Կիրակնօրյա ծառայություն. Լինել հավատարիմ. Արտավազդ Թադևոսյան

Arto

Հայտնություն 17.14 – Սրանք պատերազմ կանեն Գառի հետ, և Գառը կհաղթի նրանց, որովհետև տերերի Տեր է, և թագավորների Թագավոր. և նրանք որ նրա հետ են, կոչված, ընտրված և հավատարիմ են։

Այսօր ուզում եմ խոսել մի խնդրի մասին, խնդիր, որ Աստծո ներկայությունը մեզ հետ է, որ մարդը տեսնի, զգա, վայելի Աստծո ներկայությունը: Աստծո այն տեսանելի ներկայությունը, որ կար Հին Ուխտում, այսօր չկա, սակայն այսօր էլ պետք է երևա Աստծո ներկայությունը յուրաքանչյուրիս մեջ և յուրաքանչյուրիս միջոցով: Աստծո ներկայությունը քիչ չի, սակայն ինչո՞ւ է եկեղեցին ավելի քիչ տեսնում, ավելի քիչ զգում, ավելի քիչ վայելում Աստծո ներկայությունը: Ես հասկացա, որ մենք ունենք հավատարմության խնդիր:

Սաղմոս 101.6 – Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա է, որ ինձ հետ բնակվեն:

Հավատարիմ մարդիկ՝ նրանք, որ Աստծո հետ են, նրանք կտեսնեն Աստծուն, կզգան ու կվայելեն Նրա ներկայությունը: Սուրբ Գիրքն ասում է, որ նրանք են Աստծո հետ, ում որ Աստված կանչել է, ընտրել, և ովքեր հավատարիմ են: Աստված Ինքը ուզում է լինել մարդու հետ, դա էր Աստծո ծրագիրը, սակայն անհավատարմությունն է, որ կարող է խոչընդոտել մեր ու Աստծո փոխհարաբերություններին:

Առակաց 28.20 – Հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ:

Եթե այսօր ունենք օրհնության խնդիր, եթե տեսնում ենք անհաջողություններ մեր կյանքում, կարող ենք հարց տալ մեզ՝ արդյոք մենք հավատարի՞մ ենք Աստծուն: Ինչի՞ մեջ պիտի հավատարիմ լինենք:

Հավատարիմ լինել մեր կոչմանը: Մենք պիտի հավատարիմ լինենք մեր ծառայության ու անելիքի մեջ, անենք մեր լավագույնը, չծուլանանք ու չտրտնջանք: Քիչ բանի մեջ հավատարիմ եղողը շատի մեջ էլ հավատարիմ կլինի: Ի՞նչ պարգև, շնորհ ունես, ի՞նչ է Աստված ուզում, որ անես, մենք պիտի լինենք հավատարիմ մեր կոչման ու ծառայության մեջ: Ինչի՞ մեջ որ կանչված ես, ջա՛նք դիր, թուլասիրտ մի՛ եղիր: Եսավի ամենավատ արարքը ոչ թե անդրանիկությունը վաճառելն էր, այլ այն անարգելն ու չգնահատելը: Նա անարգեց, դրա համար էլ պատրաստ էր վաճառել իր անդրանիկությունը:

Հավատարիմ լինել փորձությունների ժամանակ: Աշակերտները միշտ Հիսուսի հետ էին, թեև գիտեին, որ կարող են լինել փորձություններ ու խնդիրներ:  Հիսուսը չհանդիմանեց Պետրոսին, այլ հարցրեց՝ Սիրո՞ւմ ես ինձ: Նա ամեն ինչ կանի՝ ինձ ու քեզ օգնելու և բարձրացնելու համար, եթե միայն հավատարիմ լինելու որոշում ունենանք:

Առակաց 20.6 – Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարությունը, բայց հավատարիմ մարդին ո՞վ կգտնէ:

Հովսեփը երկար տարիներ անցնում էր տարբեր դժվարություններով, Դավիթը ուներ փորձություններ. երբ նա օծվեց թագավոր, հաջորդ օրը չգնաց պալատ, այլ ժամանակ կար սպասելու: Արդյոք ես ու դու հավատարիմ կկարողանա՞նք սպասել Տիրոջը մինչև վերջ: Աբրահամն ինչ-որ ժամանակ չկարողացավ սպասել ու ծնվեց Իսմայելը, և հետո նա ստիպված էր մեծ դժվարությամբ իրենից հեռացնել Իսմայելին: Պատկերացրեք՝ ի՞նչ կլիներ, եթե Հովսեփը հավատարիմ չգտնվեր, եթե Դավիթը չկարողանաս սպասել… Ես ու դու էլ կարքի ունենք համբերությամբ սպասել փորձության մեջ, անգամ երբ կգան գայթակղություններ ու դժվարություններ:

«Աստված իմ տառապանքների երկրում պտղաբեր դարձրեց ինձ»,- ասաց Հովսեփը: Աստված ուզում է քեզ էլ պտղաբեր դարձնել: Հավատարիմ մնա Աստծուն անգամ այն ժամանակ, երբ անցնում ես անապատով:

Հայտնություն 2.10 – Բնավ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. Ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցելու, որ փորձվիք, և նեղություն կունենաք տասն օր. հավատարիմ եղիր մինչև ի մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։ 

Տիրոջ պատվերը հստակ էր՝ հավատարիմ եղիր մինչև մահ: Տերը կանցկացնի քեզ կրակով՝ տեսնելու քո հավատարմությունը: Տեղին է հիշել Հոբի օրինակը, մարդ, որ հավատարիմ էր Աստծուն, բայց կրեց տառապանք ու ցավ:

Հավատարիմ լինել անհավատարմության մեջ: Շատերն ընկնում են տարբեր մեղքերի մեջ, դժվարությունների մեջ, պարտություն են կրում, անհավատարիմ են լինում… Ուզում եմ հորդորել, որ այս վիճակների մեջ էլ փորձես պահել հավատարմությունդ: Շատերը ընկնելիս ու սայթաքելիս թողնում են եկեղեցին, հեռանում են, իսկ Դավիթն ընկել էր երեսի վրա ու աղաղակում էր՝ «Տե՜ր, քո Սուրբ Հոգին մի վերցրու ինձանից»: Հավատարիմ եղիր Աստծուն անգամ քո անհավատարմության մեջ:

Հավատարիմ եղիր Աստծուն, որովհետև Աստված ուզում է, որ շարունակաբար լինի քեզ հետ, օրհնի ու առաջնորդի: Հավատարիմ եղիր Աստծուն քո ծառայության ու կոչումի մեջ, հավատարիմ եղիր Աստծուն քո դժվարությունների ու փորձությունների մեջ, հավատարիմ եղիր Աստծուն անգամ քո անհավատարմությունների մեջ…

39 դիտում