Կիրակնօրյա ծառայություն. Մտերմություն Աստծո հետ. Ղուկաս Թովմասյան

Ղուկաս

Հիսուս Քրիստոսն իր կյանքն է զոհել, որ մենք հաշտ ու մտերիմ լինենք Աստծո հետ: Մեզ պետք է ձգտել ավելի ու ավելի խորանալ Աստծո մեջ, Նրա հետ մտերմության մեջ:

Կողոսացիս 1.12-13 – «Եւ գոհութիւն տաք Հօրը որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը. Որ փրկեց մեզ խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ»:

Հիսուս Քրիստոսը միակ միջնորդը եղավ, որ մեզ համար իր կյանքը դնելով՝ մեզ մոտեցնի Աստծուն: Հակառակորդն ուզում է գողանալ մեր մտերմությունը, մեր պաշտամունքի ժամերը:

Ելից 8.28 – Եւ Փարաւօնն ասեց. Ես ձեզ թող կտամ որ գնաք անապատումը ձեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանէք, միայն թէ հեռու չգնաք. Ինձ համար աղօթեցէք։ 

Երբ որ Աստված Մովսեսին ուղարկեց Եգիպտոս՝ դուրս բերելու Իսրայելին, Փարավոնը պայման էր առաջարկում: Այսօր շատերն են փորձում իրենց հետ պահել եկեղեցուց, այսօր սա հակառակորդի մարտավարությունն է՝ «Գնա, բայց մի խորացի»: Հակառակորդն ամեն բան անում է, որ գողանա մեր պաշտամունքն ու այն լավագույնը, որ պիտի ուղղված լինի Տիրոջը:

Դու կարևոր ես Աստծո համար: Բազմության մեջ Հիսուսը նկատեց Զաքեոսին: Մեզնից յուրաքանչյուրը շատ կարևոր է Աստծո համար: Պատկերացրեք՝ որքան ուրախացավ Զաքեոսը, երբ Հիսուսն իր տուն գնաց, և ինչ փոփոխություն եղավ: Հիսուսն ասաց՝ «Այսօր այս տանը փրկություն եղավ»: Ես չեմ ասում, թե մենք մտերիմ չենք Աստծո հետ, բայց ուզում եմ, որ ավելի խորացնենք մեր կապը Աստծո հետ, ավելի մտերմանանք Նրա հետ: Իրական Աստվածապաշտությունը մտերմությունն է Աստծո հետ:

Ծննդոց 12.1-2 – 1 Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։ Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս։ 

Աստված Աբրահամին ասեց թողնի իր հայրական տունը, ու գնա այնտեղ, ուր ինքը կառաջնորդի: Երբեմն մեր հայրական-պապական ավանդություններն ու սովորություններն են մեզ խանգարում մտերմանալ Աստծո հետ, մենք անում ենք միայն այն, ինչ մեզ սովորացրել են, ու մենք պաշտում ենք Աստծուն կաղապարային ինչ-որ սահմանափակումներով:

Ինչպե՞ս մտերմանալ Աստծո հետ՝ Նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնելով: Այդ մտերմությունը մեր մեջ կբերի վստահություն՝ ուղղված Աստծուն: Մեր սիրո չափանիշը հնազանդությունն է՝ հնազանդվելը Նրա Խոսքին ու կատարել Նրա կամքը:

Երեմիա 17.7-8 – Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կլինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։

 

34 դիտում