Կիրակնօրյա ծառայություն. Ի՞նչ է պետք Տիրոջը ծառայելու համար. Կարեն Թադևոսյան

Karen

Ի՞նչ է պետք քեզ՝ Տիրոջը ծառայելու համար: Երբ գնանք երկինք, Տերը հարցնելու է՝ ի՞նչ ես արել քեզ տրված տաղանդների հետ: Մեկն ունես, կամ տասը, ի՞նչ ես արել դրանք: Մեր ամենամեծ դժվարությունը կայանում է նրանում, որ երբ նայում ենք ծառայությանը, կարծում ենք, թե դա մենք պիտի անենք, մեր ուժերով, մեր հնարավորություններով ու կարողություններով, ու երբեմն հրաժարվում ենք ծառայությունից: Բայց ամեն բան անողը Տերն է: Աստծուն ընդամենը պետք է քո սիրտը, հոժարությունն ու վերջնական որոշումը: Երբ որ եկավ Տերը, ի՞նչ եմ ներկայացնելու Նրան. անձամբ Նրա համար ի՞նչ եմ արել:

Ի՞նչ է պետք Տիրոջը ծառայելու համար՝ ոչինչ, ոչ մի բան: Այո՛, գուցե դու կարիքներ ունենաս, բայց նախ և առաջ հոժարությունն է, որ դրդելու է մեզ գնալ ծառայության: Մեր Աստված տվող և բազմապատկող Աստված է, Նա քիչը շատացնող Աստված է: Թող Աստված լինի որոշողը, թե ինչ ծառայություն անես դու:

«Եւ Մովսէսը կանչեց Բեսելիէլին եւ Ոողիաբին եւ ամեն սրտով իմաստուն եղողին՝ որի սրտի մէջ Եհովան իմաստութիւն դրաւ, այսինքն այն ամենը որի սիրտը փափաքում էր գործի մօտենալ որ գործէ նորան». (Ելից 36.2):

Այս համարը վերցրու քեզ համար որպես բանալի համար: Աստված իմաստություն է տալիս նրանց, ում սիրտը ցանկանում է գործել Աստծո համար:Աստծո ճանապարհները մեր ճանապարհները չեն: Երբ որ Նա նայում է մեզ, նայում է ապագայի աչքերով, նայում է Իր տեսանկյունից: Եթե դու ունես հոժարություն՝ ծառայելու Աստծուն, Աստված ամեն բան կանի, որ դու օրհնյալ լինես թե՛ քո ծառայության մեջ, թե՛ քո աշխատանքի:

Աստված ակնկալում է միայն քո հոժար սիրտը, ու եթե անգամ եկեղեցու ծառայողները, մարդիկ քեզ ինչ-որ բանի համար հարմար չգտնեն, վստահ եղիր, որ Աստված կօրհնի ու կառաջնորդի:

Ի՞նչ է պետք ծառայության համար՝ մեքենա, ֆինանս, տուն, բուկլետ… Պետրոսը ոչինչ էլ չուներ, Նա միայն վստահություն ուներ հարուցյալ Հիսուսի նկատմամբ: Այսօր մենք ունենք ամենակարևորը՝ Հիսուս ունենք. Նրա հետ մեզ համար փակված դռներ չկան:

« Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը, 2 Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։ 3 Որովհետեւ սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչող ձայնը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները։ 4 Եւ ինքը Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մեջքին, եւ նորա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր։ 5 Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը։ 6 Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից՝ իրանց մեղքերը խոստովանելով։ 7 Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։ 8 Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։ 9 Եւ մի կարծէք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար». (Մատթևոս 3.1-9):

Սա երևի թե Հովհաննեսի ամենաերկար քարոզն էր: Նայենք Հովհաննեսի կյանքին՝ քանի՞ մեռել հարուցանեց, քանի բժկություն արեց… Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին, նա ոչ մի երևացող հրաշքներ կարծես թե չէր արել, բայց նա կատարում էր Աստծո կամքը, և դրա համար էլ կոչվեց մարդկանցից ծնված մեծագույնը: Աստծո կամքը կատարողներն են Նրա ծառայողները:

Իսկ ի՞նչ էր ասում Հիսուսը Հովհաննեսի մասին:

«Բայց երբոր նորանք գնացին, Յիսուսն սկսեց ժողովուրդներին ասել Յովհաննէսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։ 8 Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. Մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. Ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են։ 9 Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, * մի մարգարէ՞. Այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին։ 10 Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. * Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ։ 11 Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է». (Մատթևոս 11.7-11):

Ոմանք ասում են՝ ես ժամանակ չունեմ Աստծուն ծառայելու… ուշադրություն դարձրու, թե որքան ժամանակ ես տրամադրում միայն բջջային հեռախոսիդ: Ժամանակ չունեմ-ը ինքնախաբեություն է, և այդ արտահայտությունն ուղղված է Հիսուսին, ով հենց ժամանակ ստեղծողն է:

« Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին,Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։ 25 Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ։ 26 Հէնց ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ, որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ. 27 Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. Եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։28 Եւ աշխարհքիս անտոհմներին եւ անարգուածներին Աստուած ընտրեց՝ եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնէ։ 29Որպէսզի ոչ մի մարմին չ’պարծենայ նորա առաջին։ 30 Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն։ 31 Որ ինչպէս գրուած է, Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ». (Ա Կորնթացիս 1.24-31):

44 դիտում