Կիրակնօրյա ծառայություն. Դառնության արմատները. Արմեն Նիազյան

Արմեն Նիազյան

Հիսուսը հանդիմանում էր փարիսեցիներին նրա համար, որ վերջիններս ուշադրություն էին դարձնում միայն երևացող կողմին: Մարդը արտաքինին է նայում, Աստված՝ սրտին: Մարդու հայացքը ճյուղերն ու պտուղներն են, Աստծո հայացքը՝ դեպի արմատը:

Կարող ես անընդհատ պայքարել պտուղների դեմ, ամեն անգամ, երբ ճյուղերը երևում են, կարող ես դրանք կտրել, թաքցնել, սակայն քանի դեռ արմատը պահել ես քո սրտում, դու ազատագրված չես լինի: Ինչո՞ւ երբեմն մենք չենք կարողանում «գլուխ հանել» մեր բնավորությունից, մեր գայթակղություններից ու մեր մեղքերից, որովհետև պայքարում ենք ոչ թե արմատի, այլ պտուղների դեմ:

Եբր. 12.15 – Զգուշացեք, չլինի որ մեկը Աստծո շնորհքից ետ մնա. Չլինի թե մի դառնության արմատ վեր կենալով՝ ձեզ նեղի և նրանով շատերը պղծվեն:

Դառնությունը հակառակ է Աստծո շնորհքին: Այսինքն՝ եթե քո սրտում թույլ ես տվել աճել դառնության արմատներ, այն քիչ-քիչ սկսելու է հեռացնել այնտեղից Աստծո շնորհքը:

Դառնության սերմերը, ընկնելով սրտի մեջ, կարող են բաժանել ամենամոտ ընկերների, կարող են բաժանել ամենասիրող ամուսիններին, կարող են քանդել ամենաջերմ փոխհարաբերությունները: Դառնությունը քանդում է ամեն բարի բան և հիշեք՝ այն դեմ է գնում Աստծո շնորհքին:

Տերը ուխտ է անում Իսրայելի հետ ու ասում. Բ Օրինաց 29:18 – Չլինի թե ձեր մեջ թույն և դառնություն բերող արմատ գտնվի:

Կարող է քո կյանքում հայտնվել այնպիսի իրավիճակներ, երբ նայես ու մխիթարություն չգտնես… քո կյանքում ամեն ինչ վատ է, դու հուսահատված ես, դու կորցրել ես սիրելի ու մտերիմ մարդու, քեզ խաբել են, քեզ անտեսել են, քեզ վիրավորել են… ու դու հայտնվում ես մի իրավիճակում, երբ այլևս չես էլ ցանկանում ապրել կամ պայքարել… այդ ժամանակ ունեցածդ «անդրանիկությունը» քեզ կթվա անիմաստ մի բան, որովհետև դա չես տեսնում, դա չես շոշափում, իսկ մի աման ապուրը տեսանելի ու շոշափելի էր: Զգուշացիր, որ Տիրոջ շնորհքից ետ չմնաս… Ես ու դու կարող ենք անել քայլեր, որոնք անդառնալի հետևանք կարող են ունենալ մեզ համար: Եսավը ներվեց, Եսավը հարստացավ, բայց Եսավը երբեք չվերականգնեց իր անդրանիկությունը:

Երբեմն Աստված թույլ է տալիս մեզ խմել դառնության ավազանից:

Ելից 15:22-25 – «Եւ Մովսէսը Իսրայէլին Կարմիր ծովիցը ճանապարհ հանեց, եւ նորանք Սուրի անապատը եկան, եւ երեք օրուայ ճանապարհ գնացին անապատումը, եւ ջուր չգտան։ Եւ եկան Մեռայ, եւ չէին կարողանում խմել Մեռայի ջրերիցը, որովհետեւ դառն էին, վասն որոյ նորա անունը Մեռայ կոչուեցաւ։ Եւ ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ասելով. Ի՞նչ խմենք։ Եւ նա Եհովային աղաղակեց. Եւ Եհովան նորան մի փայտ ցոյց տուաւ, եւ նա գցեց ջրերի մէջ, եւ ջրերը անուշացան։ Այն տեղ նորանց կանոն եւ դատաստան դրաւ, եւ այնտեղ փորձեց նորանց»:

Երբ որ հասան Մեռայի դառը ջրերի մոտ, երկու բան տեղի ունեցավ: Ժողովուրդը տրտնջաց, իսկ Մովսեսը Տիրոջն աղաղակեց… Ես ու դու ժամանակ առ ժամանակ անցնելու ենք դառնության ավազանների կողքով, ես ու դու երբեմն անգամ համտեսելու ենք այդ ջրերից, զգալու ենք սեփական մաշկի վրա ինչ է դառնությունը: Կտրտնջաս, կնեղվես, կբողոքես, թե կաղաղակես Աստծուն: Երբ աղաղակում ենք Աստծուն, Տերը կարող է ամեն դառնություն վերածել քաղցրահամ ջրի:

Տերը երբեմն թույլ է տալիս մենք ճաշակենք դառնություններ: Հիշենք Իսրայելին, Հիշենք Նոյեմիին, որ ասաց՝ ինձ այլևս Մառա կոչեք, որ նշանակում է դառնություն, հիշեք Հիսուսին, որ երբ ծարավեց, նրան դառը քացախ տվեցին… Երբեմն հենց դառնության ավազանի մեջ է, որ երևում է մեր ներսը: Այո՛, ջուրը դառն էր, բայց ինչպիսին է քո վերաբերմունքը: Այո, դիմացինը սխալ էր, բայց ինչպիսին է քո վերաբերմունքը: Գուցե Աստված է քեզ տարել այդ ավազանի մոտ և ուզում է տեսնել քո ներսը: Գուցե քեզ ինչ-որ դաս է ուզում տալ Տերը:

