Կիրակնօրյա ծառայություն. Գտնվել իրավիճակներից վեր. Արմեն Նիազյան

Armen-av

Սուրբ Գիրքը խոսում է Սավուղի հաղթանակների և Իսրայելի զորության մասին, ասում, թե ինչպես էր Իսրայելը հաղթանակներ տանում թշնամիների նկատմամբ: «Եւ Սաւուղն սկսեց Իսրայէլի վերայ թագաւորել. Եւ բոլոր շրջակայ թշնամիների հետ՝ այսինքն Մովաբի հետ եւ Ամմոնի որդկանց հետ, Եդովմի հետ, Սուբայի թագաւորների հետ, եւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ. Եւ ամեն ուր որ դառնում էր՝ յաղթութիւն էր անում։ Եւ քաջութիւն արաւ եւ Ամաղէկին զարկեց, եւ ազատեց Իսրայէլին իր կողոպտիչների ձեռքիցը» (Ա Թագավորաց 14.47-48)։

Սակայն անցնում է մի որոշ ժամանակ, և նույն Սավուղին ու Իսրայելին գտնում ենք մեկ այլ իրավիճակում՝ պատերազմի դաշտ, Գողիաթ և վախեցած ժողովուրդ:  «Եւ երբոր Սաւուղն ու բոլոր Իսրայէլը լսեցին Փղշտացիի այս խօսքերը, զարհուրեցին եւ շատ վախեցան» (Ա Թագավորաց 17.11)։ Ի՞նչ պատահեց հաղթական Սավուղին, հզոր Իսրայելին: Նրանք կանգնեցին մի իրավիճակի առջև, որից վախեցան և որի առջև իրենց անզոր զգացին: Ոչ Իսրայելն էր փոխվել, ոչ Սավուղը, ոչ թշնամին… Ուղղակի նրանք Աստծուն նայելու փոխարեն նայում էին Գողիաթին ու նրա զորությանը:

Երբ նավը դուրս է գալիս բաց ծով, նրան հանդիպում են քամիներ, ու թե ինչ ընթացքով, ինչ ճանապարհով կգնա նավը, կախված է նավի առագաստից: Մի դեպքում քամին կարող է խորտակել նավը, մեկ ուրիշ դեպքում արագացնել այդ նավի ընթացքը: Շատ իրավիճակներ, գալով մարդու կյանք, ուղղակի ջախջախել են նրան: Մեկ ուրիշ դեպքում այդ նույն իրավիճակները պատվանդան ու հիմք են դառնում, որ մարդն ավելի զորանա ու լցվի հավատքով: Քրիստոնյան պետք է մեկ աստիճան բարձր լինի իր կյանքի իրավիճակներից: Քրիստոնյան պետք է կարողանա վերևից հայացք նետել, տեսնել ավելի հեռուն, ավելի ամբողջականը, տեսնել՝ թե ինչ կա նաև այդ իրավիճակից այն կողմ: Կարևոր է հիշել, որ ցանկացած իրավիճակ անցողիկ է, սակայն կարող է մնայուն լինել այն հետևանքը, որ այդ իրավիճակը կբերի քո կյանք:

1. Հույզեր և զգացմունքներՎիրավորանք, նեղվածություն, ինքնասիրության ոտնահարում, անցյալից մնացած վերքեր…

Մարդիկ երբեմն մեզ ցավեցնում են, անում են քայլեր, ասում են բաներ, որոնցով կամա-ակամա նեղացնում են մեզ, վիրավորում են՝ միգուցե իրենք էլ չզգալով: Ինչպիսի՞ն է լինում քո արձագանքը: Մարդ-մարդ փոխհարաբերության մեջ սատանայի ամենահզոր զենքերից մեկը սա է՝ այնպես անել, որ մեկը մյուսից վիրավորվի կամ նեղանա: Նման իրավիճակում հեշտ է դատել, մեղադրել, վրեժխնդիր լինել… Հիշեք Աբելին ու Կայենին: Կայենի ինքնասիրությունը Աբելի պատճառով վիրավորվել էր: Նա նեղացել էր: Եվ ինչ է ասում Տերը՝ «Կայեն, մեղքը դռան մոտ պառկած է. իշխիր նրա վրա» (Ծննդոց 4.7): Այսինքն՝ Կայենը հնարավորություն ուներ ստեղծված իրավիճակում աստվածային մոտեցում ունենալ, բայց… Թույլ մի՛ տուր սրտիդ մեջ վիրավորվածության սերմեր ընկնեն, դրանք աճում են ու պտուղ տալիս՝ նախանձ, չարություն, հակառակություն, ատելություն…

