Կիրակնօրյա ծառայություն. Մի՛ թերագնահատիր այն, ինչ Աստված կարող է անել քո միջոցով. Արտավազդ Թադևոսյան

Arto

«Հիսուսն էլ պատասխանեց և ասաց նրանց. Մոլորված եք, որ չգիտեք գրքերը և ոչ Աստծո զորությունը» (Մատթ. 22.29):

Հիսուսն այս խոսքերն ուղղեց փարիսեցիներին, մարդկանց, ովքեր պետք է սովորեցներին այլոց: Ուզում եմ հորդորել ինձ ու քեզ՝ ասելով այս ճշմարտությունը. Աստված ընտրել է ինձ ու քեզ: Մենք ընտրված ենք հատուկ նպատակի համար՝ ոչ միայն փրկության համար, այլ Աստված կամք ունի՝ գործելու մեր կյանքում: Աստված ուզում է իր զորությունը հայտնի դարձնել քո կյանքում և քո միջոցով:

Փարիսեցիները չիմանալու պատճառով զրկվեցին ու բաց թողեցին: Ոչ թե Աստված նրանց թողեց, այլ նրանք իրենք բաց թողեցին: Վստահ ուզում եմ ասել՝ Աստված քո կյանքի համար նպատակ ունի, և այդ նպատակը միայն առողջ լինելը չի, միայն անհոգ լինելը չի, միայն խնդիրների բավարարումը չի:  Եկեք աղոթենք այսպես՝ ոչ միայն ինձ, այլ նաև իմ միջոցով:

  1. Մի՛ թերագնահատիր այն, ինչ Աստված կարող է անել քո ցանած սերմերի, կատարած գործերի ու ասած խոսքերի միջոցով:

«Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հրատարակելու տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար. Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։ Եւ նորանք պիտի շինեն այն աւերակները որ ի վաղուց կան, առաջի փլատակները պիտի կանգնեցնեն, եւ պիտի նորոգեն աւերման քաղաքները, դարէ ցդար ամայի մնացած տեղերը» (Եսայի 61.1-4):

Մենք ունենք Սուրբ Հոգին մեր ներսում, որ երբեք անպտուղ չի մնում: Աստծո զորությունը գործում է քո մեջ: Մի՛ թերագնահատիր այն, ինչ Աստված կարող է անել քո միջոցով:

2. Մի՛ թերագնահատիր քո աղոթքները:

Քո աղոթքները զորություն ունեն:

«Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է» (Եփեսացիս 3.20):

Գուցե երար ժամանակ ես աղոթում ինչ-որ հարցի, խնդրի համար, շարունակիր աղոթել ու մի՛ թերագնահատիր քո աղոթքները: Ունե՞ս հարցեր, համարձակ աղոթիր Աստծուն: Աստված լսում է մեր աղոթքները: Աղոթքը պատերազմ է, որի օգնությամբ մենք կարող ենք հասնել մեր նպատակներին: Աստված համառություն է սովորեցնում աղոթքի մեջ: Վստահ եղիր, երբ մի բան աղոթես երկար ժամանակ ու դա Աստծո կամքով չլինի, Նա կհայտնի քեզ, Նա կասի`բավարար է:

Երբ Աստծո հետ ժամանակ ենք անցկացնում, սկսում ենք հասկանալ Նրան, զգալ, ճանաչել, իմանալ Նրա սրտի խորհուրդները: Եթե ուզում ենք Աստծո ազդեցությունը կրողներ լինել, մենք կարիք ունենք աղոթքի կյանք ունենալ:

3. Մի՛ թերագնահատիր այն, ինչ Աստված կարող է անել քո ինքնության միջոցով:

Քո անկարողության զգացումները, սահմանափակումները, տարիքով մեծ կամ փոքր լինել կարող են խանգարող հանգամանքներ լինել, որպեսզի մենք գործածվենք Աստծո կողմից հզոր կերպով:  Աստված սիրում է քեզ, քո ինքնությունը, քո սիրտը: Աստված ուզում է նայել մեզ ու տեսնել իր պատկերը: Երբ մենք գնում ենք Նրա մոտ, մենք էլ ուզում ենք Նրա պատկերը վերցնել մեզ վրա: Նա՛ է ձևավորել մեզ, Նրա հոգին է, որ պիտի գործի:

Գեդեոնը զարմացավ, որ Աստված ընտրեց իրեն: Նա ամենաաղքատն ու ամենափոքրն էր, բայց Աստված ուզում էր փառավորվել նրա միջոցով: Նա՛ է քեզ անվանել ու ծրագրավորել քո կյանքը, Նա՛ է քո կյանքի հեղինակը, Նա գիտի քեզ քո անունով ու քո էությամբ, քո բնավորությամբ ու քո հատկություններով:

Մի՛ թերագնահատիր այն, ինչ Աստված կարող է անել քո միջոցով:

31 դիտում