Կիրակնօրյա ծառայություն. Մեր ընտրած ճանապարհը. Ռուբիկ Թումանյան

Rubik Tumanyan

«1 Ես սրտումս ասեցի. Մի եկ քեզ փորձեմ ուրախութիւնով, եւ բարիք էլ վայելիր. Բայց ահա * սա էլ էր ունայն։ 2Ծիծաղին ասեցի. Դու յիմար ես. Եւ ուրախութեանը՝ Դա ի՞նչ ես անում։ 3Սրտիս մէջ մտածեցի, որ մարմինս գինիով զուարթացնեմ, եւ՝ սիրտս իմաստութեամբ վարուելով յիմարութիւնն էլ բռնեմ, մինչեւ որ տեսնեմ թէ ինչ է մարդկանց որդիների բարին, որ անում են երկնքի տակին իրանց կեանքի քիչ օրերումը։ 4 Ես մեծացրի իմ գործերը՝ ինձ համար տուներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի. 5 Այգիներ եւ դրախտներ շինեցի, եւ նորանց մէջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի. 6 Ինձ համար ջրի աւազաններ շինեցի, որ նորանցից ոռոգուի ծառաստանի անտառը։ 7 Ծառաներ եւ աղախիններ ստացի, նաեւ ընդոծիններ ունեցայ, եւ շատ արջառներ եւ հօտեր ունեցայ, ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի։ 8Ինձ համար գանձեցի արծաթ եւ ոսկի, եւ թագաւորական ու գաւառական սեփականութիւններ. Ինձ համար երգիչներ եւ երգչուհիներ դրի, եւ մարդկանց որդիների զուարճութիւնները, դշխոյ եւ դշխոներ։ 9 Եւ մեծացի ու բարգաւաճեցի ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի. Նաեւ իմաստութիւնս կար ինձ մօտ։ 10 Եւ ամեն ինչ որ աչքերս պահանջում էին՝ նորանցից չարգիլեցի, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախութիւնից, որովհետեւ սիրտս ուրախացաւ իմ բոլոր աշխատանքներիցը, եւ սա էր իմ բաժինը իմ աշխատանքիցը։ 11 Եւ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. Եւ ահա բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք. Եւ արեգակի տակին մի օգուտ չկայ» (Ժողովող 2.11):

Ես հավատում եմ, որ Սողոմոնից հարուստ մարդ չի եղել, սակայն նա ասում է՝ ամեն բան ունայնություն է: Երբ մեր արածները Աստծո կամքից դուրս են, եթե մեր կյանքում և գործում չկա Աստծո հավանությունն ու օրհնությունը, երբ մեր երկրավոր կյանքից ավելի մեծ նպատակ ու կոչում չկա, ամեն բան ունայնություն է և հոգու տանջանք:

«Եւ եթէ Հայր էք կանչում նորան, որ առանց աչառութեան դատաստան է անում ամեն մէկի գործին պէս, ապա ձեր պանդխտութեան ժամանակը վախով վարուեցէք. 18Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը. 19Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։ » (Ա Պետրոս 1.17-19):

Ունայնությունից մեզ ազատողը Քրիստոսի արյունն է: Կյանքում մենք պիտի ունենանք բաներ, որոնց հետ համեմատվում ենք: Քանի դեռ չունենք համեմատության իսկական չափորոշիչ, դու չես կարող իմանալ, թե որքանով ես ճիշտ: Մեր կյանքում պիտի լինի չափորոշիչ, որի հետ պիտի համեմատվենք ու տեսնենք՝ արդյոք մեր արածը ունայնություն է, թե ոչ: Մենք պիտի համեմատվելու անշարժ, կայուն չափանիշներ ունենանք:

Համոզվա՞ծ ես, որ քո ընթացքը ճիշտ է ու աստվածահաճո: Ինչի՞ հետ ես համեմատում քո կյանքը, քո փորձառությունները, որպեսզի հասկանաս՝ ճի՞շտ ես, թե՞ սխալ: Յուրաքանչյուրս պիտի մտածենք, որ մեր կյանքի ընթացքը ուղիղ լինի: Այսօր քրիստոնյաները հաճախ սկսում են արհամարհել մեղքը, անտեսել այն: Մեղքի վարձքը միշտ եղել է մահը, այսօր էլ դարձյալ մեղքի վարձքը շարունակում է մնալ մահը:

Մի օր Ջոն Վեսլին մոտենում է իր մորը՝ Սյուզաննա Վեսլիին, ով 19 երեխա էր դաստիարակել, հարցրեց`Մայր, ի՞նչ է մեղքը: Մայրը պատասխանեց՝ Այն, ինչ մթագնում է առողջ դատողությունը, այն, ինչ թուլացնեում է կապն Աստծո հետ, ինչը մեծացնում է մարմնավորի արժեքը հոգևորի նկատմամբ, մեղքն է:

Ինչո՞վ է լցված քո կյանքը, քո առօրյան: Քրիստոնեությունը ոչ թե կրոն է, ոչ թե ծես ու սովորություն է, այլ աշխարհայացք է: Մենք պիտի մեզ համար սահմանենք մեր ճանապարհի ուղղությունը: Դու ունե՞ս այդ որոշված ճանապարհը, որ պատրաստ ես մեռնել ու չշեղվել քո ճանապարհից: Դու ճշտե՞լ ես քեզ համար, թե ով է Աստված: Աստված Տեր է ու Տիրակալ: Նա պիտի լինի մեզ համար ամենը և ամեն բանի մեջ: Հաջորդ հարցը`ո՞վ ենք մենք Աստծո համար: Մենք պիտի ճշտենք այս երկու հարցերը մեզ համար: Աստծուց ավելի կարևորը մենք պիտի չունենանք: Ի՞նչ օրենքներով ու չափորոշիչներով ենք մենք ապրում: Պիտի սահմանենք մեր անշարժ կողմնորոշիչները: Մենք պիտի մեզ համար որոշենք, ճշտենք, թե ուր պիտի գնանք, ուր կարող ենք գնալ, և ուր երբեք չենք կարող գնալ: Մենք մեզ համար պիտի ճշտենք, թե ինչ պիտի անենք ու ինչ պիտի ընդհանրապես չանենք: Մեր կյանքը չպետք է քաոս լինի: Սա չի նշանակում, թե մենք երբեք չենք կարող սխալվել: Ամենքս էլ սխալներ ունենք, բայց ունենք չափորոշիչներ, որ մեզ միշտ ճիշտ ուղու վրա են դնում: Մենք պիտի մեզ համար որոշենք`ինչ պիտի խոսենք ու ինչ պիտի երբեք չխոսենք: Մենք պիտի մեզ համար որոշենք, թե ինչով պիտի ուրախանանք ու ինչով պիտի տխրենք:

Ուզում եմ խոսել երեք սկզբունքների մասին.

Այն, ինչ ուրախացնում է մեր սիրտը, այն ինչ հաճույք է պատճառում մեզ ու միևնույն ժամանակ չի հակադրվում Աստծո պատվիրաններին և մեզ չի շեղում մեր կոչումից ու վերջնական նպատակներից և չի հեռացնում մեզ մեր Աստծուց, դա օրինական ուրախություն և օրինական վայելք է:

Դավիթն ասում էր`ես չեմ կարող օգուտ, շահ, վայելք ունենալ`ուրիշի կյանքը վտանգելով: Սուրբ Գիրքն ասում է`ամեն մարդ իր ընկերոջ շահն էլ փնտրի: Սա ևս սկզբունք է: Ցանկացած վայելք, հաճույք, որ վտանգում է ուրիշի սուրբ կյանքը և սուրբ իրավունքները, դրանք անօրինակն են, անօգուտ և վտանգավոր: Ինչ որ ուզում ես անել, մի պահ մտածեիր`ուրիշի շահին հո չե՞ս դիպչում: Ցանկացած որոշման ու քայլի մեջ մտածիր`որևէ մեկին վնաս տալի՞ս ես, թե՞ ոչ:

Առակներ 25.16 – Եթե մեղր գտնես, կեր միայն քեզ պետք եղածի չափով… Սա չափավորության, ժուժկալության սկզբունքն է: Ժուժկալությունը`չափի զգացումը, վերաբերում է կյանքի բոլոր բաժիններին: Ցանկացած հաճույք, որքան էլ լավը լինի, եթե հավասարակշռության մեջ չի պահում, այն չի կարող ուրախացնել:

 

111 դիտում