Կիրակնօրյա ծառայություն. Քանի դեռ ժամանակ ունենք… Արմեն Նիազյան

Այն մեր տատիկ-պապիկներից ժառանգություն չենք ստացել, մեր ծնողները մեզ չեն կարող այն տալ, մենք չենք կարող այն փոխանցել մեր զավակներին: Մենք ունենք դա, օգտագործում ենք, բայց ոչ մեկս դրա տերը չենք… Ամեն օր մենք օգտագործում ենք, բայց ոչ մեկս գաղափար չունենք, թե մինչև երբ դեռ մեզ կբավականացնի… Ժամանակը Աստծո պարգևն է՝ ինձ ու քեզ: Մենք չգիտենք, թե որքան ունենք այն, բայց պիտի կարողանանք ճիշտ օգտագործել: Հենց այն պահին, երբ երեխան ծնվում է, նրա կյանքում սկսվում է հետհաշվարկ. Ամեն հաջորդ պահին նրան ապրելու ավելի քիչ ժամանակ է մնում…

Կյանքում կան բաներ, որ կորցնելուց հետո կարող ենք նորից վերագտնել՝ փողը, պաշտոնը, անունը, հեղինակությունը, ուրախությունը, երջանկությունը… Միակ բանը, որ երբևէ չենք կարող հետ բերել, ժամանակն է…

Եփեսացիս 5.15-17 – Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. Ոչ թէ ինչպէս անխելքներԱյլ ինչպէս իմաստուններգնեցէք ժամանակըոր օրերը չար ենՆորա համար մի լինիք անմիտայլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը։ 

Պողոս առաքյալը մեզ զգոնության կոչ է անում՝ Զգոնություն՝ ճիշտ օգտագործելու մեր ժամանակը:

  • Ինտերնետային հավելվածների ու խաղերի 90%-ի առաջին մեկնաբանությունը սա է՝ Ժամանակս աննկատ անցավ: Անցավ… Այսօր բոլորը բողոքում են ժամանակի քիչ լինելուց, բայց այնքա՜ն ենք վատնում այդ նույն ժամանակը:
  • Աշխարհում բիզնես գրականության համար առաջին թեման ու վերնագիրը Թայմ մենեջմենթն է. Ինչպես ճիշտ օգտագործել ժամանակը:
  • Մարդու ամենօրյա ամենամեծ պահանջը՝ իմանալ, թե ժամը քանիսն է… Օրվա ընթացքում քանի՞ անգամ ես նայում ժամացույցին:
  • 2 ձայն կա աշխարհում, որ որտեղ էլ հարցնես, կիմանան. Ժամացույցի ձայնը, և սրտի աշխատանքի ձայնը:

Նա է կամեցել, որ մենք շատ ուշադիր լինենք ժամացույցի նկատմամբ, նա՛ է կամեցել, որ սրտի ու ժամացույցի զարկերն այդքան նման լինեն միմյանց:

Աստվածաշունչը մարդկանց բաժանում է երկու մասի՝ անմիտ և իմաստուն:

  • Անմիտ մարդու և իմաստունի տարբերությունը ժամանակը ճիշտ օգտագործելու մեջ է: 3 օրինակ, որտեղ Հիսուսը մարդուն անվանում է անմիտ:
  • Մատթ. 25 – 10 կույսերից 5-ը, ովքեր հիմար էին կամ անմիտ, նրանք յուղ չունեին… նրանք անհոգ էին գտնվել և իրենց ունեցած ժամանակը ճիշտ չէին օգտագործել: Նրանք յուղ գնելուն ժամանակ չէին տրամադրել: Եվ եկավ մի պահ, երբ նրանք ժամանակ այլևս չունեին:
  • Մատթ. 7 – 2 տուն շինողներից մեկը ժամանակ ուներ տունը ճիշտ կառուցելու, բայց այն ճիշտ չէր օգտագործել և իր տունը սխալ էր կառուցել, ավելի հեշտ ու գուցե ավելի արագ:
  • Ղուկաս 12 – Անմիտ, այս գիշեր հոգիդ վերցնելու եմ… հարուստը իր ունեցած ողջ ժամանակը ներդրել էր գումար վաստակելու և տնտեսելու մեջ: Աստվածաշունչը նրանց բոլորին անվանում է անմիտ կամ հիմար:

Երկրավոր ժամանակը տված է մեզ՝ հավիտենական բաներ ձեռք բերելու համար: Եվ Պողոս առաքյալը մեզ կոչ է անում լինել իմաստուն: Գիտեք, կորցնելուց հետո մենք միշտ սկսում ենք գնահատել:

«Որովհետև օրերը չար են…» – սատանան փորձելու է քո յուրաքանչյուր օրը գողանալ քեզնից: Քանի՞սս ենք ասել՝ վաղը: Քանի՞սս ենք կարևոր գործերը հետաձգել վաղվան… Իսկ ի՞նչ, եթե վաղը չգա… Վաղվա տերը ես ու դու չենք, ու մենք պիտի սկսենք արժեվորել մեր այսօրը:

