Կիրակնօրյա ծառայություն. Հիսուսն իր հանդերձներով հագցրեց մեզ. Կարեն Թադևոսյան

Karen

Հիսուսն այնպիսի կապերով է մեզ Իրեն կապել, այնքան է կարևորել մեզ, որ մեզ անվանում է իր մարմինը: Ոչ մարմինը կարող է գործել առանց գլուխ, ոչ էլ հակառակը: Նա հանդիպեց Սողոսին ու ասաց՝ Ինչո՞ւ ես ինձ հալածում: Նա չասաց՝ ինչո՞ւ ես հալածում իմ աշակերտներին, ինչո՞ւ ես ուզում բանտարկել ու սպանել նրանց.. Նա իրեն մեկացրեց աշակերտների հետ, Նա համաձայնվեց իր հանդերձները մեզ տալ, Ինքը մերկացավ, որպեսզի մենք հանդերձավորվենք, Նա ցածրացավ, որ մենք բարձրանանք, Նա ընկավ, որ մենք կանգնենք, Նա աղքատացավ, որ մենք հարստանանք, Նա դատապարտվեց, որպեսզի մենք արդարանանք… Հիսուսի մեծությունը Նրա շատ փոքրանալու մեջ է, Նա փառքն ու զորությունը՝ իր իջնելու ու մարդանալու մեջ: Հիսուսը համաձայնվեց մարդանալ, ծառայի կերպարանք առնել, դատապարտվել խաչի մահվան՝ միայն մեզ համար:

«Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք» (Բ Կորնթացիս 8.9)։

Նա իր ողջ ունեցածը տվեց մեզ: Նա իր կարգավիճակում դրեց մեզ, մենք հարստացանք`առանց ճիգ ու ջանք թափելու, իսկ Նա 33 տարի ճիգ ու ջանք թափելով՝ մեր կարգավիճակը վերցրեց իր վրա: Մենք տեղերով փոխվեցինք: Մենք երբեք չէինք համաձայնվի նույնն բանն անել որևէ աղքատ մեկի հետ, բայց Հիսուսն արեց ավելին: Մենք կարող ենք կարդալ ու սահուն անցնել, բայց այնքա՜ն մանրամասներ կան, թե ինչ գին Նա վճարեց մեզ համար:

«Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. Ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չկար նորա բերանումը։ Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. Երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկրացնէ. Եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։» (Եսայի 53.9-10)։

Նա ամենը տվեց, Նա ամենը զոհաբերեց, Նա անգամ թույլ տվեց խոցել իրեն, որ ջուր և արյուն հոսի՝ ցույց տալով, որ այլևս ոչինչ չուներ տալու… Այդ հարստությունը մեզ իզուր ու պարապ չի տրված, սկսիր գործածել այդ հարստությունը, մի՛ ապրիր չունեցողի ու տկարի պես: Հիսուսը կորցրեց, բայց դու վերցրեցիր: Եվ Նա այլևս աղքատ չէ, Նա տերերի Տերն է ու թագավորների Թագավորը, Նա հզոր ու հաղթող Աստված է, և մենք Նրա ժառանգներն ենք:

Պետրոսն ու Հովհաննեսը գնում էին տաճար, և հանդիպում են մեկի, ով ի ծնե կաղ էր: Պետրոսն ասաց նրան՝ արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ-որ ունեմ, քեզ եմ տալիս, Հիսուսի անունով ոտքի ելիր ու քայլիր: Այո՛, չունեմ աշխարհի պատկերացրած հարստությունը, գուցե փառքն ու դիրքը, բայց ունեմ Մեկին, որով հարուստ եմ:

Կրկնակի չարիք է`վերցնել և չօգտագործել: Եթե մենք ունենք հարստություն, արի օգտագործենք դա: Աշխարհը ծարավից մեռնում է, հարևաններդ ծարավից մեռնում են, ու դու ունես ջրի պաշարներ: Սկսիր տալ աշխարհին, սկսիր օգտագործել այն, ինչ ունես: Այդ հարստությունդ, որքան էլ օգտագործես, ավելանալու է: Դու հարուստ ես Հիսուսի տված հարստությունով, քեզ լիառատ կյանք է խոստացվել, և դու այն ունես:

«Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով. Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով» (Բ Պետրոս 1.3-4)։

98 դիտում