 6.10):

Թող մեր մեջ շատ լինեն Դանիելներ, ովքեր ոչ մի սպառնալիքի առաջ չեն փակի իրենց պատուհանները և չեն խզի իրենց փոխհարաբերությունն ու կապը Աստծո հետ: Դանիելը ոչ թագավորի հետ լավ հարաբերություններին ապավինեց, ոչ հույսը դրեց ծանոթների վրա. նրա հույսը միայն Աստված էր և ուներ ուխտ. ես պիտի ամեն օր աղոթեմ իմ Աստծուն`անկախ իրավիճակներից: Սկզբունքային մարդկանց է Աստված հավանում և կոչում ցանկալի մարդ:

38 դիտում