Նրանք, ովքեր պատանի երեխաներ ունեն, զգացե՞լ եք, որ ձեր երեխաները ավելի հաճույքով հեռախոսով խաղ են խաղում, քան իրենց դասերն անում, հեռախոսով ավելի հաճույքով խաղեր են խաղում, քան զրուցում են ձեզ հետ: Գիտեք ինչո՞ւ – շատ ծնողներ ժամանակ են տրամադրում աշխատանքին, սերիալներին, ինտերնետին, բայց երեխայի համար ժամանակ չունեն:

Երիտասարդների մեծամասնությունը քանի ժամ կարող է անցկացնել՝ առանց  հեռախոսին նայելու: 2 ժամն այնքա՜ն երկար է թվում, երբ եկեղեցում ես, ու այնքան կարճ, երբ մի հետաքրքիր ֆիլմ ես դիտում: Մենք երբեմն մեր այսօր-ը չենք ապրում ու մտածում ենք, որ դե կհասցնենք, վաղը կանենք, մյուս տարի կլինի… Իմ ու քո տիրապետության տակ միայն այս ակնթարթն է, այս պահը:

Հակոբոս 4.13-16 – Հիմա մտիկ արեք դուք, որ ասում եք՝ այսօր կամ վաղը երթանք այս անուն քաղաքը ու հոն տարի մը կենանք, առևտուր անենք ու վաստակենք… դուք ոչինչ չգիտեք վաղվա մասին, քանզի ինչ է կյանքը ձեր, հիրավի մի գոլորշի, որ քիչ մը ատեն կերևա ու կոչնչանա: Անոր տեղը պիտի ասեք՝ Եթե Տերը կամենա ու ապրենք…

Երկրավոր ժամանակը մեզ տրված է, որ պատրաստվենք Երկնքի արքայությանը: Իմաստուն եղեք և քննեք, թե որն է Աստծո կամքը: Աստծո կամքը ինձ ու քեզ համար նախ և առաջ մեր փրկությունն է: Հիսուսն ասաց՝ ես եկա, որ կյանք ունենաք, և էլ ավելի ունենաք… Այսօր ամենաշատ արտասանվող արտահայտություններից մեկը սա է՝ ժամանակ չկա: Չէ՛, ժամանակ կա, բայց՝ նայած թե ինչի վրա ես վատնում այդ ժամանակդ: Միշտ հիշիր աստվածաշնչյան բաժանումը՝ անմիտների ու իմաստունների:

Ուզում եմ խոսել մի հետազոտության մասին, որ արել է ամերիկացի մի բժշկուհի՝ Բրոննի Վեե անունով: Նրան կանչում էին, որպեսզի հիվանդանոցներում խոսի մահացող մարդկանց հետ, նրանց կողքին լինի – ժամեր, օրեր կամ շաբաթներ: Եվ նա մի այսպիսի աշխատություն է գրել՝ 5 արտահայտություն, որ ամենաշատն են արել մահացող մարդիկ:

  1. Ցավում եմ, որ համարձակություն չեմ ունեցել ապրելու իմ կյանքը, այլ շատ ուշադրություն եմ դարձրել ուրիշներին և լսել ու ապրել նրանց կարծիքով:

Մենք այնքան ենք տարվել դիմացինի կարծիքով, որ ինչ-որ բան անելուց առաջին բանը, որ մտածում ենք, սա է՝ ինչ կմտածեն մյուսները: Ու մենք սկսել ենք շատ դիմակներ հագնել: Երեխաները դիմակներ չունեն: Երբ որ երեխան խանութի մեջ լացում է, ինչի ենք բարկանում երեխայի վրա? Որովհետև անհանգստանում ենք, որ ուրիշների մոտ խայտառակ չլինենք: Իսկ երեխային դա չի հետաքրքրում: Դադարիր ապրել ուրիշների համար, դադարիր հագնվել ուրիշների համար, դադարիր նկարվել ուրիշներին երևալու համար, դադարիր ծառայել ուրիշներին երևալու համար: Ապրիր քո՛ կյանքը: Այսօր շատերը եկեղեցի չեն գալիս, որովհետև անհանգստացած են ուրիշների կարծիքից: Վաղը, երբ կանգնես Աստծո առաջ, այդ հարևանդ ու բարեկամդ չի գալու ու քո փոխարեն առաջարկի ինքը դժոխք գնա:

