Կիրակնօրյա ծառայություն. Անկեղծ սեր և հավատարմություն. Նոդար Թադևոսյան

Նոդար

Մարդկային սերը միշտ փոփոխական է ու անկայուն, իսկ աստվածայինը՝ հավիտենական ու անփոփոխ: Ի՞նչ է անկեղծությունը: Անկեղծությունը հավատքի մի շարժ է: Մարդը, երբ վերստին է ծնվում, նրա անկեղծությունը ևս փոխվում է: Պետք չի անկեղծությունը խառնել փարիսեցիությանն ու դիվանագիտությանը: Անկեղծությունը սիրո շարունակությունն է: Մենք կարիք ունենք անկեղծ սիրո և հավատարմության մեր ամեն մի փոխհարաբերություններում՝ թե՛ Տիրոջ հետ, թե՛ մեկս մյուսի:

«Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք» (Ա Պետրոս 1.22):

Շատ կարևոր է, որ եկեղեցու ներսում՝ եղբայրների մեջ, լինի անկեղծ եղբայրասիրություն: Մենք միմյանց կարիքն ունենք ու մեր մեջ պետք է միշտ թագավորի ամուր սերը:

«Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ։ » (Հակոբոս 3.17):

Սուրբ Գրքում շատ են հերոսները ովքեր ունեցել են անկեղծ հավատարմություն ու անկողմնասեր էություն:

«Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից» (Ա Տիմոթեոս 1.5):

Պողոս առաքյալը հաճախակի էր խոսում անկեղծության ու սիրո մասին: Ծեծերից ու նեղություններից հետո էլ նա շարունակում էր հավատարիմ մնալ, նա հավատարիմ էր նաև այն ժամանակ, երբ որոշ եղբայրներ չէին վստահում իրեն, երբ իշխանավորները ցանկանում էին նրան բանտում տեսնել: Նա խոստում էր տվել Տիրոջը հավատարիմ լինելու և դրանով էլ առաջնորդվում էր: Արդյոք այսօր ես ու դու էլ կարո՞ղ ենք ունենալ նույն հավատարմությունն առ Աստված:

«Արդ դու, իմ որդեակ, զօրացիր այն շնորհքովը որ Քրիստոս Յիսուսումն է։ Եւ այն բաները որ ինձանից լսեցիր շատ վկաներով, յանձնիր հաւատարիմ մարդկանց  որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։» (Բ Տիմոթեոս 2.1-2):

Միայն հավատարիմ մարդը կարող է ուրիշներին էլ սովորեցնել, միայն հավատարիմ մարդուն կարելի է վստահել, և Պողոսը հորդորում է Տիմոթեոսին՝ իր լսածը հանձնել միայն հավատարիմ մարդկանց: Մենք ամենքս ունենք մեր գործն ու մեր ծառայությունը եկեղեցում, անգամ քո տան ծածուկ աղոթքը ծառայությունը է, և յուրաքանչյուր ծառայություն պիտի արվի միայն հավատարիմ մարդկանցով:

Հավատարմությունը եկեղեցու ուժն ու զորությունն է, Աստծո էությունն ու բնությունը: Եթե դու այսօր հավատարիմ ես, իմացիր, որ Աստծո կատարելությունը գործում է քո կյանքում:

«Նորա համար Տիմոթէոսին ուղարկեցի ձեզ մօտ, որ իմ սիրելի եւ հաւատարիմ որդին է Տէրով. որ ձեզ յիշեցնէ իմ ճանապարհները՝ որ Քրիստոսումն են, ինչպէս ամեն տեղ ամեն եկեղեցիներումը սովորեցնում եմ» (Ա Կորնթ. 4.17):

Երբ որ այս նամակներն ու համարները սկսում ենք ուսումնասիրել խորապես, հասկանում ենք, թե ինչ կարևոր գանձեր կան թաքնված դրանց մեջ, հասկանում ենք, թե առաջնորդների մեջ ինչն էր կարևորում Պողոս առաքյալը: Պողոս առաքյալը փնտրում էր հավատարիմ մարդկանց: Սիրելի քույրս ու եղբայրս, եթե դու այսօր հավատարիմ ես Տիրոջն ու անկեղծ սիրում ես, անկախ նրանից ով կտեսնի, ով կբարձրացնի կամ չի բարձրացնի, իմացիր, որ Տերը տեսնում է ու Նա վարձահատույց է լինելու:

Հավատարմության հրաշալի օրինակ է Դավթի ու Հովնաթանի սերն ու ընկերությունը: Հովնաթանը պատրաստ էր իր ունեցած ամեն ինչը նվիրել Դավթին՝ ի նշան ընկերության ու հավատարմության: Սուրբ Գրքում ոչինչ աննպատակ չի գրվում: Այս ամենը հաստատում էր այն խոսքը, որ Հովնաթանն ասել էր Դավթին՝ որ նրան իր անձի պես սիրում է: Տերը մեզ հավատարմության օրինակ է տալիս:

 

25 դիտում