Կիրակնօրյա ծառայություն. Գոհություն. Էդուարդ Հարությունյան

Eduard

Մենք՝ մարդիկս, սիրում ենք, որ մեր արածները գնահատվեն: Մենք սիրում ենք, որ երբ մի լավ բան ենք անում, դիմացինը շնորհակալ լինի դրա համար: Աստված ևս ուզում է, որ մենք գնահատենք Նրա արածները: Աստված չի սպասում շնորհակալությունների, սակայն կարևոր է, որ մենք շնորհակալ և երախտագետ լինենք Աստծուն, և ոչ երբեք երախտամոռ:

Գոհությունը մի բան է, որ գալիս է սրտից, սակայն դա որոշում է: Դու որոշում ես գոհանալ Աստծուց, որովհետև Նա այնքա՜ն բան է արել քեզ համար: Երբ մարդը հանդիպում է Աստծուն ունենում է հրճվանքի ու հիացմունքի զգացում, անգամ եթե լինի մեղքի հանդիմանություն, միևնույնն է, կա նաև խորը ակնածանքի մի զգացում, որ կա Արարչի ու արարվածի միջև: Աստված ուզում է այդ հիացմունքի, ակնածանքի զգացումը ոչ թե լինի ժամանակ առ ժամանակ, այլ ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան: Աստված ուզում է, որ մենք լինենք գոհացող մարդիկ: Կա երկու բան, որի համար մենք պիտի միշտ գոհանանք Աստծուն:

1. Ո՞վ է Աստված: Նա արժանի է, որ բոլորը գոհանան Նրանից. Նա չունի թերի կողմեր:

2. Ի՞նչ է արել նա ինձ և քեզ համար: Նա արարել է մեզ: Նա մտածել է մեր մասին ու որոշել ստեղծել մեզ:

Գոհությունը հաղթություն է բերում: Հաղթությունը խոսում է պատերազմի մասին, որը կա մեր կյանքում: Գոյություն ունի հոգևոր պատերազմ, որտեղ Աստված մեր կողմից է, սակայն մեր հակառակորդը, Աստծո թույլտվությամբ, փորձում է խնդիրներ բերել մեր կյանք: Ինչո՞ւ:  Սատանան չար է, սակայն նրա նպատակը ոչ թե մեզ նեղություն պատճառելն է, այլ մեկ ուրիշ պատճառ.

«Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ. Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։ Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. և տես թէ որ քո երեսին քեզ չհայհոյէ։» (Հոբ 1.9-11):

Սատանայի գործելու նպատակն այն է, որ մենք տրտնջանք, բողոքենք Աստծուց և կորցնենք գոհունակ սիրտը: Եվ հետաքրքիր է, որ Աստված թույլ է տալիս նրան գործել: Դժվարությունները գալիս են մեր կյանք`սատանայի տեսանկյունից`խլելու մեր գոհություն, իսկ Աստծո տեսանկյունից`որ կարողանանք ապացուցել մեր սերն ու հավատարմությունն առ Աստված, որոնց գոհությունն ու սերը կախված չէ նյութական բարիքներից: Աստված սովորեցնում է մեզ գոհանալ միշտ: Հոբն իր խնդիրների մեջ չմեղանչեց ու «անզգամություն չարեց»: Նա գոհությամբ հայտարարում էր`«Տերը տվեց, Տերն էլ առավ…»: Նա շարունակում էր գոհանալ Աստծուց: Աստված ուզում է, որ մենք գոհացող լինենք:

Արդյոք կարելի՞ է գոհանալ Աստծուց ցավի մեջ: Այո՛, դու կարող ես կանգնել Աստծո առաջ ու ասես`«Ես գոհանում եմ Քեզնից, Տեր, ես կարող էի դարձյալ լինել այս ցավի մեջ ու քեզ չունենալ, բայց հիմա ես ունեմ Մեկին, ով կարող է օգնել ինձ»: Երբեմն մեր կյանքը նմանվում է մի մութ արահետի, որով ստիպված ենք լինելու անցնել: Կգերադասես քայլել մենա՞կ, թե՞ ընկերոջ հետ: Իհարկե, մենք կուզենք այդ ընթացքը անցնել ոչ մենակ: Աստած երբեմն չի ազատում մեզ ցավից, սակայն Նա միշտ գալիս է մեզ հետ:

Մեր կյանքը հոգևոր պատերազմ է, որի արդյունքում սատանան ուզում է խլել մեզնից գոհության ու շնորհակալության հոգին: Երբեմն մեզ թվում է, թե ամենածանր հոգսերը մենք ունենք: Եթե այդպիսի հնարավորություն լիներ, որ դիմացինի հոգսերը տային մեզ ու մերն էլ`նրան, վստահ եմ ասում ձեզ, կարճ ժամանակ անց մենք կուզենայինք հետ վերցնել մեր հոգսերը:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք գոհանում ենք Աստծուց: Երբ դու որոշում ես Նրանից միշտ գոհանալ, Աստծո հոգին օգնում է քեզ, որովհետև Աստված նույն նպատակն ունի քո կյանքում: Աստծո տեսակետից ինքը ոչ մի վատ ու սխալ բան չի արել քո կյանքում ու ակնկալում է, որ դու պետք է գոհանաս Նրանից: Երբ մենք գոհանում ենք Աստծուց, նշանակում է, որ մենք ճանաչում ենք Նրան, մենք գիտենք, որ Նա մեզ որևէ վատ բան չէր ուզենա անել, և մեր գոհությունն առաջինը ուղղված պետք է լինի ոչ թե Նրա արածներին, այլ Նրա էությանը:

Մենք գնում ենք բժշկի ու համբերում ցավը, որ կարող է անգամ բժիշկը պատճառել մեզ, որովհետև վստահում ենք բժշկին ու նրա բարի մտադրությանը: Մենք գիտենք, որ բժիշկը հիմա ցավեցնում է մեզ`արդյունքում ազատելով հետագա բարդություններից ու ցավերից: Նույն կերպ էլ կարող է գործել Աստված: Նրա նպատակը մեր կյանքի համար միայն ճիշտ ու բարի բաներ են: Երբ որ մենք տրտնջում ենք, մենք պարտվում ենք:

«Եւ չ’տրտնջանք էլ ինչպէս նորանցից էլ ոմանք տրտնջացին, եւ սատակչի ձեռովը կորան» (Ա Կորնթացիս 10.10):

Իսրայելի կյանքում ամեն բան լավ էր, նրանք հրաշքների էին ականատես լինում, երկնքից ստանում էին իրենց ուտելիքը… սակայն այս կերպ մտածում էին միայն մի քանիսը: Շատերը կարծում էին, որ իրենց իրավիճակը շատ վատ է, շոգ է, իրենք անապատում են, ուտելիքը գուցե վաղը չլինի, ամեն օր ստիպված են լինելու մանանա հավաքել… Նրանք էլ ստացան հացն ու միսը, նրանց կարիքներն էլ բավարարվեցին, սակայն նրանք Քանանը չժառանգեցին: Տարբերությունը գոհանալու և տրտնջալու մեջ էր: Երբ Իսրայելը գոհանում էր, հաղթում էր, երբ սկսում էր տրտնջալ, նրանք պարտվում էին: Դու էլ այսօր սովորական մեկը չես, դու Աստծո ընտիր ազգն ես, ու քո կյանքի որակը կախված է Աստծո հանդեպ քո վերաբերմունքից: Գոհությունը մեզ տալիս է հաղթություն ամեն իրավիճակում:

Գոհությունը Աստծուն հաճելի պաշտամունք է, դա երկրպագության մի ձև է, ու ամեն անգամ, երբ դու գոհությամբ ես գալիս Նրան, դա հաճեցնում է Աստծուն:

« Խոսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։ Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հորիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը» (Եփեսացիս 5.19-20):

43 դիտում