2. Վախեր և անհանգստություններ – Հիվանդություն, դժվարություններ, անլուծելի թվացող խնդիրներ, անձնական կյանք, մտերիմ մարդու կորուստ…

Իրավիճակներ, որոնք մենք կարիք ունենք հաղթահարելու Քրիստոսի հետ միասին: Իրավիճակներ, որոնց սլաքներն ուղղված են քո հավատքին ու վստահությանն առ Աստված:  Աշակերտները տեսան 5000-անոց ամբոխն ու հասկացան, որ ուտելու բան չունեն, ու նրանք անհանգստացան: 12 լրտեսներից 10-ը հասան Երիքով, տեսան Երիքովի հաստ պատերն ու վախեցան: Վախերը գալիս են մեր կյանք՝ փակելու հավատքի աչքերը: Եթե այսօր անցնում ես նմանատիպ իրավիճակներով, կլինի դա լուրջ հիվանդություն, անձնական կամ ընտանեկան որևէ խնդիր, վախ՝ ապագայի նկատմամբ… Բեր իրավիճակներդ Աստծո առաջ ու ամուր բռնիր Աստծո ձեռքը: Այդ իրավիճակները կարող են կործանել քեզ, կարող են և զորացնել ու ամրացնել հավատքդ: Ոչ մի հիվանդություն ու խնդիր ավելի մեծ չի, քան քո Աստված:  «Նեղության միջից Տիրոջը կանչեցի. Տերը լսեց ինձ և լայնարձակ տեղ հանեց» (Սաղմոս 118.5):

3. Մեղք և գայթակղություն – Ճիշտ այնպես, ինչպես երբեմն չուզենալով վիրավորվում ենք կամ հիվանդանում, այդպես էլ երբեմն ընկնում ենք մեղքի մեջ: Երբեմն Աստծուն ճանաչող մարդը անգիտակցաբար, երբեմն գուցե գիտակցաբար ընկնում է մեղքի մեջ: Չեմ արդարացնում մեղքը, բայց ուզում եմ ասել՝ չկա մի մեղք, որ Նրա արյունը ի զորու չլինի ներել: Այնքան վտանգավոր չէ մեղքը, որքան որ վտանգավոր է դրա հետ համակերպվելը:  Սամփսոնն ու Դալիլան, Դավիթ և Բերսաբե: Սամփսոնը պարտվեց, Դավիթը մեղք գործելով հանդերձ՝ հաղթեց: Ինչո՞ւ. որովհետև անմիջապես հետևեց զղջումն ու ապաշխարությունը՝ «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում: Դեն մի գցիր ինձ քո երեսից, և քո Սուրբ Հոգին ինձանից մի առ» (Սաղմոս 51:10-11):

 Քրիստոնյայի մոտեցումը մեղքին պիտի լինի ճիշտ այնպես, ինչպես Աստծունը. Ես ու դու պիտի զզվենք մեղքից, ատենք մեղքը ու երբեք մեր կյանքում տեղ չտանք: Բայց եթե մեղք ես գործել, եթե անգամ քո պատկերացրած Սուրբ Կյանքը դեռևս չես կարողանում լիարժեք ապրել, սատանան փսփսալու է ականջիդ, թե դու մեղավոր ես, Աստված չի լսի քեզ, դու երբեք էլ չես կարողանա հաղթել այդ մեղքը քո կյանքում: Նա խաբում է: Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից:

Ինչպե՞ս գտնվել իրավիճակներիցից վեր: Եթե դու Քրիստոսի մեջ ես, դու արդեն իսկ ամեն իրավիճակից բարձր ես: Պարզապես մնա Քրիստոսի մեջ, մնա Աստծո Խոսքի մեջ, մնա աղոթքի մեջ, մնա սուրբերի հաղորդակցության մեջ… «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կտրուի ձեզ» (Մատթ. 6.33):

Եվ վերջում, նայելով քո կյանքի տարբեր իրավիճակներին, խնդիրներին ու դժվարություններին, հիշիր այս խոսքն ու ապրիր հաղթանակած կյանքով: «Ամեն բան բարիին գործակից է լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռ 8.28):

 

 

 

44 դիտում