Կիրակնօրյա ծառայություն. Հետևիր Հիսուսին. Գարիկ Շահնազարյան

Garik3

Հիսուսը հարցնում էր աշակերտներին, թե ո՞վ է ինքը: Պետրոսն ասաց՝ «Դու ես կենդանի Աստծո Որդին»: Իսկ երբ Հիսուսը խոսում էր մոտակա տառապանքի, խաչելության մասին, նույն Պետրոսն ասաց նրան՝ «Քավ լիցի Տեր…»: Հիսուսն էլ պատասխանեց նրան՝ «Դու Աստծո բաները չես խորհում»:

Մարկոս 8.34-36 – Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։ Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։ 

Սա ծանր, բայց անհրաժեշտ բան է մեզ համար: Այսօր մեզ համար քիչ թե շատ հասկանալի է սա, սակայն մի պահ պատկերացրեք՝ այն ժամանակ, առաջին դարում, երբ խաչը մահվան խորհրդանիշն էր, ինչպե՞ս կընդունեին սա աշակերտները: Հետաքրքիր է, որ այս ճշմարտությունը Հիսուսը չասաց աշակերտներին անմիջապես, այլ թույլ տվեց, որ տեսնեն Իր գործերը, Իր հրաշքները, և հետո միայն առաջարկեց ընտրել խաչի ճանապարհը:

Հիսուսն այսօր էլ ասում է՝ «Քո կյանքում ինչ էլ պատահի, ինչի միջով էլ անցնես, թող քո հավատքը չկորչի: Հետևիր ինձ. ես քեզ չեմ թողնի»: Չկա ուրիշ անուն, ուրիշ հնարավորություն, միայն Նա և Նրա անունն է:

Աստված հիմք ունի մեզանից հնազանդություն պահանջելու: Դա Աստծո քմահաճույքը չի, այլ մեր անհրաժեշտությունը՝ ցուցաբերել վստահություն և հնազանդություն Աստծուն:

Որպեսզի Նա մտցնի մեզ հավիտենություն, Նա ուզում է փոխել մեզ:

Հռ. 8.29 – Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահամանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։

Ահա Նրա նպատակը. որպեսզի մենք նմանվենք Իր Որդու կերպարանքին:

Մեր կյանքում շատ ինչու-ներ կարող են լինել, որոնց պատասխանները չենք գտնում, բայց ես մի բան գիտեմ. Աստված սիրող հայր է: Գիտե՞ք, մեր ինչու-ների մեջ երբեմն մեղադրանք կա: Բայց պետք է շարունակել վստահ լինել՝ Նա սիրող Հայր է: Դժվարության մեջ Նա տալիս է մեզ մխիթարություն, կարեկցանք և ուժ:

Երբ որ դու անցնում ես ցավով, թող Աստված օրհնի քեզ ու զորացնի: Հիսուսն ասաց՝ «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող վերցնի իր խաչը…»:

Բոլոր ինչու-ների պատասխանը մի օր մենք կստանանք, ու մեր արտասուքի արցունքները կսրբվեն: Հետևիր Հիսուսին…

 

49 դիտում