Հանձնվե՞լ, թե՞ վերականգնել զորությունը. Արմեն Նիազյան

Armen-av

 

Բոլորիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ հոգնում ես, ձանձրանում ես, հիասթափվում ես… Երբ էլ չես ուզում պայքարել ու մտածում ես հանձնվելու մասին…

Անգամ Սողոմոնը, ինչ-որ պահի հիասթափվում է իր աշխատանքից, կյանքից ու ամեն ինչից.

Ժողովող 2.17-20 – Եւ ես ատեցի կեանքը, որովհետեւ զզուելի էին ինձ համար արեգակի տակին եղած գործերը. Որովհետեւ ամենը ունայն է եւ քամիի աշխատանք։ Եւ ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար… Եւ ես ետ դարձայ, որ սրտիս յոյսը կտրեմ արեգակի տակին աշխատած բոլոր աշխատանքիցս։

Գ Թագավորաց 18-րդ գլխում կարդում ենք Եղիայի փառահեղ հաղթանակի մասին, երբ Բահաղ կուռքի մարգարեները խայտառակ պարտություն կրեցին: Հաջորդ գլուխը սկսվում է Եղիայի փախուստով, և այն հաղթական Եղիան այսպիսի խոսքեր է ասում.

Գ Թագավորաց 19.4 – Բայց ինքը մէկ օրուայ ճանապարհ գնաց անապատումը եւ եկաւ մի գիհիի տակին նստեց եւ սրտանց ուզեց որ մեռնէ եւ ասեց. Արդէն բաւական է, ով Տէր, իմ հոգին առ. Որովհետեւ ես իմ հայրերիցը լաւ չեմ։

Քանի՞ անգամ ենք որոշել հանձնվել, երբ հանդիպել ենք դժվարության, երբ հոգևոր կյանքը, ծառայությունը, նվիրված առաջ գնալը դարձել է խնդիր… Ու մենք ժամանակ առ ժամանակ կանգնում ենք այս ընտրության առաջ՝ հանձնվե՞լ, թե՞ վերականգնել:

Գիտե՞ք՝ ինչումն է տարբերությունը: Հանձնվելու համար ոչինչ անել պետք չէ, իսկ այ վերականգնելու համար պետք է ջանք ու եռանդ, աշխատասիրություն ու նվիրում:

Ցավոք սրտի, մենք տեսել և շարունակում ենք տեսնել մարդկանց, ովքեր որոշում են այլևս չպայքարել… եթե այստեղ կան մարդիկ, ովքեր նմանատիպ պայքարների մեջ են, խնդրում եմ, վերանայիր կյանքդ ու լուրջ պատասխանիր այս հարցին՝ ուզում ես հանձնվել, թե վերականգնել:

Սատանայի ցանկությունը, փափագն ու կամքն է, որ դու հանձնվես, համաձայնվես պարտության հետ, համաձայնվես, որ քեզնից պողոս-պետրոս դուրս չի գա…

Ա Պետրոս 5.8 – Արթուն եղէք, հսկում արէք.  որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։ 

Աստծո կամքն ու ցանկությունն է, որ դու վերականգնվես ու շարունակես առաջ գնալ.

Փիլ. 3.13 – Ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում։

Ետևում ինչ էլ ունեցած լինես՝ դժվարություն ու նեղություն, մեղք ու փորձություն, օրհնություն, թե ջերմեռանդ հոգևոր կյանք, այդ ամենը պետք է պարզապես դաս կամ հիշողություն լինեն, փորձառություն, և դրանք երբեք չեն կարող որոշել մեր վաղվա օրը: Աստծո հետ մտերիմ լինելու համար պետք է մտերիմ լինել Աստծո հետ այսօր, 3 տարի առաջվա մտերմությունը մեզ ոչինչ տալ չի կարող: Աստծուց հայտնություն առնելու համար պետք է Սուրբ Գիրքը կարդալ այսօր, 2 տարի առաջվա կարդացածն այսօր հայտնություն չի տա: Մենք ամեն օր նորոգության, Աստծո առաջ գալու ու Նրա կամքը փնտրելու կարիք ունենք:

Քո երկրային որոշումներով հետաքրքրված է երկինքը: Եթե մի մարդու ապաշխարությունը երկնքում խնջույքի առիթ է, ապա որքան տրտմություն և ափսոսանք կլինի երկնքում, երբ նույն այդ մեկը որոշում է հանձնվել…

Աստված ուզում է շարժել քեզ, Աստված ուզում է գործածել քեզ, Աստված ուզում է հզոր գործեր անել քո միջոցով:

Ի՞նչ ենք անում մենք, երբ որոշում ենք այլևս առաջ չգնալ, չբարձրանալ:

Պատճառաբանություններ: Պատճառաբանությունները կարող են լինել և՛ ճիշտ ու իրական, և՛ կեղծ, բայց երկու դեպքում էլ պետք է հիշենք, որ չի կարելի թաքնվել պատճառաբանությունների ետևում, երբ արդեն կանգնել ես փաստի առաջ:

Փաստը սա է՝ մարդը այլևս չի գալիս եկեղեցի. Պատճառաբանությունները կարող են լինել հազարավոր՝ ճիշտ ու իրական, կեղծ ու ձևական

