Կիրակնօրյա ծառայություն. Էմմանուէլ՝ Աստված մեզ հետ. Հայկ Գրիգորյան

Հայկ

Եթե չլիներ Քրիստոսի ծնունդը, չէր լինի խաչն ու հարությունը: Ամեն բանի սկիզբ դրվեց Նրա ծնունդով:  Հրեշտակն ավետիս է տալիս ու ասում, որ ծնվելու է Փրկիչը, Էմմանուելը, որ նշանակում է Աստված մեզ հետ: Այսօր մենք քրիստոնյա ազգ ենք, սակայն որքանո՞վ է Փրկչի ծնունդը մեզ համար իրական: Արդյոք Աստված մեզ հե՞տ է: Երանելի մարդ ես, եթե քայլում ես Աստծո ճանապարհների մեջ, եթե Աստված քեզ հետ է:

«Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան» (Եսայի 9.6)։

Երբ հրեշտակները տեսան հովիվներին, ի՞նչ ավետիս տվեցին`Երկնքի բարձրության մեջ փառք, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ`հաճություն (Ղուկաս 2.14): Ամբողջ աշխարհը տոնում է Քրիստոսի ծնունդը, բայց կորցրել է խաղաղությունը: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում խանութներում Ամանորին ընդառաջ, ինչպես են մարդիկ տարվում առևտրով… Աստծո Խոսքն ասում է, որ Նա Խաղաղության Իշխան է:

Յուրաքանչյուրը, ով վերստին ծնունդ է ունենում, անմիջապես զգում է այդ խաղաղությունը: Հիսուսը ծնվելով իր հետ խաղաղություն բերեց: Ուրախացիր նրա ծնունդի համար, ուրախացիր, որ դու Նրան ունես ու Նրանով էլ՝ խաղաղություն:

«Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը» (Հռոմեացիս 15.13)։

Մեր ուրախությունը, մեր խաղաղությունը հիմնված է Նրա վրա, ու եթե Նա չլիներ, չէինք կարող պահպանել այն:

14 դիտում