Կիրակնօրյա ծառայություն. Մեր դիրքը և անելիքը ուղղված իշխանավորներին ու երկրին. Արտավազդ Թադևոսյան

Arto

«Հիսուսը պատասխանեց. Դու ոչինչ իշխանութիւն չէիր ունենալ ինձ վերայ, եթէ վերեւիցը տրուած չլինէր քեզ. Նրա համար՝ նա որ ինձ մատնեց քեզ, նորա մեղքն աւելի մեծ է» (Հովանու 19.11):

Այս խոսքը բավական է, որ մենք իմանանք, որ իշխանությունը Աստծուց է, մեր հավատքը չպետք է կառուցվի երևույթի վրա, այլ Աստծո խոսքի վրա: Իշխանությունները կարող են լինել Աստծո կողմից թույլ տված, բայց ոչ Աստծո կամքով:

Մեզնից ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, այս օրերին մենք հոգևորներս մեր գործը թողած զբաղվում էինք քաղաքականությամբ, մենք ունենք մեր գործը, որ սահմանված է Աստծո կողմից: Եկեղեցու գործը առաջինը իր երկրի համար աղոթելն է:

Հիսուսը ասաց, որ կայսրինը տանք կայսրին, իսկ Աստծունը Աստծուն: Այն ինչ պատկանում է Աստծուն մենք պետք է տանք Աստծուն: Մենք պետք է չչարանանք, վրեժխնդիր չլինենք: Այս օրերին մեզնից շատերը դատում ու վատն էին խոսում իշխանավորների մասին, բայց մենք պետք է Աստծո խոսքի համեմատ ապրենք ամեն իրավիճակում, չունենանք վրեժխնդրություն, որովհետև վրեժխնդրությունը Աստծունն է:

Ինչ վիճակի մեջ էլ որ լինենք, Աստծո խոսքը պետք է ավելի վեհ լինի մեր կյանքում: Աստված ինքն է դատելու ժողովուրդներին իր արդարությունով: Մեր արդարությունը շատ հարաբերական է, բայց Աստծո արդարությունը կայուն և մնայուն է:

Հույսը և սպասումը պետք է ուղղված լինի Աստծուն: Անիծյալ լինի այն մարդը, որ մարդուն է ապավինում: Եթե մեր հույսը մարդուն է ուղղված մենք անիծյալ ենք, բայց Աստված է ամեն բարի բանի աղբյուրը և այն հույսը, որ ուղղված է Աստծուն՝ մեզ ամոթով չի թողնելու: Եթե մենք ապավինենք նրան մենք ապահով կլինենք:

«Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չկայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. Եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։ Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. Եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին»  (Հռոմեացիս 13.1-2):

Իշխանությանը հակառակվողները իրենց անձերի համար դատաստան են բերում: Եթե պայքարում ես արդարության համար, դա պետք է լինի սիրով և աղոթքով: Մենք պետք է իշխանությանը հնազանդ լինենք, քանի որ Տերն է ասել: Եթե պահանջում են մեզնից մի բան, որ Աստծուց չի մենք կարող ենք չհնազանդվել Աստծո խոսքով, քանի որ մեր առաջին իշխանությունը Աստծուց է:

Հնազանդությունը Աստծո համար պետք է լինի Աստծո խոսքի համեմատ:

Սուրբ Գիրքը նաև հորդորում է մեզ, որ բարի լինենք ու բարի սերմեր ցանենք: Բարին ցանի՛ր և ավելին մի պահանջի՛ր:

«Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը։ Արդ հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար. Թէ թագաւորի ինչպէս թէ մի վերնագոյնի.  Թէ կուսակալների ինչպէս նորանից ուղարկուածների՝ չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար։ Որովհետեւ Աստուծոյ կամքն այսպէս է, որ բարի գործերով պապանձեցնէք անխելք մարդկանց տգիտութիւնը» (Պերտոս 2.12-15):

Մենք կարիք ունենք բարիք անելու, առաջինը՝ բարին խոսելու և երկրորդը՝ օրենքը պահելու: Աստված իվիճակի է իր զավակի համար կանգնելու, հավատա, որ Աստված վերահսկում է ամեն իրավիճակ, դու ավելի շուտ կհնձես բարություն և օրհնություն, երբ չարին բարությամբ պատասխանես:

Թող մեր արդարությունը, ոչ թե երկրային, այլ երկնային լինի: Վարվենք հավատքով, սուրբ ու արդար կերպով:

Ինչպե՞ս ճիշտ վարվենք երկրում տիրած այս իրավիճակներում:

  • Արթուն մնանք ամեն ժամանակ.

«Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես։ 2Արթուն եղիր, եւ հաստատիր մնացածներին որ մեռնելու մօտ են. Որովհետեւ քո գործերը կատարեալ չ’գտայ Աստուծոյ առաջին։ Արդ յիշիր թէ ինչպէս ընդունեցիր եւ լսեցիր. Եւ պահիր եւ ապաշխարիր. ապա թէ չարթնանաս՝ ես կ’գամ քեզ վերայ գողի պէս. Եւ չես իմանալ թէ որ ժամում քեզ մօտ կ’գամ» (Հայտնություն 3.2-3):

Այս եկեղեցիները կարծում էին, որ Աստծուն հաճելի են ապրում, սակայն երբ Աստված խոսեց նրանք հասկացան, որ քնած էին, այս օրերին որևէ իրավիճակում երկնայինը մի փոխեք երկրային իրավիճակենրով, մեր չափանիշը պետք է միշտ մնա երկնայինը:

Աստված ասում է իմ աչքերով ու իմ տեսողությամբ նայիր: Արթուն լինենք և մեզ ընձեռնված հնարավորությունը բաց չթողնենք: Ծանր իրավիճակներում երբեք մարդկային աչքերով մի նայիր և արթուն եղիր հավատքի մեջ: Մեր արթուն վիճակն է, որ մեզ ապրեցնելու է:

 Մենք կարիք ունենք հսկելու այն հոգևոր արժեքները, որ մենք ունենք, վտանգը լինի, թե ոչ: Մի քնի՛ր, որովհետև չգիտես քնած ժամանակ սատանան ինչպիսի որոմներ կցանի քո կյանքում: Եկեղեցն պետք է արթուն մնալով իր առաջնային գործը գործի: Եթե մենք սկսում ենք զբաղվել այլ բաներով, հոգևորապես քնում ենք:

  • Երկրորդը՝ հոգևոր մարդը այս օրերի ընթացքում պետք է մոտենա և նվիրվի Աստծուն:

Աստված Հայաստանում ունի անմնացորդ նվիրված մարդկանց կարիք, առաջին հերթին Աստծո գործի համար, կարծես ունենալով այս գաղափարը՝ «Աստծո համար մահապարտներ»:

Եթե մեր չափերից դուրս ենք եկել, պետք է սթափվենք, հասկանանք, թե ինչու ենք ապրում, ինչ գործ պետք է անենք այս երկրում Աստծո համար:

  • Երրորդը՝ Հայաստանում Աստված կարիք ունի աղոթող մարդկանց:

Նոր որակի աղոթք, սրտացավություն, հարատև  աղոթք, եթե այսպես չլինենք, չենք կարող ճշմարիտ բարեխոսներ լինել մեր երկրի համար: Աստված  կարիք ունի սրտավցավ մարդկանց: Թող մարդիկ խոսան, որ շատ վտանգներ կան, բայց դու Աստծո հետ խոսա և ի վերջո դու հաղթական կլինես:

Այս օրերի ընթացքում մենք պետք է աղոթենք մեր երկրի համար և մեր իշխանավորների համար: Յուրաքանչյուր վախի ու անհանգստության դեպքում գանք Աստծո առաջ, աղոթենք արդարության համար, գործենք արդարթությով, քանդենք սատանայի գործը մեր երկրի վրա, աղոթենք մեր իշխանավորների իմաստության համար և հռչակենք օրհնություն մեր երկրի վրա:

Քանի՞ անգամ ես աղոթել, որևէ իշխանավորի իմաստության համար, նրա գործերից բողոքելու փոխարեն:

«Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը եւ կներեմ նորանց մեղքը եւ կբժշկեմ նորանց երկիրը» (2 Մնացորդաց 7.14):

  • Եվ չորրորդը՝ Հայաստանը այս օրերին կարիք ունի ավետարանող մարդկանց, ավելի շատ քան երբևէ: 

Դու կանչված ես ավետանարը քարոզելու, ժամանակին և ժամանակից դուրս, ավելի շատ քարոզիր և ավելի շատ օգնիր այն մարդկանց ովքեր ավետարան են քարոզում:

Եթե ասում ենք, որ նոր Հայաստանում ենք ապրում, եկեք նորովի ծառայենք Աստծուն:

74 դիտում