Կիրակնօրյա ծառայություն. Քրիստոս հարյավ ի մեռելոց. Նոդար Թադևոսյան

Ապրիլի 1-ին Երևանի ԱՀՔ Վերնատուն եկեղեցում հարության տոնական պաշտամունքն էր: Հրաշալի երգերից, փառաբանությունից ու երկրպագությունից հետո եկեղեցու հովիվները շնորհավորեցին ներկաներին այս հրաշալի տոնի կապակցությամբ՝ յուրաքանչյուրն էլ կարևորելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունն ու հորդորելով ներկաներին ոչ միայն այս օրը, այլ ամեն օր ապրեն հարուցյալ Քրիստոսի հետ: Եղբայրների շնորհավորանքներից հետո եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանը ևս իր շնորհավորանքն ուղղեց ներկաներին ու կիսվեց Աստծո խոսքով:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի. այս արտահայտությունները թեև ծիսական են, սովորության պես բոլորն էլ ասում են, սակայն դրանց մեջ կա մեծ զորություն: Հիսուս Քրիստոսի գերբնական ծնունդը սկիզբ դրեց Նրա երկրավոր կյանքին: Նա ծնվեց Սուրբ Հոգուց, ու այսօր յուրաքանչյուրս կարիք ունենք նախ ծնվելու Սուրբ Հոգուց, և հետո շարունակել ապրել Աստծո Խոսքով ու հարություն առնենք Քրիստոսի հարությունով:

Հովհաննես 11.20-27 – Արդ երբոր Մարթան լսեց, թէ Յիսուսը գալիս է, գնաց նորան դիմաւորելու. Բայց Մարիամը տանը նստած էր։ 21 Եւ Մարթան ասեց Յիսուսին. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։ 22 Բայց հիմա էլ գիտեմ, թէ *ինչ որ Աստուածանից խնդրես, Աստուած կ’տայ քեզ։ 23 Յիսուսը նորան ասեց. Քո եղբայրը յարութիւն կ’առնէ։ 24 Մարթան նորան ասեց. Գիտեմ որ յարութիւն կ’առնէ յարութիւնումը՝ յետին օրը։ 25 Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ 26 Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։ 27 Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։

Սա Սուրբ Հոգու հայտնությունն էր, որ ասվեց`թե դու ես Քրիստոսը`Աստծո Որդին: Այսօր եթե մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին որպես մեր Տեր ու Փրկիչ, մենք պետք է մեր ամեն օրը ապրենք Նրա հետ: Թող մեր խոսացածները, մեր ասածները մեզ համար կյանք դառնան ու ապրենք դրանցով, ոչ թ միայն ասենք: Երբեմն մենք շոշափելի կերպով զգում ենք Աստծո ներկայությունը մեր կյանքով, կայացնում ենք որոշումներ, բայց հետո, երբ դուրս ենք գալիս ու սկսվում զբաղվել մեր առօրյա, աշխարհիկ զբաղմունքներով, այն ամենը, ինչ որոշել էինք, արագ կորցնում ենք:

Հովհաննես 11.38-40 – Եւ Յիսուսը դարձեալ խռոված եկաւ գերեզմանը. Եւ այն մի քարայր էր, եւ մի քար նորա վերայ դրուած։ 39 Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. Մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. Որովհետեւ չորս օրուայ է։  40 Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես։ 41 Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ 42 Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։ 43 Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ 44 Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։

Ղազարոսը վերադարձավ ժամանակավոր կյանք: Նա գերեզմանից դուրս եկավ Տիրոջ հրամանով: Նույն կերպով այսօր Հիսուսն ուզում է մեզ մեր գերեզմանից դուրս հանել, Նա կանչում է մեզ: Ղազարոսը կապված էր, և ոչ կարող էր քայլել, ոչ խոսել. սա կրոնավորության մի ավանդություն էր՝ անպայման կապել ու փաթաթել մեռելին: Նույնը արել էին նաև Քրիստոսին: Շատ անգամ մեր կյանքում խանգարում են կրոնավորության կապերը, որոնցով մեքն կապված ենք լինում, բայց Հիսուսն ասաց՝ արձակել նրան:

Երբ լսում ենք Քրիստոսի ձայնը, մենք պիտի թողնենք մեր այն սկզբունքները, որոնք կրոնավորության, աշխարհասիրության հետևանք են: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ուզում է զորություն և հաղթական կյանք, և դուրս գալով գերեզմանից՝ մենք պետք է փառք տանք Աստծուն, որ այլևս ոչինչ չի խանգարում մեզ՝ ապրելու հարուցյալ Քրիստոսի հետ՝ ոչ գերեզմանը, ոչ էլ վարշամակն ու մեզ փաթաթող կապերը: Ղազարոսը դուրս եկավ, բայց դեռևս կային արգելքներ. թող մեր կյանքում որևէ արգելք չլինի՝ պաշտելու հարուցյալ Քրիստոսին:

Մատթևոս 28.1-6 –  Եւ շաբաթ իրիկունն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՝ եւ միւս Մարիամը, գերեզմանը տեսնելու։ 2 Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։ 3 Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։ 4 Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։ 5 Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ 6 Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։

Այսօր մենք պիտի լինենք այն մարդիկ, ովքեր պիտի մի կողմ հրեն գերեզմանի քարը, ովքեր պիտի մարդկանց կապերը քանդեն և առաջնորդեն դեպի ազատ կյանք: Եթե Ղազարոսի դեպքում պետք էր մարդկանց միջամտությունը, ապա Քրիստոսի հարության ժամանակ մարդկային գործոն այլևս չկար. ամեն բան արվեց հրեշտակի միջոցով: Քրիստոսի հարությունը մեծ ազդարարություն էր մարդկանց համար, անգամ նրանց, ովքեր չէին ընդունում և չէին հավատում Հիսուս Քրիստոսին: Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերեզմանը դատարկ է, որովհետև Նա հարություն է առել, Նա կենդանի է:

34 դիտում