Կիրակնօրյա ծառայություն. Բացված երկինք կամ՝ ո՞ւր է ուղղված քո հայացքը. Կարեն Թադևոսյան

Karen

Երբ տխրում ենք, մեր հայացքը քիչ-քիչ սկսում է իջնել ներքև, երբ մի վատ բան ենք անում, դժվարանում ենք ուղիղ նայել: Ոմանք հենվում են իրենց մարմնի վրա, սակայն Տերն աում է՝ մի ապավինիր քո մարմնին, մտածիր երկնայինի մասին, որ սուրբ է, մաքուր, առաքինի:

Ինչպես մարմինն է հանդերձին կյանք տալիս ւ նպատակ հաղորդում, այդպես էլ մեր մարմինն ու հոգին են: Առանց հոգու մարմինը ոչնչի ունակ չէ, առանց հոգու մարմինը մեռած է: Ինչպես մարմինն է կարևոր հանդերձից, այդպես էլ հոգին է կարևոր մարմնից:

Երբեք չկառուցես քո կյանքը նյութի ու նյութական արժեքների վրա: Մենք պիտի հոգով ու Աստծով հարուստ լինենք:

Աստծո խորհուրդները մեզ համար միշտ բարի են, սակայն մեր կյանքից ու հավատքից է կախված՝ կբացվի՞ երկինքը մեզ համար, թե՞ կմնա փակված: Եթե դու ապրում ես երկնքով, եթե քո ցնծությունն ու ուրախությունը երկնային է, ուրեմն երկինքը բաց է քեզ համար: Ես գիտեմ, որ իմ վերջնական հանգրվանը երկինքն է, և իմ հայացքը պետք է լինի ուղղված երկնքին ու Աստծուն:

«Աստված դուրս հանեց նրան և ասաց՝ դեպի երկինք մտիկ արա… » (Ծննդոց 15.5)։

Աստծո ուխտերը՝ կապված մեզ հետ, երկնքից են: Նա խոստացել է օրհնել մեզ երկրային բարիքներով էլ, սակայն առաջնայինը Նրա համար երկինքն է:

Գործք 1-ին գլխում նկարագրված է Հիսուսի համբարձումը, և Նրա համբարձման հետ բոլորի հայացքն ուղղված էր երկինքը:  Հրեշտակներն ասացին`Հիսուսը ճիշտ այդպես ետ կգա: Ու վստահ եմ, աշակերտները իրենց հայացքը հաճախ էին ուղղում երկինք`սպասելով Քրիստոսի գալուստին: Երկրավոր շատ գունեղ բաներ կան, մարդը կարող է իր արքայությունը կառուցել երկրի վրա, մարդը կարող է անգամ ցանկանալ մնալ և վայելել, սակայն այդ ամենը աղբ է`համեմատած երկնքի հետ: Թող երկինքը միշտ մեր առաջ լինի, թող մեր հայացքը միշտ ուղղված լինի Նրան:

Որտեղի՞ց ես դու և ո՞ւր պիտի գնաս:

«Եւ ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքումն է։» (Հովհաննես 3.13)։

Հոգին անստեղծ է՝ դրված Աստծուց մարդու մեջ: Աստված կարծես դնում է իրենից մի մաս յուրաքանչյուր մարդու մեջ: Ինչո՞ւ մեր հոգին ոչնչից չի կշտանում այս երկրի վրա: Որովհետև մեր հոգին երկնային է, այն Աստծուց է և այն կվերադառնա Աստծո մոտ, և միայն այդ ժամանակ հոգիդ կարող է բավարարվել:

Հիսուսն ամենաշատը խոսում էր երկնքի արքայության մասին: Նրա առակները մի բառով կարող ենք ամփոփել այսպես՝ ապաշխարեք, երկնքի թագավորությունը մոտեցել է:

Եթե երկինքը քո մեջ է, դու ազատ ես, դու ճանաչում ես Նրա կամքը, դու առաջնորդվում ես Նրանով: Եթե աշակերտների պես հայացքդ երկինք է ուղղված, դու կնկատես Նրա գալը: Հիսուսը Նիկոդեմոսին ասում էր՝ եթե մեկը չծնվի հոգուց, նա չի կարող տեսնել երկնքի արքայությունը, և հետո՝ նա չի կարող մտնել: Պետք է նախ տեսնել, հետո միայն՝ մտնել: Եթե այսօր դու չես տեսնում երկնքի արքայությունը քո մեջ, վաղը չես կարող մտնել այնտեղ: Ես գիտեմ, թե ուր եմ գնալու մահից հետո: Ես տեսնում եմ դա: Վերստին ծնվածը միայն կարող է դա տեսնել: Թող մեր մեջ հավիտենությունը տեսանելի լինեն թե՛ մեզ համար, թե՛ մեր շրջապատի: Երկրի վրա բոլորը և ամեն ինչ ժամանակավոր է, իսկ Աստված մեզ խոստացել է հավիտենականը:

«Եվ ասում էր՝ ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի թգավորությունը» (Մատթևոս 3.2)։ Այս նույն բովանդակությամբ համարները շատ են Ավետարաններում, որովհետև երկինքը Հիսուսի ուշադրության կենտրոնում էր:  Մկրտությունից հետո Սուրբ Գիրքն ասում է`երկինքը Նրա համար բացվեց… Երանի թե մեզնից յուրաքանչյուրի համար երկինքը բացված լինի:

38 դիտում