Ինչու է վտանգավոր թողնել դառնության արմատները: Երբեմն ամուսինները վիճում են մի կենցաղային փոքր հարցի շուրջ, ու հանկարծ ջրի երես են դուրս գալիս ամիսներով կուտակված բաներ: Այն մարդը, ով իր ներսում ունի կուտակած, պահած, չներած բաներ, ով սնում է դառնության արմատները, նրա հետ մի փոքր անհամաձայնությունն էլ դառնում է մեծ վիճաբանություն: Դառնությունը սնվում է հիշաչարությունից ու ծնում չարություն:

Հիասթափություն: Երբ մեր սիրելի մարդը անում է բաներ, որոնք զարմացնում են մեզ, երբ մեկը, ով թանկ էր մեզ համար, անտեսում է մեզ… ու մենք հաճախ բախվում ենք հիասթափության պատին, ու այդտեղ է, որ պիտի որոշենք՝ աճեցնել դառնության արմատները, թե՞ ամեն բան հանձնել Աստծուն:

Թյուրիմացություն: Որքան էլ զարմանալի չլինի, դառնություն կարող է առաջանալ ամենասովորական, իրար չհասկանալուց կամ սխալ հասկանալուց: Դու նեղվեցիր ընկերոջիցդ, որովհետև սխալ հասկացար նրան, նեղվեցիր ու դառնացար…

Նախանձ: Դիմացինն ավելի հաջողակ է ամեն ինչում: Նա ամուսնացել է, ես՝ ոչ, նա մեքենա ունի, ես՝ ոչ, նա տուն ունի, ես՝ ոչ… ու մարդը սկսում է դառնանալ: Մենք միշտ նախանձում ենք նյութական, երևացող բաներում: Առակաց 14:30 – Նախանձը ոսկորների փտություն է:

Խանդ: Որքա՜ն սպանություններ են տեղի ունենում խանդի հողի վրա: Երբ ամուսինները սկսում են առաջնորդվել խանդով, վիճաբանությունն ու անհաշտությունը պատրաստ է: Եղել են դեպքեր, երբ երեխաներից մեկը մյուսին վնասել է, մինչև անգամ սպանել, որովհետև թվացել է, թե ծնողները իրեն ավելի քիչ են սիրում: Հիշեք Հովսեփի եղբայրներին: Նրանց սրտում բույն դրած դառնությունը մի օր գլուխ բաձրացրեց:

Վիրավորանք: Վիրավորանքը զգացում է, որից ոչ ոք ազատագրված չէ: Վիրավորանքի զգացումը կարող ես հաղթահարել, թույլ չտալ, որ այն սկսի աճել, բայց և կարող ես չներելու որոշում կայացնել: Սրանք բաներ են, որ մեր մարմինը գուցե ձգտում է, այս ամենը կա մեր ադամական էության մեջ, և դրա համար Եբրայեցիս թուղթը զգուշացնում է՝ զգուշացեք, որ չընկնեք Աստծո շնորհքից:

Դառնության արմատը մարդուն դարձնում է հոգևորապես կույր և անզգա: Նա առաջնորդվում է իր դառնությամբ միայն: Ովքեր են հիվանդացել ու բախվել են երևույթին, որ ինչ ուտում են, դառն է լինում:  Եթե դու թույլ ես տվել դառնությունը բույն դնի քո սրտում, ինչի հետ էլ առնչվես, դու դառնահամ ես զգալու: Մի ապրիր դառնությունով: Զգում ես, որ միայնակ չես կարող,գնա, խոսիր հովվիդ հետ, որևէ առաջնորդի հետ, աղոթեք, պայքարեք միասին… Եբրայեցիս 12:15-ի երկրորդ հատվածն ասում է՝ դառնության արմատ ձեզ նեղի ու դրանով շատերը պղծվեն: Դառնության արմատ ունեցող մարդը վտանգավոր է նաև ուրիշների համար:

Ինչպե՞ս լուծել դառնության հարցը՝ քաղցրությունով

  1. Աստծո Խոսքը քաղցր է – Սաղմոս 119:103 – Որքա՜ն քաղցր է քո խոսքը իմ քիմքից:
  2. Տերը քաղցր է: – Սաղմոս 34.8 – Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է: Երանի այն մարդուն, որ նրան է հուսացած:
  3. Մենք պետք է որոշենք քաղցր լինել – Եփեսացիս 4:31-32 – Ամեն դառնություն և բարկություն և սրտմտություն և աղաղակ և հայհոյություն վերցվի ձեզանից իրենց չարություններով մեկտեղ: Իրար հետ քաղցր եղեք, գթած, ներելով իրար, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ:

Եկեք քաղցր լինելու որոշում կայացնենք: Եկեք որոշում կայացնենք, որ դեմ ենք գնում դառնությանը:

Աստծո կամքն է մեզ համար, որ մենք հաղթող լինենք, որ մենք սրբությունից սրբություն գնանք, որ մենք քայլենք որպես լույսի որդիներ, որ մենք սիրենք իրար այնպես, ինչպես նա մեզ սիրեց, ներենք, ինչպես նա մեզ ներեց… Աղոթենք, որ իմ ու քո սրտից Տերը արմատախիլ անի դառնության ամեն մի արմատ…

65 դիտում