Կիրակնօրյա ծառայություն. Ինձ հարմար չի, կամ՝ դուրս արի քո հարմարավետությունից. Արթուր Աղեկյան

Ինձ հարմար չի. այս արտահայտությունն աշխարհում երևի ամենաշատն է հանդիպում

«Եւ եղաւ որ նորանք գնալիս, ճանապարհին մի մարդ նորան ասեց. Ես քո ետեւիցը կ’գամ՝ ո՛րտեղ որ գնաս, Տէր։ Յիսուսն էլ նորան ասեց. Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի, որ գլուխը դնէ։ Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետեւիցն եկ. Եւ նա ասեց. Տէր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հայրը թաղեմ։ Յիսուսը նորան ասեց. Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն. Իսկ դու գնա Աստուծոյ արքայութիւնը քարոզիր։ Մի ուրիշն էլ ասեց. Տէր, քո ետեւից կ’գամ. Միայն թէ առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարեւ մնա ասեմ։ Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար» (Ղուկաս 9.57-61)։

Նրանք մարդիկ էին, ովքեր ուզում էին հետևել Աստծուն, բայց նախ ուզում էին կարգավորել իրենց գործերը, և Հիսուսն ասաց`նրանք հարմար չեն Աստծո արքայության համար: Նրանք չէին մերժում Աստծուն, բայց նրանից առաջ դնում էին իրենց ծրագրերը:

«Նախ և առաջ փնտրեք Երկնքի արքայությունը, և մնացած բաները կտրվեն ձեզ» (Մատթևոս 6.33)։

Մենք կանչված ենք ոչ թե մեծամեծ գործեր անելու համար, այլ մենք կանչված ենք՝ Աստծո կամքը կատարելու համար: Մեր գործը չի՝ որոշելու, թե ինչն է մեծ կամ ինչն է փոքր Աստծո համար. մենք պիտի իրականացնենք Աստծո կամքը: Մինչև վերջ գնալ Տիրոջ հետևից նշանակում է՝ դուրս գալ իր հարմարավետությունից: Աշխարհում ամեն մեկը փնտրում է իր հարմարավետությունը, ուզում է ստեղծել իր համար հարմարավետ տեղ: Մարդիկ փորձում են իրենց կյանքը դարձնել հնարավորինս հեշտ ու հարմար:

Ապաշխարելուց հետո էլ մարդը նույն կերպով փորձում է իր հարմարավետությունը գտնել եկեղեցում: Արդյունքում՝ հավատացյալը չի ուզում գնա մեկին ավետարանի, որովհետև ուրիշների հետ այդքան էլ հաճելի չի:

Երբ որ մենք մեր հարմարավետությունից դուրս ենք գալիս կամ մեր ծրագրերն ու պլանները չեն կատարվում, մենք կոտրվում ենք, սթրես ենք ապրում: Մեկին հանում են աշխատանքից, այնպես է սթրես տանում, կարծես իր ամբողջ աշխարհը փլուզվեց: Հոգևորներս սթրես տանելուն ասում ենք՝ կոտրվել: Ու մենք հաճախ ենք կոտրվում՝ հիմնականում այն պատճառով, որ մեր ուզածը, մեր պատկերացրածը չի լինում… Քանի՞ անգամ դուրս եկել քո հարմարավետությունից ու ասել՝ Տեր, ի՞նչ ես ուզում անեմ: Եթե մեր օրը պլանավորված է ամբողջությամբ, ինչպե՞ս կարող է Աստված այլևս օգտագործել մեզ. ախր մեր օրերն ու ժամերն արդեն պլանավորված են:

Գաբեսը ծնվել էր ցավով, ու անկախ նրանից՝ իր կյանքը ոնց էր դասավորվել, նա աղոթեց և ասաց՝ Տեր, իմ սահմանները մեծացրու: Աստված նրան չհանդիմանեց, չասեց մնա քո սահմաններում, Աստված արեց ճիշտ այնպես, ինչպես խնդրում էր Գաբեսը: Երբեմն մենք շատ բաներ չենք խնդրում, որովհետև դրանք մեր սահմաններից դուրս են. այդպես էլ սահմանափակվոմ են նաև մեր աղոթքները՝ մեր մտածածի պես:

Աշակերտները տեսան Հիսուսին ջրի վրայով քայլելիս, ու Պետրոսի մտքով մի անհասկանալի բան անցավ՝ քայլել դեպի Հիսուսը: Հիսուսը նրան չսաստեց ու ասեր՝ քո սահմանը նավն է, մնա այդտեղ: Ո՛չ, Հիսուսն ասաց՝ արի: Ու Պետրոսը քայլեց ջրի վրայով: Պետրոսը դուրս եկավ իր հարմարավետությունից: Մենք գիտենք՝ ինչն է մեզ համար հնարավոր, ինչը՝ ոչ, մենք այնքան տեղեկացված ենք: Բայց ամեն բան փոխվում է Հիսուսի հետ: Երբեմն մենք մեզ համար սահմաններ ենք գծում՝ նայելով մեր ֆինանսին, մեր զբաղվածությանը, մեր ժամանակին, ու Աստված չի կարողանում օգտագործել մեզ:

Իսրայելացիների համար գերությունը հարմարավետ էր դարձել, ու անապատում նրանք ըմբոստացան ու հիշեցին Եգիպտոսի սոխն ու սխտորը: Նրանց կյանքը այնտեղ հեշտ չէր, բայց արդեն հարմարվել էին: Իսկ անապատում կար ազատությունը, կար խոստումը, բայց չէր երևում, ու մարդը գերադասում է չհամբերի անորոշության մեջ ու վերադառնա իր հարմարավետությանը: Աստված չի ուզում մեզ համար ստեղծել անհարմարավետություն, բայց երբ Նա ուզում է մեզ օգտագործել ինչ-որ գործի մեջ, մենք պետք է կրենք անհարմարավետություն, ու պետք է պատրաստ լինենք դրան: Աստծո գործի մեջ մենք չենք կարող ունենալ մեր սահմաններն ու չափերը: Շատերն են ասում՝ ես սա եմ կարողանում միայն, այսքանն եմ ունակ… ուզում եմ հարցնել՝ Աստվա՞ծ է դա ասել քեզ, թե՞ դու ես քեզ համար սահմաններ գծել: Հիշիր Գաբեսին, ով աղոթեց ու խնդրեց իր սահմանները ընդարձակել:

Մենք կանչված ենք՝ նախևառաջ Աստծո գործի և Նրա կամքի համար:

67 դիտում