  1. Ցավում եմ, որ ամբողջ կյանքս տվել եմ աշխատանքին

Այս խոսքերն ավելի շատ արել են տղամարդիկ: Երբեմն մենք ո՛չ երեխայի մեծանալուց ենք բան հասկանում, ո՛չ երեխայի հաջողություններից, որովհետև մենք միշտ զբաղված ենք: Երեխան փողից ավելի շատ մեր ուշադրության ու սիրո կարիքն ունի:  Մի տղա ֆուտբոլիստ էր, բայց այնպես է ստացվում, որ չի կարողանում իրեն դրսևորել ու հեռացնում են թիմից, ու երբ հայրը հարցնում է, նա պատասխանում է՝ Եթե դու մի օր ժամանակ գտնեիր ու գայիր իմ պարապմունքին, գուցե ես էլ մյուսների պես փորձեի ցուցադրել իմ լավագույն ընդունակությունները:

  1. Ցավում եմ, որ թաքցրել եմ զգացմունքներս և էմոցիաներս՝ թե՛ դրական, թե՛ բացասական:

Աշխարհում ամենադժվար արտասանվող արտահայտություններն են՝ «ես քեզ սիրում եմ» ու «կներես, ես սխալ էի»: Մեկին ուզում ես մի լավ բան ասել, գնա ասա, մեկին ուզում ես ասել, որ ինքը կարևոր է քեզ համար, գնա ասա: Մարդիկ կարիք ունեն մեզնից լավ բաներ լսելու, քաջալերանք լսելու, օրհնություն լսելու:  Քո մի հատիկ խոսքով ու ժպիտով չես էլ իմանա, թե ինչ մեծ բաներ կարող ես անել: Ինչ-որ մեկին ներելու կարիք ունես կամ ներողություն խնդրելու, ժողովից հետո գնա ու արա, քանի դեռ ժամանակ ունես… եղծավորություն մի՛ արա, ձևական ժպիտներ մի՛ նկարիր դեմքիդ: Եթե մեկը քեզ նեղացրել է, մի փորձիր նրան ժպտալ, բայց ներքուստ տանջվել ու տառապել: Գնա ու զրուցիր հետդ, ու գուցե պարզվի, որ ձեր տարաձայնության հիմքում եղել է ընդամենը թյուրիմացությունը…

  1. Ցավում եմ, որ ընկերներիս քիչ ժամանակ եմ հատկացրել

Միշ մոռացեք մտերիմ մարդկանց, մի՛ մոռացեք մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել ձեր կյանքում, ովքեր թանկ են ձեզ համար: Ժամանակ անցկացրու մարդկանց հետ: Ես մի այսպիսի թեմա ունեմ իմ գրքում՝ եթե պարզվի, որ մեզ մնացել է մի ժամ անելու, ինչ կանենք մենք… կձգտենք հանդիպել մեզ համար թանկ մարդկանց: Ու երբեմն՝ շատ ուշ է լինում: Մեկը զանգում է ընկերոջ տուն, հեռախոսը ընկերոջ մայրն է վերցնում, տալիս է ընկերոջ անունը, մայրը հարցնում է՝ ով է, ասում է իր ընկերը… մայրը պատասխանում է՝ եթե իր ընկերը լինեիր, կիմանայիր, որ վեց ամիս առաջ մահացել է: Վերջին տարիներին ինձ մի հարց եմ տալիս. «Ի՞նչ ազդեցություն եմ թողնում մարդկանց կյանքում», «Որքանո՞վ եմ կարողանում լավ հետագիծ թողնել», որքանո՞վ եմ օգտակար լինում մարդկանց:

  1. Ցավում եմ, որ ինձ թույլ չեմ տվել երջանիկ լինել:

Երջանկությունը ընտրություն է: Գո՞հ ես քո կյանքից: Ինչն է պակասում քեզ երջանիկ լինելու համար:  Փո՞ղը: Ուրեմն ամենահարուստ մարդիկ պիտի ամենաերջանիկը լինեին: Բա ինչի է Շվեդիայում ամենամեծ թվով ինքնասպանությունները լինում: Առողջությունը? Վերջերս Հայաստանում մի բժիշկ ինքնասպան եղավ: Հռչա՞կը: Ինչ կասես հայտնի մարդկանց թմրամոլության ու ինքնասպանությունների մասին: Երեխանե՞րը: Գնա հարցրու մեկին, ում որդին բանտում է, կամ էլ մեկին, ով 5 երեխա ունի, բայց ծերանոցում է: Ծնո՞ղը: Գնա հարցրու մանկատան երեխային… Մի բան կա միայն, որ կարող է ինձ ու քեզ լիարժեք երջանկացնել: Դա Աստծո ներկայությունն է: Մնացած ամեն բան ժամանակավոր է, կարևոր, բայց ժամանակավոր:

Մատթ. 6:33 – Բայց առաջ խնդրեցեք Աստծո արքայությունը, և մնացած ամեն բաները կտրվեն ձեզ… Նայիր կյանքիդ. անցյալն անցյալ է, բայց ներկադ ու ապագադ կարող ես փոխել, քանի դեռ ժամանակ ունես:

87 դիտում