Մարդը չի ուզում այլևս ծառայի. Ինչո՞ւ – լիքը պատճառաբանություններ կան:

Մարդը չի ուզում հարթի հարաբերությունները մեկ ուրիշի հետ – դարձյալ լիքը պատճառաբանություն:

Երբ մարդը անհնազանդություն գործեց Եդեմի պարտեզում, դարձյալ տեսնում ենք պատճառաբանությունների ու արդարացումների շղթա, որը, սակայն, որևէ օգուտ չտվեց. Փաստն արդեն արձանագրված էր, ու այն շատ ավելի կարևոր էր, քան բերված պատճառաբանությունները:

Կենտրոնացումը բացասականի վրա: Մենք սկսում ենք նայել, թե ինչ չունենք, ինչն է մեզ պակասում, ինչն է մեզ համար անհնարին…

Հայտնի ճշմարտություն է՝ մենք տեսնում ենք այն, ինչ փնտրում ենք:

Մի այսպիսի փորձառություն կա: Ինչ-որ մեկին տանում են մի սենյակ և ասում՝ փորձիր նայել ու մտապահել կապույտ առարկաները: Մարդը նայում է, հետո դուրս գալիս ու նրան հարցնում են, թե սենյակում շագանակագույն ինչ առարկաներ կային: Մարդու պատասխանը՝ այնտեղ շագանակագույն առարկաներ չկային… ոչ, կային, պարզապես նրա կենտրոնացումը եղել էր կապույտ առարկաների վրա:

Այնտեղ, որտեղ ճանճերը տեսնում են աղբը, մեղուները գտնում են ծաղիկներ:

Եկեղեցում, Աստծո արքայության ճանապարհին, մեզ հանդիպող քույր-եղբայրների կյանքում մենք կարող ենք տեսնել և՛ աղբ, և՛ ծաղիկներ. Նայած՝ թե մենք ինչ ենք փնտրում:

«Այս եկեղեցում օրհնություն չկար» – Որովհետև դու հենց դա էլ փնտրում էիր, «այս եկեղեցում լիքը մեղավոր ու կեղծավոր մարդիկ կան» –  այո, որովհետև դու միայն նման մարդկանց ես փնտրում, «այս ծառայողի բնավորության մեջ այսպիսի գիծ կա» – միգուցե, որովհետև մնացած ամեն ինչ թողած կենտրոնացել ես միայն դրա վրա:

Իսրայելը կենտրոնացած էր չեղած բաների վրա, Մովսեսը՝ Աստծո:

Լուծումը՝ երեխաները «տուն-տունիկ» ինչպե՞ս են խաղում: Նրանք ստեղծում են կեղծ իրականություն, մտնում դրա մեջ, ու սկսում դերերով իրենց խաղը: Հետո մի քիչ անցնում է, հոգնում են… Որոշները նույն կերպով սկսում են հավատացյալ-հավատացյալ խաղալ: Ստեղծում են կեղծ իրականություն, մտնում դերի մեջ ու սկսում խաղալ: Նրանք շատ լավ գիտեն, թե որ պահին ինչ պիտի անեն, ու շատ լավ, ջերմեռանդ, նվիրված կերպով խաղում են մինչ այն պահը, երբ հանկարծ հոգնում են կամ ձանձրանում…

1. Ձգտիր կառուցել իրական փոխհարաբերություններ Աստծո հետ:

Ձևական ոչինչ մի արա, ոչ ծառայիր, ոչ ժպտա, ոչ շփվիր: Այդպիսով դու խաբում ես և քեզ, և դիմացինին:

Մի փորձիր նմանակել, այլ ձգտիր հոգով հանդիպել, ճանաչել Աստծուն: Սկևայի որդիները փորձեցին նմանակել, Անանիան ու Սափիրան փորձեցին նմանակել… Աստված ուզում է հոգով և ճշմարտությունով երկրպագողներ, ոչ թե ձևով ու արտաքինով:

 2. Որոշ դեպքերում մեզ պետք է պարզապես լինել համբերատար:

«Դժվարության հանդիպելիս պետք չէ հանձնվել ու փախչել: համբերությունն է հաղթության բանալին» Նիք Վույչիչ:

Շատերը չեն տեսնում իրենց արածի արժեքը, որովհետև մինչև վերջ չեն համբերում:

Թոմաս Էդիսոնը լամպի գյուտն արել է 10.000 փորձից հետո:

10.000 փորձ, և հաջողվեց միայն 10.001-երորդը: Իսկ մենք աղոթքի երրորդ օրը բողոքում ու տրտնջում ենք Աստծուց… համակերպվում ենք այն մտքի հետ, թե Աստված մոռացավ մեզ: Աստված չի մոռացել քեզ ու չի էլ պատրաստվում մոռանալ, այստեղ հարցը այլ է. Դու կսպասես Աստծուն?

Մատթ. 11.28 – « Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:

Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ-ը չի նշանակում հյուր գնալ, պատմել հոգսերը ու վերադանալ… դա նշանակում է ապրել նրա հետ:

Եթե կանգնած ես հանձնվելու ճանապարհին, մի պահ հարց տուր ինքդ քեզ՝ ո՞ւմ ես ուրախացնելու քո հանձնվելով, ո՞ւր ես հասնելու, կորո՞ւստ ես ունենալու, թե՞ ձեռքբերում…

40 դիտում