Կիրակնօրյա ծառայություն. Ժամանակը ծախու առնել. Էդուարդ Հարությունյան

Eduard

«Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. Ոչ թէ ինչպէս անխելքներ, Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են,»  (Եփեսացիս 5.15-16):

Օրերը չար են՝ ինչպես առաջին դարում, այնպես էլ՝ այսօր, ու մենք պետք է զգուշությամբ վարվենք Աստծո տված ժամանակի հետ: Ռուսերեն թարգմանությունն ասում է՝ խնայեք ժամանակը, անգլերեն մի թարգմանություն էլ՝ փրկագնեք ժամանակը: Կարծում եմ՝ Աստծո տված լավագույն բաներից մեկը ժամանակն է. մենք ամենքս ունենք ժամացույցներ, հետևում ենք ժամանակին, սակայն միշտ չի, որ վստահորեն հետ նայելով ասում ենք, թե մեր ժամանակը շատ լավ ենք օգտագործել:

Տերը տվել է մեզ օրական 86.400 վայրկյան, ու մենք հաշիվ ենք տալու նրան այդ ժամանակի համար: Մենք Տիրոջ տնտեսներն ենք, և այդ ժամանակը մեզ տրված է ժամանակավոր: Լավ տնտեսն այն անձնավորությունն է, ով փորձում է ոչ թե իր համար վաստակել ու աշխատել, այլ իր տիրոջ և նրա տնտեսության: Խնդիրն այն չէ, թե ինչպես ես դու ուզում օգտագործել քո ժամանակը, այլ այն, թե որքանով ենք մենք այդ ժամանակը օգտագործել Աստծո կամքի համեմատ:

«Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (Սաղմոս 90.12):

Հիսուսը ճիշտ էր օգտագործում իր ժամանակը: Սուրբ Գրքում ինձ հանդիպեց 9-10 տեղ, որտեղ խոսվում է Հիսուսի առանձնանալու և աղոթելու մասին: Նա աղոթում էր սովորաբար կամ առավոտ վաղ, կամ գիշերը՝ կարծես չխանգարելով որևէ մեկին: Նա ամբողջ օրը ծառայում էր, իսկ աղոթքն անում էր կարծես «իր հաշվին»:

«Եւ երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում» (Դանիել 6.10):

Նա աղոթում էր օրը երեք անգամ՝ ծնկի վրա: Այստեղ հարցը խնկի գալ-չգալը չի, այլ Աստծուն ժամանակ տալը: Նա պետական բարձր պաշտոնյա էր, և վստահ եմ՝ շատ զբաղված էր, նա պետք է վայրկյանի ճշտությամբ ներկայանար թագավորի մոտ ամեն կարիքի դեպքում, սակայն այս զբաղված մարդը միշտ ժամանակ ուներ Աստծո համար: Ինձ այդքան չի զարմացնում Դանիելի՝ երազներ մեկնելու տեսիլքը, որքան նրա՝ աղոթելու ցանկությունը: Պարգևը Աստված է տալիս՝ ինչպես ուզում է, իսկ աղոթելը մենք ենք որոշում, մենք ենք ուզում՝ աղոթենք, թե ոչ:

Մենք ուզում ենք ունենալ Աստծո մարդկանց պարգևներն ու տաղանդները, սակայն շատ քիչ ենք որոշում ապրել նրանց ապրած կյանքով: Երբեմն մենք ուզում ենք՝ Աստված շատ արագ խոսի, շատ արագ արձագանքի, բայց մենք պիտի կարողանանք լսել Աստծուն, մենք պիտի կարողանանք ժամանակ հատկացնել Նրան: Այն մարդիկ, ովքեր քիչ ժամանակ են տալիս Աստծուն, նրանք միշտ խնդիրներ ունեն Աստծո և մարդկանց հետ:

Արդյոք հնարավո՞ր է անընդհատ կարդալ Սուրբ Գիրքը, իհարկե, ոչ: Բայց ուզում եմ մի հատված հիշեցնել Սուրբ Գրքից.

«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում. Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում » (Սաղմոս 1.1-2):

Դու կարող ես մտորել, խորհել Սուրբ Գրքի շուրջ, մենք պիտի ժամանակ տանք Աստծուն, որ Նա նորոգի մեզ: Մենք կարիք ունենք զբաղվել բաներով, որոնք մեզ հոգևոր շինություն կբերեն, որոնք կհետաքրքրեն Աստծուն:

21 դիտում