Կիրակնօրյա ծառայություն. Մի՛ վախեցիր. Արթուր Աղեկյան

Արթուր

Մարդու ցանկացած ճգնաժամային, ծայրահեղ վիճակի մեջ Աստված ասում է`Մի՛ վախեցիր: Գուցե մենք ուզենային լսել մեկ ուրիշ բան, բայց նա ասում է ամեն օրվա համար`Մի՛ վախեցիր: Ադամն ու Եվան մեղք գործելուց հետո զգացին մի նոր զգացում. վախ զգացին ու թաքնվեցին:

Ուզում եմ քաջալերել յուրաքանչյուրիս`չվախենանք, որովհետև Աստված մեզ հետ է: Մեկը, ումից մենք պիտի վախենանք, Աստված է:

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է». (Առակաց 9.10):

Աշխարհում ամենավտանգավոր մարդիկ այն մարդիկ են, ովքեր չեն վախենում Աստծուց:

«Թող Աստծո վախը լինի ձեր առաջ, որ դուք մեղք չգործեք». (Ելից 20.20), ասոմ էր Մովսեսը Իսրայելի ժողովրդին:

«Որովհետեւ Աստուած չտուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան». (Բ Տիմոթեոս 1.7):

Աստծո Խոսքն ասում է, որ վախը Տիրոջից չէ: Այս հատվածի շարունակությունն ասում է՝ ամոթ մի համարիր Տիրոջ խոսքը վկայել: Հետաքրքիր է, որ հակառակորդը վախի միջոցով մեր մեջ բերում է ամոթ: Այս օրերում լավ բաներ անելը հաճախ դառնում է ամոթ: Երբ Հիսուսը Սիմոնի տանն էր, մի կին բերեց իր ունեցած, հավաքած յուղի պաշարը ու թափեց Հիսուսի ոտքերի մոտ, ու մարդիկ ոչ թե գովեցին նրան, այլ նախատեցին: Նույն կերպով Աստծո համար այսօր ինչ-որ բաներ անելը, զոհաբերելը շատերի համար դարձել է ամոթ:

Ի՞նչ ունի վախը իր մեջ ամոթից բացի, տանջանք: Վախի հետևանքով մարդու կյանքում առաջանում է տանջանք:

Մարդիկ վախենում են ձախողվելուց, ծերանալուց, մենակ մնալուց, աշխատանք կորցնելուց, հիվանդանալուց, մահանալուց, աղքատանալուց… Ինչից որ դու վախենում ես, Աստված ունի դրա պաշտպանիչ դեղը, ելքն ու միջոցը:

Քրիստոնյան պիտի լինի լավատես, ավելին, քան աշխարհում են, որովհետև մենք հորդոր ունենք Աստծուց`Մի՛ վախեցիր.

« Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես։ Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չվառէ։ Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ»(Եսայի 43.1-3):

56 դիտում