Կիրակնօրյա ծառայություն. Լավ, բայց ոչ բավարար. Արմեն Նիազյան

Armen-av

Մատթ. 7. 21-23 –   «Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել,  ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ»։

Լավ է, որ դու Նրան Տե՛ր, Տե՛ր, ես ասում, բայց դեռ բավարար չէ… Վտանգավոր մի իրավիճակ է, որովհետև մենք մտածում ենք՝ լավ է, Աստված մտածում է՝ բավարար չէ:

Որքա՜ն ենք հանդիպել այսպիսի արտահայտության՝ ուզում էի անել… Լավ է որ ուզեցել ես, դա արդեն սկիզբն է, բայց եթե այն մնացել է անավարտ, շատ դեպքերում ավելի լավ է՝ չսկսեիր էլ:

Ոչ թե ամեն Տեր, Տեր ասողը – Սրանք շատ լուրջ և մտածելու տեղիք տվող խոսքեր են: Այսօր, երբ քրիստոնյա աշխարհում բոլորը խոսում են ճեղքելու, կապելու, հրամայելու, դավանելու, աղաղակելու մասին, Հիսուսն ասում է՝ ոչ թե ամեն Տե՛ր,Տե՛ր ասողը… Սրանք զգաստացնող խոսքեր են, որոնց հիմքը Աստծուն ճանաչել-չճանաչելն է: Ես չեմ ասում թե չդավանես ու չճեղքես, բայց դա պիտի հիմնված լինի Աստծուն ճանաչելու և Հոր կամքը կատարելու վրա:

Հարուստ պատանին շատ ինքնավստահ եկավ ու սկսեց՝ Բարի վարդապետ, ինչ անեմ որ փրկվեմ, դե գիտես, ես բոլոր պատվիրանները պահում եմ: Լավ է, ապրես, բայց բավարար չէ, որովհետև Աստված դեռ չի ասել իր խոսքը:

Լավ, բայց ոչ բավարար – սա խոսում է ներքին ու արտաքին աշխարհների անհամապատասխանության մասին: Արտաքինից լավ է, բայց որպեսզի լինի բավարար նաև Աստծո համար, պետք է նաև ներսինը:

Իսրայե՛լ, լավ է, որ դու դուրս եկար Եգիպտոսից, բայց բավարար չէ. Դու պետք է հասնես Խոստմունքի երկիր:

Շատ լավ է, որ դու դուրս ես եկել կամ դուրս ես գալիս մեղքի աշխարհից ու գերությունից, բայց դու դեռ ճանապարհ ունես անցնելու, Աստված դեռ քեզ հետ չի ավարտել իր գործը: Ցավով պետք է ասեմ, որ անցնելով անապատի միջով, մեզնից շատերը հետ են ընկնում, մեզնից շատերը մնում են ճանապարհի կեսին:

Կարո՞ղ են իմ ու քո կյանքում խնդիրներ ու դժվարություններ լինել, իհարկե, կարող են: Հիշիր Հովսեփին ու Հոբին, հիշիր Իսրայելի բանակը, որ վախեցած կանգնել էր Գողիաթի դիմաց ու դողում էր…

Բ Կորնթ. 4.16-18. «Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է,  բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։ Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական»։

Ինչի՞ն ես դու նայում՝ երևույթին, թե աներևույթին, ժամանակավորին, թե հավիտենականին, դրսի մարդուն, որ օր օրի պիտի փչանա, թե ներսի մարդուն, որ օր օրի պիտի նորոգվի:

Ինչը կարող է մեզ հետ պահել Աստծուն ավելի մոտենալուց.

Մեր հպարտությունը: – Մարդիկ ի՞նչ կասեն իմ մասին: Բա որ ասեն՝ գնաց, հավատացյալ դարձավ: Բավական չէ՞ ապրես ուրիշների համար: Ե՞րբ ես սկսելու քեզ համար ապրել: Եթե այստեղ մարդիկ կան, որ դեռևս չեն ընդունել Հիսուս Քրիստոսին, շատ ուղիղ խոսում եմ քեզ հետ. Լավ է, որ դու այստեղ ես, բայց դեռ բավարար չէ. Դու կարիք ունես ընդունելու Հիսուս Քրիստոսին: Ես չեմ խոսում մարդկանց մասին, ես խոսում եմ անհատի, յուրաքանչյուրի, քո մասին. Եթե դեռ չես ընդունել Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, մի՛ ուշացրու, ոչ մեկս ժամանակի տերը չենք…

Կրոնավորությունը: – Բոլորս էլ գիտենք մեզ ճիշտ պահել եկեղեցում, Աստծո ժողովրդի մոտ: Երբեմն մենք կարող ենք բավարարվել միայն արտաքին երևույթներով՝ պահելով ընդամենը ձևը: Ու մեզ թվա, թե ամեն բան լավ է մեր կյանքում: Կարող է լավը բավարար չլինել… Թող կրոնական ամեն ձևերը, քո մասին պատկերացումները, երկար տարիներիդ ընթացքը… ամեն բան մի պահ կողքի դիր ու անկեղծացիր Աստծո հետ: Կարևոր է, որ քո ու Աստծո փոխհարաբերություններում դուք ճանաչեք միմյանց:

Մեր զբաղվածությունը: – Չարն ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այնքա՜ն զբաղված լինենք, որ չկաորղանանք իրեն ժամանակ տալ. ես խոսում եմ լրջորեն ժամանակ տալու, Նրան ու Նրա կամքը փնտրելու մասին, քրիստոնեական սկզբունքները կյանք ու կենսակերպ դարձնելու մասին:

Քննիր քո կյանքը, միգուցե դեռ քո կյանքում էլ կան բաներ, որ բավարար չեն, միգուցե ինչ-որ փոփոխություններ, շտկումներ է ուզում Աստված անել:  Մենք հարմարվող ազգ ենք, մեզնից շատերը հարմարվել են յոլա գնալուն: Ցավալիորեն, մենք հոգևոր կյանքում էլ երբեմն բավարարվում ենք յոլա գնալով: Բայց վստահ եղիր՝ Աստված ավելին ունի քեզ համար…

20 դիտում